Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Ալմազյանի բելգրադյան շոուից մինչեւ Հայաստան ու Արցախ

Ապրիլ 02,2021 13:00

 Հարցազրույց բելգիաբնակ ջութակահար, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի հետ

– Պարոն Ալմազյան, սա մեր երկրորդ հանդիպումն է։ Երեւանում ձեր առաջին բեմելը 2019-ին էր, երեկոն նվիրված էր ճանաչված երաժշտական ընտանիքի հոր՝ մոսկվաբնակ ջութակահար, պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի ծննդյան հոբելյանին։ Այդ օրը հանդիսատեսի բնորոշմամբ՝ դուք հայտնություն էիք իբրեւ ջութակահար, թեեւ մինչ այդ ձեր անունը որպես պրոդյուսերի մեզ հայտնի էր Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմից, որտեղ որոշ տեսարաններում իբրեւ դերասան հանդես եք եկել աշխարհահռչակ Մոնիկա Բելուչիի հետ։

Երաժշտական շրջանակներում էլ խոսվում էր 2007թ. ձեր հիմնած Almazian Symphony կանանց կամերային նվագախմբի տեսահոլովակներից։ Մեր ընթերցողին հիշեցնենք, որ ձեր՝ ջութակահարի բարձրակարգ կրթությունը սկսել եք Երեւանում՝ Պյոտր Հայկազյանի եւ Վիլլի Մոկացյանի դասարաններում, ապա մեկնել եք Բրյուսել, ուսանել Իգոր Օյստրախի ղեկավարությամբ, հետո՝ Նյու Յորք, Փարիզ… Նշենք նաեւ, որ որպես ջութակահար հանդես եք եկել տարբեր նվագախմբերի հետ, այդ թվում՝ նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, ինչպես նաեւ ճանաչված երաժիշտների հետ։ Ձեր ստեղծագործական կյանքի մի մասն էլ կազմում են ձեր մասնակցությամբ ելույթները տարբեր հեղինակավոր փառատոներին։ Մինչ հայաստանյան այս այցի նպատակի մասին տեղեկանալը կուզեինք լսել ձեր «քովիդյան» պատմությունը։

«12 SEASONS» բելգրադյան շոուից:

– Գուցե առաջին հայացքից տարօրինակ հնչի, բայց իսկապես հսկայական աշխատանք եմ արել, նախագիծն էլ անվանել եմ «12 SEASONS»։ Քովիդը կոնկրետ ինձ համար հիանալի հնարավորություն էր որպես պրոդյուսեր նախեւառաջ մտածել նոր նախագծի մասին, հետո այն ձեւավորել ու ներկայացնել հանդիսատեսին։ Խոսքը Վիվալդիի եւ Պիացոլայի (այս տարի Պիացոլայի ծննդյան 100-ամյակն է) «Տարվա եղանակներ»-ի մասին է. խնդրել էի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին ստեղծագործել եւս 4 եղանակ, որը սիրով իրականացրեց՝ անվանելով այն «Տարվա նոր եղանակներ», եւ երեք կոմպոզիտորների այդ եղանակները համադրելով, վերջնական արդյունքում ստացվեց շոու նախագիծ։ Պրեմիերան կայացավ հոկտեմբերին, Բելգրադում։ Հրավիրել էի իսկապես համաշխարհային աստղերի՝ սոպրանո Սվետլանա Ակսյոնովային, Բելգրադի ազգային բալետի պրիմա պարուհի Տատյանա Տանիչին, դերասանուհի Սլոբոդա Միկալովիչին, օպերային ռեժիսոր Դմիտրի Չերնյակովին, ավազային անիմատոր Քսենիա Սիմոնովային։ Մի բան էլ. այս նախագծում առաջին անգամ Almazian Symphony-ն հանդես եկավ ոչ թե շոու ծրագրով, այլ դասական երաժշտության կատարումով։

Ալմազյանը երևանյան բեմում, 2019թ.

Արվեստագետը մոր՝ Մարգարիտա Հախնազարյանի հետ:

– «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 6-ին PRIMA VERA խորագրով նշանակված է ձեր եւ PHILSOLOISTS կամերային նվագախմբի համերգը, ծրագրում էլ Վիվալդիի եւ Պիացոլայի «Տարվա եղանակները» ու «Բուենոս Այրեսի տարվա եղանակները» ստեղծագործություններն են։ Մի ճշտում. հավանաբար այդ ծրագիրը Բելգրադում կայացած ձեր շոու նախագծից է։ Եթե այո, ապա ինչո՞ւ է բացակայում Վաչե Շարաֆյանի անունը։

– Բելգրադում կայացած շոուն մեծ արձագանք ունեցավ, որին հաջորդեց հրավերը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության կողմից։ Բայց շոուն 100 տոկոսով փոխանցել երեւանյան բեմ, կապված էր ինչ-ինչ հարցերի հետ։ Այնուամենայնիվ վստահեցնում եմ, որ հանդիսատեսին կգոհացնի այս տարբերակը։ Իմ տեղեկություններով՝ երեւանյան երեկոյի այս տարբերակը, որի փոխադրումը կատարել է Լեոնիդ Դեսյատնիկովը, երբեւէ չի հնչել Հայաստանում։ Երեկոյին առաջին անգամ հանդիսատեսը կհանդիպի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների՝ PHILSOLOISTS անսամբլին։ Ծրագիրը կղեկավարեմ ես։ Ավելին՝ իբրեւ պրոդյուսեր առաջին անգամ աշխատելու եմ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տեխնիկական անձնակազմի, կարճ ասած՝ ողջ թիմի հետ։

 
– Երեւանյան ձեր առաջին հյուրախաղից հետո տեղեկացանք, որ Արցախում է բնակվում ձեր մայրը՝ ալտահարուհի Մարգարիտա Հախնազարյանը, որը դիրիժոր Գեւորգ Մուրադյանի հետ Արցախի պետական կամերային նվագախմբի հիմնադիրներից է…

– Մայրս հիմա էլ է բնակվում Ստեփանակերտում եւ դասավանդում է տեղի երաժշտական դպրոցում։ Պատերազմից հետո վերսկսվել են կամերայինի փորձերը։ Ի դեպ, Արցախյան եւ առաջին, եւ երկրորդ պատերազմներին որպես կամավոր մասնակցել է եղբայրս, քրոջս որդին էլ, դարձյալ կամավոր, մասնակցել է երկրորդին…

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930