Հարցազրույց Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ
– Հետեւո՞ւմ եք Հայաստանում առաջիկա ընտրությունների թեմային, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի դիրքորոշումը։ Մի կողմից, մերձկրեմլյան քաղաքական-հասարակական-լրագրողական շրջանակներն առավոտից իրիկուն քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու իր վարած քաղաքականությունը, մյուս կողմից, գնալով ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ՌԴ-ին ձեռնտու է։
– Մենք, իհարկե, գիտենք պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, որ սա Հայաստանի ներքին գործն է, այսինքն՝ չեզոք դիրքորոշում։ Հասկանալի է, որ կա 1-ին դեմք, որից ամեն ինչ բխում է, բայց քանի որ Կրեմլը մի քանի աշտարակներ ունի, հռետորաբանության մեջ նյուանսները կարող են տարբեր լինել։ Բայց Հայաստանի իրավիճակը լուսաբանող ՌԴ քաղաքական վերլուծաբանների հետ իմ շփումներից մի եզրահանգում կարող եմ անել․ ինձ թվում է, որ այսօր Ռուսաստանին ինչ-որ մի ժամկետով, ես չգիտեմ, թե դա որքան կձգվի, ձեռնտու է Փաշինյանի գլխավորությամբ հայկական իշխանությունը։ Այսինքն՝ նա 100 տոկոսով կկատարի այն ամենը, ինչը ստորագրել է, եւ նրանից հետագայում ոչ մի անակնկալ չեն սպասում, այդ թվում՝ իր ստորագրած պայմանավորվածությունների չկատարման առումով։ Չէ՞ որ դրանք ոչ մի մարմնի, այդ 3 երկրների խորհրդարանների կողմից հաստատված չեն, անձնական ստորագրություններ են։ Ուստի, կա նաեւ դրանք չկատարելու վտանգ։ Օրինակ՝ գալիս է նոր ղեկավարություն, որն ասում է՝ իսկ մենք չգիտենք, թե ով ինչ է ստորագրել։ Այդ իսկ պատճառով, որքանով ես եմ հասկանում, իրենց ձեռնտու է Փաշինյանի՝ որպես ՀՀ վարչապետի ներկայությունը։ Թե դա որքան կշարունակվի, շատ բարդ է հաշվարկելը։
– Ադրբեջանի հռետորաբանությունը վերջին շրջանում փոխվել է։ Նախ հաստատեցին Փաշինյանի՝ իսկանդերների մասին ասածը, հայտնելով, որ Շուշիի մասում գտնվել են բեկորներ, այսինքն՝ հերքեցին ՌԴ-ին, ապա խոսում են այն մասին, որ 5 տարի անց ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից։ Թուրքիայի արտգործնախարարն էլ հայտարարում է Ղրիմի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին։ Ո՞րը կլինի ՌԴ-ի արձագանքը։
Կարդացեք նաև
– Ես ռուսաստանցի քաղաքագետ չեմ, եւ ինձ մի քիչ դժվար է դատել, թե որն է ռուսաստանցիների արձագանքն ադրբեջանցիների այդ հայտարարություններին։ Ես կարծում եմ, որ խաղաղապահները կմնան երկար։ Որպես կանոն, ռուսական զինվորական կոնտինգենտն ինչ-որ տեղ մտնելուց հետո երկար է մնում։ Մյուս կողմից, ես տեսնում եմ, որ Արցախի խորհրդարանն ընդունել է օրենք, որով ռուսաց լեզուն դարձել է երկրորդ պաշտոնական լեզու։ Եվ ես կարծում եմ, որ Արցախը չի կարող ապրիորի լինել Ադրբեջանի տիրապետության տակ։ Միայն Արցախի ամբողջ բնակչությունը ոչնչացնելու դեպքում Ադրբեջանը կարող է վերցնել այդ տարածքը։ Այն ավելի շուտ կլինի ռուսական ու անգամ՝ հայկական, բայց ոչ ադրբեջանական։ Եվ ես կարծում եմ, որ այս իրողություններից ելնելով՝ ադրբեջանական ղեկավարության մի շարք հայտարարություններ ուղղված են ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանին։ Ինչո՞ւ, որովհետեւ, մի կողմից, Ադրբեջանի բնակչությունը տոնում է իր հաղթանակը, ու կա էյֆորիա, բայց, մյուս կողմից, նրանք չէ՞ որ հասկանում են, որ Արցախը կա, այն գոյություն ունի, այն գործառույթներ է իրականացնում, օրենքներ ընդունում։ Ավելին՝ աշխարհում մարդիկ ավելի ու ավելի հաճախ են սկսում մտածել այն մասին, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանական, եւ իրենց բնակչությունը երեւի թե սա քննարկում է։ Ուստի ադրբեջանական ղեկավարությունը սկսել է ապագա ինչ-որ բաների մասին խոսել, որ՝ ոչինչ, ստորագրել ենք, բայց հետո ռուս խաղաղապահներին կհեռացնենք ու Արցախի հարցերը կլուծենք։ Ու եթե վերադառնանք ընտրությունների մասին Ձեր նախորդ հարցին, ապա ինձ թվում է, որ իրեն լավ կդրսեւորի այն կուսակցությունը, որ հանդես կգա ոչ թե ինչ-որ կարգախոսներով ու բացահայտումներով, այլ կոնկրետ ծրագրով, թե ինչ պետք է անել, որ եթե ծայրահեղ դեպքում ռուսները 4-5 տարի հետո այնտեղից իրոք հեռանան, Հայաստանն ու Արցախն այդ պահին պատրաստ լինեն։ Պետք է լինի հունիսի 20-ի ընտրություններից հետո իշխող կոալիցիայի ծրագիր։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: