Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Քթոյան. «Եկամուտների առումով չունենք այն անկումը, ինչ տնտեսական ակտիվության պարագայում է». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 02,2021 09:30

Տնտեսագետ Արմեն Քթոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ելնելով տնտեսական այն իրողություններից, որոնք կան այս պահին Հայաստանում՝ բյուջեի եկամուտների ցուցանիշները բավականին լավն են. «Առավել եւս այն կանխատեսումների ֆոնին, որ մեր որոշ գործընկերներ պարբերաբար հնչեցնում են՝ տնտեսական կոլապսի, Կառավարության դեֆոլտի եւ այլ նմանօրինակ սցենարների մասին գուժելով»:

Քթոյանի կարծիքով՝ եկամուտների այս մակարդակը հնարավորություն է տալիս վստահաբար ասելու, որ Կառավարությունն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները: Ըստ նրա՝ Կառավարությունը հարկերի առումով տնտեսությունից այսօր վերցնում է այն առավելագույնը, ինչը կարող է հավաքագրվել հետպատերազմյան եւ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական անկման ֆոնին բյուջեի եկամուտները նախանշված ցուցանիշից գերակատարվում են, Քթոյանը պատասխանեց, որ եթե խոսում ենք տնտեսական անկման մասին, ապա 2021 թվականի ցուցանիշները պետք է համեմատել 2020-ի հետ, որի ժամանակ անկում է արձանագրվել. «Եկամուտների առումով, եթե 2021-ի առաջին եռամսյակը համեմատենք 2020-ի առաջին եռամսյակի հետ՝ էլի հարկային եկամուտների առումով նվազում կա: Բայց կարելի է ասել, որ ինչ-որ առումով նվազման տեմպն ավելի ցածր է, քան տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը»:

Հարցին՝ տնտեսությունը, բիզնեսը չեն աճում, բայց նրանց վճարած հարկե՞րն են աճում, թե՞ ՊԵԿ-ի աշխատանքն է ավելի արդյունավետ դարձել, նա պատասխանեց, որ այստեղ տարբեր գործոններ կան. «Հարկային եկամուտների հավաքագրման առումով առավել էական նշանակություն ունեցող տնտեսական գործունեության ուղղություններում միգուցե անկումն այդքան մեծ չէ: Հանքահումքային ոլորտում գործող հարկատուների առումով կարելի է կանխատեսել, որ անկումն այդքան մեծ չի լինի, պայմանավորված այն հանգամանքով, որ պղնձի համաշխարհային գները շարունակում են պահպանվել բարձր մակարդակի վրա»:

Ըստ նրա՝ նաեւ ընդհանուր իրավիճակով պայմանավորված գործարար հատվածի քաղաքացիական գիտակցությունն է բարձրացել: Հասկանալով իրավիճակը հարկերի վճարման առումով ավելի պարտաճանաչ վարքագիծ է դրսեւորվում. «Կարելի է խոսել նաեւ ՊԵԿ-ի կողմից հարկային ու մաքսային ավելի արդյունավետ վարչարարության մասին: Այսինքն` տարբեր գործոններ կան, որոնց հանրագումարում մենք եկամուտների առումով չունենք այն անկումը, ինչ տնտեսական ակտիվության պարագայում է»:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930