Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը դարձրել եք ծիծաղի սուբյեկտի տեղ»․ Քոչարյանի պաշտպաններն ու դատախազները սանկցիայի ենթարկվեցին

Ապրիլ 02,2021 14:07

2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ի դրությամբ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, 2008թ․-ի դրությամբ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր ենթադրվում էր, որ դատարանը քննության կառնի մեղադրյալների հանդեպ 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, քանի որ ՍԴ-ն օրերս հակասահմանադրական է ճանաչել այդ հոդվածը։

Հարցը նախորդ նիստում չքննարկվեց, քանի որ մեղադրող-դատախազները չէին ներկայացել՝ միջնորդություն նախապատրաստելու պատճառաբանությամբ։

Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը սկսեց նախորդ նիստերից մեկում Ռոբերտ Քոչարյանի երեք պաշտպանների՝ Հայկ Ալումյանի, Արամ Վարդեւանյանի, Հովհաննես Խուդոյանի եւ մեղադրող-դատախազներ Գեւորգ Բաղդասարյանի եւ Պետրոս Պետրոսյանի՝ դատական նիստը բոյկոտելու եւ դատական նիստին չներկայանալու գործողություններով պայմանավորված՝ նրանց վարքագիծը քննարկելու հարցով։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը, քանի որ դատարանն առանց իրենց միջնորդությունները քննելու՝ անցել էր դատաքննության փուլին։ Իսկ մարտի 30-ի նիստը չկայացավ՝ դատախազների չներկայանալու պատճառով․ նրանք միջնորդություն էին նախապատրաստում։

Հիշեցնենք նաեւ՝ ՍԴ-ն մարտին հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը նիստը բոյկոտելու իր որոշումն այսպես բացատրեց․ «Դատարանը պարզապես անհասկանալի ձեւով կամ կանխամտածված կերպով փորձել է ամեն ինչ անել՝ դատաքննության փուլ մտնելու համար, ես էլ անհամաձայնություն եմ փորձել հայտնել, սակայն դատարանը չի թույլատրել։ Եթե փաստաբանը փորձում է պաշտպանություն իրականացնել, իսկ դատարանն անտեսում է, փաստաբանը պետք է դիմի օրենքով չարգելված գործողությունների։ Նպատակ չունենալով խաթարել նիստի ընթացքը՝ ես այլ միջոց չունեի։ Եթե դատարանը թույլ տար ներկայացնել իմ առարկությունները, ես նման միջոցի չէր դիմի։ Այլ ելք չէր մնում։ Ես նաեւ մտածեցի, որ ձեր հանդեպ ճնշում կա»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ իր վարքագիծը նախ այսպես բացատրեց․ «Երբ առաջարկում եք բացատրություն ներկայացնել ենթադրյալ դատավարական խախտման համար, լավ կլիներ, եթե դատարանն ինքը բացառեր իր կողմից դատավարական կարգի խախտումները։ Նիստը բացելիս դուք անգամ չեք հայտարարում, թե որ գործն է քննվում։ Բացատրեմ ինչու։ Դուք պարտավոր եք ասել, թե որ քրեական գործն եք քննում։ Չեք անում, որովհետեւ դուք չեք կարող հայտարարել, որ այստեղ որեւէ մեկը մեղադրվում է 300.1 հոդվածով, որովհետեւ ձեր վրա կծիծաղեն, դուք դատարանը դարձրել եք ծիծաղելի սուբյեկտի տեղ»։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան արգելեց Ալումյանին շարունակել խոսել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ իր հերթին դատավորին ասաց․ «Որպես վերջին գործիք՝ ես կիրառել եմ այդ քայլը։ Տպավորություն է, որ ձեր վրա ահագնացել էր ճնշումը՝ օրենքին չհամապատասխանող գործողություն անելու»։

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նախ շեշտեց, որ նախորդ նիստին չեն ներկայացել՝ միջնորդություն կազմելու պատճառով․ «Սա չի կարող մեկնաբանվել, թե անձը պարտադիր պետք է ներկայանա եւ պատճառաբանի։ Չներկայացած մասնակիցը նախապես դատարանին պատշաճ տեղեկացրել է չներկայանալու պատճառի մասին»։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ զարմացավ, որ իրենց չներկայանալը վարքագծի քննության առարկա է դառնում․ «Մենք գտնում ենք, որ ՍԴ որոշման կիրառման առիթով դատարանին պետք է միջնորդություն ներկայացնեինք, որը հնարավոր չէր կազմել կարճ ժամանակում։ Այդ պատճառով էլ խնդրեցինք նիստը հետաձգել մինչեւ հաջորդ երեքշաբթի, բայց դատարանը որոշել է այսօր, մենք էլ պատրաստ ենք»։

Հայկ Ալումյանը հակադարձեց՝ դիմելով դատավորին․ «Դատախազները չներկայացան ապօրինի կերպով։ Դա արեցին, որպեսզի ձեզ թույլ չտան քննարկել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»։

Դատարանն արձանագրեց, որ մասնակիցները պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին․ «Պաշտպանների անհամաձայնությունը դատարանի գործողությունների հետ կապված չի կարող արդարացնել իրենց պարտականությունները չկատարելը։ Իսկ մեղադրողների դեպքում դատարանն արձանագրում է, որ մասնակիցը պարտավոր է ներկայանալ եւ միջնորդություն ներկայացնելու կարիքը չի ազատում այդ պարտականության կատարումից»։

Ապա դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ոչ իրավաչափ է գնահատում նշյալ անձանց վարքագիծը, եւ որոշում է երեք պաշտպանների ու երկու դատախազների հանդեպ դատական սանկցիա կիրառել՝ նկատողության տեսքով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930