«Այսօր՝ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1921-ին, Երևանը վերջնականապես օկուպացվեց»,-Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ապրիլի 9-ի հանրահավաքին ընդառաջ Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Ըստ նրա՝ այս ամենից պետք է դասեր քաղել, և այժմ՝ ճակատագրական պահին ճիշտ որոշումներ կայացնենք: Ըստ նրա՝ հիմա հարյուր տարի առաջվա իրավիճակը չէ. երկու պետություն չէ, որ որոշում են մեր վիճակը:
Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի մասին՝ Գարեգին Չուգասզյանն ասաց. «Խավարամիտ ռեժիմներ ունեցող այդ երկու պետությունների նկատմամբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հզորների կողմից կրկնակի զսպման քաղաքականություն է վարվում»:
Նա մտահոգություն հայտնեց՝ նախկին և ներկա իշխանություններն անընդհատ հարցը փորձում են ներկայացնել որպես չարիքի փոքրագույնն ընտրել: Այս առիթով նա ասաց. «Սա ամենածանր հարվածն է հենց մեջքից, որ մեր ժողովուրդը հիմա ստանում է, երբ ժողովրդի ինքնավստահությունը կոտրում են: Արդեն իսկ պատերազմը մեծ արհավիրք գործեց. հիմա ներսից են փորձում դա շարունակել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին՝ Գարեգին Չուգասզյանն ասաց. «Նա նորից պնդում է, որ Արևմուտքն այստեղ շահեր չունի, և մենք պետք է կարողանանք հասկանալ, որ բոլոր բանալիները Ռուսաստանի ձեռքում են: Սա ինձ հիշեցնում է «Չարի վերջը» հեքիաթը, որտեղ նորից աղվեսը գալիս ու ասում է՝ այս ծառն իմն է, այս սարն իմն է, և հիմար կկուն անընդհատ լսում է աղվեսի բարբաջանքները: Այսօր պիտի հասկանանք՝ աշխարհում տարբեր ուժեր կան: ՆԱՏՕ-ով թող չվախեցնեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր լինելով՝ մտել է արդեն տարածաշրջան. Ռուսաստանը նահանջել է, արդեն թույլ է տվել ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիային տարածաշրջան: ՆԱՏՕ-ի ներսում մեծ հակասություններ կան, և դրանցից պետք է հայ ժողովուրդն օգտվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ