Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները վերանայելու հարցին

Ապրիլ 02,2021 11:35

«Ողբում եւ հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով մարտական խնդիրը, զոհվեցին եւ ապրիլյան քառօրյայի, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք` այս 44 օրը այլ ելք կունենար, այլ ժամկետներում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Արտակ Դավթյանը:

Լրագրողներից մեկի հարցին`44-օրյայի այս ելքը արդյոք ողբերգակա՞ն չէ, դրանից ավելի վատ ի՞նչ ելք պետք է ունենայինք, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»:

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին, ասել էր, որ այնտեղ հետաքրքիր բացահայտումներ կան Արտակ Դավթյանի առնչությամբ: Լրագրողները հետաքրքրվեցին`Դուք թերացե՞լ եք եւ պե՞տք է պատասխանատվության ենթարկվեք դրա համար, քառօրյայի ժամանակ ի՞նչ թերություններ է ինքը թույլ տվել: «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չունեմ տեղեկություն, չեմ մեկնաբանում»,- պատասխանեց Արտակ Դավթյանը: Լրագրողները շարունակեցին`Ձեզ ի՞նչ հարցեր են տվել, երբ հրավիրվել էիք հանձնաժողով: «Այդ հարցը կարող եք ուղղել հանձնաժողովի անդամներին, ովքեր տվել են հարցեր: Ես տեղյակ չեմ ինչում են ինձ մեղադրում»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԳՇ հայտարարությունից հետո ԳՇ-ում ստեղծված իրավիճակից: Հարցին` երեք ԳՇ պետ կա, թե՞ իրավունքի ուժով Դուք եք պաշտոնավարում, ի՞նչ կասեք դատարանի որոշման մասին, Արտակ Դավթյանը պատասխանեց. «ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է. ԳՇ-ն բնականոն կերպով աշխատում է: Դատարանի որոշումը և մեկնաբանությունն իրավաբանների գործն է»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`ինչպե՞ս է աշխատում այն զինվորականների հետ, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, խնդիրներ կա՞ն: Պատասխանը եղավ. «Որևէ խնդիր չկա, շատ լավ աշխատում եմ նրանց հետ, կոլեկտիվն աշխատում է»:

Քաղաքակա՞ն էր ԳՇ փետրվարի 25-ի հայտարարությունը, Արտակ Դավթյանը չմեկնաբանեց:

Խոսելով սահմանների հետ կապված ռազմաքաղաքական իրավիճակի մասին էլ`ասաց. «Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վիճակը բավականին լարված է, բայց մեր սահմանային վիճակը հարաբերականորեն կայուն է, սահմանային միջադեպեր գրեթե չեն գրանցվում, սակայն ընդհանուր լարվածություն ազդեցություն է ունենում եւ սահմանային ծառայության, եւ մեր առօրյա կյանքի վրա»:

Լրագրողները հետաքրքրվեցին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններով, որ մենք պետք է վերանայենք մեր կեցվածքը տարածաշրջանի պետությունների նկատմամբ, որովհետեւ որքան մենք ենք նրանց թշնամի համարում, այնքան էլ նրանք մեզ: Հարցին`ի՞նչ ասել է վերանայել կեցվածք Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, որտեղից ամեն օր մեզ ոչնչացնելու, Երեւանն ու Զանգեզուրը գրավելու կոչեր են հնչում, ինչպե՞ս վերանայենք մեր կեցվածքը, որ այն այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության սրտով լինի, Արտակ Դավթյանը կարճ պատասխանեց. «Վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում»:

Իսկ հարցի`ի վերջո Իսկանդերը կիրառվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանը եղավ. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930