Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլի կլիմայական բնութագիրը և եղանակի կանխատեսումը

Ապրիլ 02,2021 14:16

Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն  արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում  կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6°C:

Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում  է բացասական ջերմաստիճան):

Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0°C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10°C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0°C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8°C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12°C:

Երկրորդ տասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0°C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում  դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև  -15…-20°C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6°C:
Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17…+20°C, Լոռիում` +20…+24°C, Տավուշում` +20…+25°C, Գեղարքունիքում` +13…+17°C, Արարատյան դաշտում` +25…26°C, Սյունիքում` +23…+29°C:

Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին  Սյունիքի հովիտներում հասել է +35…+36°C Արարատյան դաշտում` +33…+35°C, Տավուշում` +29…+30°C (Բագրատաշեն  32…34°C):

Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16…-21°C (Մասրիկում`-23°C), Լոռիում` -11…-16°C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5…-10°C, Սյունիքի հովիտներում` -2…-4°C):

Ապրիլին տեղումների  միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է  լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)` 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում`  60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ.(ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը): Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ:

Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է  ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:

Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:

Եղանակի կանխատեսում 2021թ. ապրիլ ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+26°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10°C, առավելագույնը՝ +33…+35°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 28-51մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-8°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17…-20°C, առավելագույնը՝ +22…+25°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 61-86մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-6°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+23°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16°C, առավելագույնը՝ +27…+30°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 63-71մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+11°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+5°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+27°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6…-10°C, առավելագույնը՝ +32…+35°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 64-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+13°C, լեռնային շրջաններում` +3…+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2…+5°C, լեռնային շրջաններում՝ -3…-6°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +24…+26°C, լեռնային շրջաններում՝ +17…+20°C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7…-10°C, լեռնային շրջաններում՝ -15…-18°C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33…+35°C, լեռնային շրջաններում՝ +22…+25°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման նախալեռնային շրջաններում`  52-53մմ, լեռնային շրջաններում՝ 100-102մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+15°C, նախալեռնային շրջաններում` +6…+8°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3…+8°C, նախալեռնային շրջաններում՝ 0…-4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+30°C, նախալեռնային շրջաններում՝ +20…+24°C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3…-6°C, նախալեռնային շրջաններում՝ -10…-14°C, առավելագույնը հովտային շրջաններում +34…+36°C, նախալեռնային շրջաններում՝ +25…+30°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման հովտային շրջաններում` 42-80մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13°C, որը մոտ է  բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+26°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10°C, առավելագույնը՝ +34…+35°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 37-51մմ):

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930