Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ բանակցություններ չկան, բայց գործընթաց՝ կա

Ապրիլ 02,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Պաշտոնական Անկարան նույնիսկ հորդորում է չխանգարել այդ գործընթացին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության արտահայտության կիրառման հնարավորության թեման կրկին թեժացել է: Փորձագետների համոզմամբ՝ այդ հնարավորությունն այս տարի առավել քան հավանական է: Մեր տարածաշրջանում դիրքերն ամրացրած Թուրքիան էլ իր հերթին՝ նոր թափով է անցել հակազդման…

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, ըստ «Sabah»-ի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ եւ ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները: Նա Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, հետեւյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»:

Այն, որ պաշտոնական Անկարան Քալընի գնահատականներով է մինչեւ ապրիլի 24-ը հանդես գալու ու գործելու՝ այդ մասին կարելի էր կռահել, հետաքննություններ անելու կարիք առանձնապես չկար էլ: Արձանագրենք, որ Քալընի շուրթերով Անկարան ասում է, որ գործընթաց կա Հայաստանի ուղղությամբ, ավելին՝ հորդորում է չխանգարել:

Այստեղ առավել կարեւոր է, թե ինչպես են իրենց դրսեւորելու Հայաստանի իշխանությունները, որպեսզի չենթարկվեն թուրքական հնարավոր շանտաժներին, Թուրքիայի՝ ուժեղի դիրքից հանդես եկողի ու խաղի կանոններ թելադրողի պահանջներով չառաջնորդվեն, եւ որքան հնարավոր է պահեն Հայաստանի ինքնիշխանությունը՝ հիմնված մեր երկրի անվտանգությանը, շահին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, եւ Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ», մարտի 29-ին «ՀՀ կառավարության ծրագրի 2020թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ հավելելով. «ՀՀ-ն առավել, քան այլ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, եւ մենք թշնամիներ չենք փնտրում։ Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ի շուրջ ձեւավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»։

Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «Առհասարակ, ինչպես միջանձնային, այնպես էլ՝ միջպետական հարաբերություններում կարեւորը փոխադարձությունն է, սակայն ցյուրիխյան գործընթացում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը չփոխադարձվեց Անկարայի կողմից, ավելին՝ նախորդ դարի հայոց ցեղասպանությունը ոչ միայն կարծես չի դադարեցվել, այլեւ արտահանվել է մեր տարածաշրջան։ Բնականաբար, լավ գիտակցում ենք, թե խաղաղությունն ու հաշտեցումը ինչ հեռանկարներ կարող են ստեղծել, բայց դրանք գեղեցիկ բառեր չեն։ Որպեսզի տարածաշրջանում իրապես լինի խաղաղություն, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»։ Նշյալ դիրքորոշմամբ հանդերձ՝ Այվազյանն արձանագրեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չէ Անկարայի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների որեւէ ձեւաչափի մասին:

Արդյոք հնարավոր է հետպատերազմական փուլում վերանայել Ադրբեջանի «բարեկամ», «եղբայր» Թուրքիայի նկատմամբ կեցվածքը, պաշտոնական Երեւանն, ինչպես երեւում է, դա չի բացառում: Պարզապես, երբ Անկարան ասում է «Հայաստանը իրեն պետք է խելոք պահի», նշանակում է, որ մշտապես համարում են, որ Հայաստանն ինչ-որ բան «պարտք է» Թուրքիային: Օրինակ՝ ի՞նչ. մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի՞, որը փակ էր ԼՂ խնդրի պատճառով, սակայն պատերազմն ավարտվել է, Ալիեւն ասում է՝ ԼՂ խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, բայց պաշտոնական Անկարան դեռ ակնկալիքներ ունի Հայաստանից ու աշխարհասփյուռ հայերից:

Հետեւաբար, արձանագրենք, որ Թուրքիան Հայաստանի հետ երկխոսությունը չի ցանկանում իրագործել առանց նախապայմանի՝ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո: Ուրեմն, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման Անկարան հեշտությամբ նախ կդարձնի երրորդ երկրների հետ իր հարաբերություններում առեւտրի, սակարկության առարկա՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի եւ թե Ռուսաստանի, ապա նաեւ՝ հենց Հայաստանի հետ միջնորդավորված շփումներում, եթե դրանք կան, կամ լինեն ապագայում:
Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների 38 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետեւել Կոնգրեսին եւ ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել էր, որ նախկինում, այդ թվում եւ 2020-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում էր նամակում: Սենատորները հիշեցրել էին նաեւ, որ Բայդենի վարչակազմը հանձն է առել կառուցելու ամերիկյան քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության եւ ամերիկյան արժեքների հիմքի վրա:
Սպիտակ տունը չունի որեւէ նորություն այս հարցում մեր քաղաքականության կապակցությամբ, մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ մամլո ասուլիսում ասաց Սպիտակ տան մամլո քարտուղարն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հնչեցրած հարցին՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր պաշտոնական ճանաչման մասին:

Մի քանի շաբաթ է, ինչ միջազգային լրատվական կայքերը քննարկում են Բայդենի կողմից Էրդողանին «չզանգահարելու» թեման, այն կապելով տարբեր աշխարհաքաղաքական խնդիրների հետ, թեեւ բոլորի մոտ կա համոզում, որ այդ հեռախոսազանգն իհարկե, կլինի, եւ դրա երկարաձգումը պարզապես «ժեստ» է Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ում իր դաշնակցի նկատմամբ:

Առաջիկա շաբաթներին վստահաբար թուրքական դիվանագիտությունն ավելի ակտիվ կաշխատի: Մինչեւ ապրիլի 24-ը հնարավոր են Հայաստանի ուղղությամբ թե հրապարակային ուղերձներ, ինչպես նաեւ դիվանագիտական խողովակներով գործընթացներ, հնարավոր համաձայնություններ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930