Լրահոս
Օրվա լրահոսը

«3 տարի հետո ուղղակի կստանանք փող, Օնիկ Գասպարյանի իրավունքը կխախտվի». Արամ Օրբելյանը՝ դատավորին

Ապրիլ 02,2021 15:30

Այսօր Վարչական դատարանում դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նիստը։

Դատավորը որոշեց նիստն անցկացնել դռնբաց: Այսօր քննարկվեց վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Տաթեւիկ Սարուխանյանն ասաց, որ գործ ունենք սահմանադրական կառուցակարգի հետ, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում համապատասխան ելք, լուծում առաջադրելն է. «Գործ ունենք իրավունքի ուժով ուժի մեջ մտած ակտի հետ»:

Նա ասաց, որ կոնկրետ այս գործով հայցվորն ունի հատուկ կապ պետության հետ, իրավահարաբերություն ու իրենց համար կանխատեսելի են սահմանադրությամբ սահմանված նորմի հետեւանքները, այն է՝ իրավունքի ուժով ակտի անշրջելիությունը: Ըստ նրա, տվյալ դեպքում ակտն անշրջելի է, ուստի դատական ակտի կատարման անհնարինություն կա. «Հայցի հետ կապված խախտվել են Վարչական դատարանի մատնանշած անձնական եւ հանրային շահի հավասարակշռությունը, տվյալ դեպքում՝ հանրային շահը ստորադասվել է անձնական շահին»: Այսինքն, նրա խոսքով՝ անձի սուբյեկտիվ շահի, սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությամբ են զբաղված՝ անտեսելով հանրային շահը:

Պաշտպանը նաեւ ասաց. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետը, այնուհետեւ առկա է հայցի ապահովման միջոց, որով արձանագրված է իրավահարաբերության բացակայությունը: Այնուհետեւ իրավունքի ուժով նշանակվում է նոր ԳՇ պետ եւ ըստ էության, այս ընթացքում, երբ որ դատարանը ճանաչում է իրավահարաբերության բացակայությունը, այսպես ասած՝ անորոշ իրավիճակ է, չգիտեն ինչը հիմք ընդունեն ու ինչ ակտով առաջնորդվեն»: Նա մատնանշեց ռազմական դրությունը, ասաց, որ այդ անորոշությունը կարող էր բացասաբար անդրադառնալ անվտանգության վրա:

Օնիկ Գասպարյանի շահերն այսօր դատարանում պաշտպանում էր փաստաբան Արամ Օրբելյանը: Նա հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ փաստարկը հետեւյալն է՝ կա դատարանի ակտ, դատարանի ակտը մեկ է՝ մենք չենք կատարելու, որովհետեւ ինքը կատարում չի ենթադրում, բայց մենք անհարմար վիճակում ենք, որովհետեւ հնարավոր է՝ հետագայում մեր համար հետեւանքներ առաջանան, հետեւաբար փոխանակ մենք առաջնորդվենք դատարանի որոշմամբ, խնդրում ենք դատարանին փոխել իր որոշումը»: Տաթեւիկ Սարուխանյանը պատասխանեց, որ եթե սուբյեկտիվ մեկնաբանման տարրերը հանեն, օբյեկտիվ առումով՝ այո, այդպես է:

Օրբելյանը Սարուխանյանի միջնորդությանն առարկություններ ներկայացրեց՝ ասելով, որ Վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել կառուցակարգ նման բողոք ներկայացնելու, նույն դատարանի ակտը չի կարող բողոքարկվել նույն դատարանում: Իսկ հիմա, ըստ էության, ներկայացվում է բողոք դատարանի երկու որոշումների դեմ, որոնք վերջնական ակտ են: Բացի այդ, նա ասաց, որ իրավունքի ուժով ակտը որեւէ ձեւով չի տարբերվում ստորագրմամբ իրավահարաբերությունից. «Ըստ պատասխանողի, ստացվում է, որ եթե նախագահը ստորագրել է այդ ակտը, կարող էինք գալ, բողոքարկել, բայց քանի որ չի ստորագրել, մենք այդ իրավունքից զրկված ենք»:

Դատավորը Օրբելյանին հարցրեց՝ եթե դատարանը որոշի հայցի ապահովումը վերացնել, ինչպե՞ս կանդրադառնա՝ Օրբելյանը պատասխանեց. «Մեր վստահորդի անունից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, քանի որ առկա է դատական ակտ, որը չի կատարվել: ԳՇ պետի առկայության պայմաններում երկրորդին են նշանակում՝ այս գործողությունները նույնպես պետք է գնահատականի արժանանա: Հայցի ապահովման միջոց կիրառելու դատարանի որոշման չկատարումը բերում է նրան, որ ամեն օր դժվարանում է մարդու՝ խախտված իրավունքների վերականգնումը»: Նա ասաց, որ եթե այսպես շարունակվի, դատական քաշքշուկը, Վերաքննիչ դատարանում գործի քննությունը տարիներ կտեւի ու անձի իրավունքը կխախտվի, վերջնարդյունքում միայն կստանան փող՝ դրամական փոխհատուցում:

Դատարանը քննությունը ավարտեց, որոշումը կուղարկի կողմերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930