Այսօր Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության առաջ կրկին բողոքի ցույց էին անում: Նրանց խոսքով, այսօր լրանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ժամկետն իրենց որդիների ծառայության վերաբերյալ: Ծնողները պահանջում են վաղաժամկետ դադարեցնել ծառայությունը եւ նրանց խոսքով «դաժան պատերազմի» միջով անցած զինվորներին ազատել այդ պարտավորությունից: Ծնողների խոսքով, որդիներին անգամ հասանելիք արձակուրդը չեն տրամադրում:
«Անընդհատ մի բան պատճառ են բերում, որ արձակուրդ չուղարկեն, առաջին անգամ ութ ամսվա մեջ տղայիս նկարով եմ տեսել, հասարակ անալգինից բռնած՝ այստեղից ուղարկում ենք, ձեռքները վերքոտ, ճաքած, բացարձակ անտարբերություն է, մի շնորհակալություն անգամ չեն հայտնել պատերազմից հետո: Այնպիսի մարդիկ են երախտագիտության արժանանում, որ մարտի դաշտում էլ չեն եղել»,-դժգոհում էր ծնողներից մեկը:
Մեկ այլ ծնող էլ ասաց՝ մեր երեխաները հիվանդ են, առողջական ու հոգեկան խնդիրներ ունեն. «Դաժան պատերազմի միջով անցած երեխաները պիտի ազատվեն՝ տուն գան, նրանք այլեւս ծառայության ենթակա չեն»:
Կարդացեք նաև
«Որդիս 1 տարի 3 ամիս է ծառայում է, բայց մինչ օրս արձակուրդ չի եկել»,-ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը: Նա, մատնացույց անելով կառավարության շենքն ասաց՝ այստեղ ստախոսներ են նստած, ամեն անգամ մի բան խաբում՝ ճանապարհում են, ով էլ ճիշտն ասում է, ասում են՝ հեղաշրջում են ուզում անել:
Ծնողների դժգոհություններին արձագանքեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա բարձրախոսով դիմեց ծնողներին. «Ժողովո՛ւրդ ջան, այն, ինչի մասին պետք է խոսենք, այստեղ քննարկելու թեմա չէ: Վարչապետի հետ մի քանի անգամ խոսել ենք այս մասին, որին ներկա են եղել ձեր կողմից ընտրված ներկայացուցիչներ: Եվ վարչապետը ներկայացրել է իրականացվելիք անելիքները: Երբ դրանց մասին տեղեկացել են մյուս ծնողները, նրանց մոտ անհամաձայնություն է եղել եւ վարչապետի կողմից որոշում է կայացվել ընտրանքային եղանակով ծնողներից կազմված խումբ կազմել եւ կրկին հանդիպել: Վարչապետը մեկնելու է Մոսկվա եւ վերադառնալուց հետո հանդիպում կկազմակերպենք մեծ դահլիճում եւ ձեր բոլոր հարցերին վարչապետը կպատասխանի»:
Նաիրի Սարգսյանն ասաց, որ վարչապետը կառավարության շենքում չէ եւ մեկուսացել է Մոսկվա մեկնելուց առաջ:
Ծնողների խոսքով, վարչապետն այսօր իրենց պետք է վերջնական պատասխան տար, բայց այսօր էլ չստացան այդ պատասխանը: Նրանց չգոհացրեցին վարչապետի օգնականի պարզաբանումները:
Դիմելով վարչապետին, ծնողներից մեկը բարձրախոսով ասաց՝ ձեր օգնական Նաիրի Սարգսյանը մտածում է՝ մենք եկել ենք սոցիալական օգնություն մուրալու. «Ո՛չ պարոն վարչապետ, մենք եկել ենք մուրալու մեր երեխաների կյանքը, որը հրաշքով փրկվել է: Ձեզ ունենք առաջարկ. Քանի որ դուք երեք տարի եղաք օնլայն վարչապետ, հենց հիմա արեք հայտարարություն կամ՝ հա կամ՝ չէ, մնացածը մենք կորոշենք»:
Ապա կինը դիմելով հավաքված ծնողներին, ասաց, որ իրենց հաջորդ քայլը նամակով դիմելն է Ռուսաստանի դաշնությանը. «Քանի որ վարչապետը գնում է ՌԴ նախագահի մոտ, միգուցե ՌԴ նախագահը կարողանա այդ հարցը լուծել»: Ծնողները երթով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղ նրանց լսեց դեսպանատան ներկայացուցիչը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ