Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. Համաշխարհային բանկի կանխատեսումը ռեալ չէ, կրկնակի բարձր թվեր են ֆիքսված. «Ժամանակ»

Ապրիլ 02,2021 10:56

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների գարնանային զեկույցը: Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման՝ Հայաստանում 2020-ին 7,6% տնտեսական անկումից հետո 2021-ին այն կվերականգնվի մինչև 3,4%: «Սակայն աճի այս միտումը փոխկապակցված է երկրում COVID-19 հետագա մեղմացման և հետպատերազմյան իրողությունների հանգուցալուծման հետ»,- ասվում է զեկույցում։ Համաշխարհային բանկը ներկայացրել է նաև 2022-2023 թթ. Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները, համապատասխանաբար՝ 4,3% և 5,3%։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2021-ի համար տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը նվազեցրել էր։ Եթե նախկինում ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 2%-ի տնտեսական աճ, ապա մարտի 16-ի դրությամբ այդ թիվը նվազեցվեց 1,4%-ի։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Համաշխարհային բանկի այս կանխատեսումը համարում է ոչ իրատեսական։ «Համաշխարհային բանկի փորձագետները անհույս լավատեսությամբ են տառապում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Իրատեսականը, ըստ տնտեսագետի, տնտեսական աճի 1.5-2 տոկոսն է։ Եվ այս իմաստով իրատեսականը թերևս ՀՀ  Կենտրոնական բանկի կանխատեսումն է։

Ատոմ Մարգարյանը կարևոր է համարում նաև այն, թե ինչպիսին են լինելու առաջիկայում արտաքին միջավայրը և ռազմաքաղաքական իրավիճակը։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված համաձայնագրի կատարման կոնտեքստում, ուղղակի նման լավատեսական եզրակացություններ ու կանխատեսումներ անելու  որևէ հիմք չի տալիս, քանի որ մյուս կողմը զանգվածաբար խախտում է ստանձնած  պարտավորությունները:

«Բացի դրանից, լոգիստիկ  խնդիրները շարունակում են մնալ, շարունակում են ավելանալ ճնշումները Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների տեսքով, և ակնկալել, որ մեր հիմնական գործընկեր երկրի կողմից Հայաստան լուրջ ներդրումներ կգան և նաև մասնավոր դրամական փոխանցումները կավելանան՝  ուղղակի իրատեսական չէ։ Հետևաբար ամբողջությամբ վերցրած Համաշխարհային բանկի կանխատեսումը ռեալ չէ, կրկնակի բարձր թվեր են ֆիքսված, քան կարող է լինել»,- եզրափակեց Մարգարյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930