«Այսօր առավոտյան մեր հատուկ ջոկատայիններից, ապրիլյանի կենդանի հերոս Ռազմիկի գրառումը կարդացի և ուզում եմ ասել, որ համաձայն եմ նրա հետ. Ադամը և իր զինակից ընկերները, սպաները կտրեցին թշնամու լեզուն և թաթը: Աշխարհաքաղաքական մեծ աղետ կանխեցին»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը:
Նա ասաց նաև, որ իր համար դեռ ապրիլյան պատերազմի ժամանակ էր ակնհայտ, որ տղաներն աշխարհաքաղաքական աղետ են կանխել: Այն ժամանակ, երբ ինքը բարձրաձայն խոսել է այդ մասին, լրագրողներն էլ են զարմացել, իսկ այժմ բոլորի համար դա ակնհայտ է: Ադամի մայրն այսօր էլ կարծում է, որ 2016թ.-ին տղաները հաղթանակած էին:
«Կուզեմ նաև նշել, որ 90-ականներին Արցախյան ազատամարտի ժամանակ մեր հայրերն ու եղբայրներն ազատագրեցին մեր տարածքները, իսկ մեր տղաներն ապրիլյանում պահեցին և չթողեցին, որ թշնամին մտնի մեր հայրենիքի խորքերը, իսկ հետո չեմ շարունակում, բազմակետ եմ դնում»,- ասաց Ադամ Սահակյանի մայրը՝ չցանկանալով խոսել ապրիլյան քննիչ հանձնաժողովի և նրա զեկույցի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ