Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հանցագործ եմ» պոեմը մինչ օրս անտիպ է. ԿԳԲ-ից հալածված վանաձորցի Պոետի բանաստեղծությունը փոթորիկ առաջացրեց ՖԲ-ում

Ապրիլ 02,2021 13:30

Օրեր առաջ վանաձորցի գրականագետ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն իր ՖԲ էջում տեղադրեց Նորիկ Սաֆարյանի նկարը եւ նրա «Քարը» բանաստեղծությունը, որն իսկական հուշերի փոթորիկ առաջացրեց: Եղան արձագանքներ. «Խորեն, աչքիս դեմն եկավ լուսահոգին։ Իրոք լուռ էր ու մունջ եւ իր քարե բախտից չէր տրտնջում։ Լույս իջնի շիրիմիդ, Նորիկ ջան», «Հրաչն էլ էր հավանում շատ», «Մենք բոլորս պարտք մնացինք Պոետին»…

Խորեն Գասպարյանը հարցիս, թե ո՞վ կարող է պատմել Նորիկ Սաֆարյանի մասին, ասաց. «Ավաղ, իր տարեկիցներն արդեն չկան։ Մեզ էլ մնացել են այս սուղ հուշերը։ Ճիշտն ասած, իր տարեկիցները ժամանակին վախենում էլ էին հետը շփվել։ Սովետի ժամանակ։ Ահաբեկված Հոմո սովետիկուսներ էին»:

Որոշեցի գնալ Նորիկի հետքերով:

2004թ.-ին բանաստեղծն իր մահկանացուն է կնքել 68 տարեկանում: Մի որոշ ժամանակ բնակվել է Ռուսաստանում: Երկու որդի ուներ, իսկ հակասովետական գործերի համար ԿԳԲ եւ հոգեբուժարան է ընկել անգամ: Նրա շատ բանաստեղծություններ «կորել» են ԿԳԲ-ում: Կամ՝ գուցե հրաշքով դրանք պահպանված լինեն, եթե որեւէ մեկն արձագանքի:

1964թ.-ին լույս է տեսել անդրանիկ ժողովածուն՝ «Իմ երգը», Նաիրի Զարյանի խմբագրությամբ: Չնայած, վանաձորցի բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը մեր զրույցի ժամանակ ասում է, որ խմբագիրը եղել է Հրաչյա Հովհաննիսյանը:

Սաֆարյանը եղել է ՀԳՄ Կիրովականի գրողների բաժանմունքի հիմնադիրներից, Սերո Անտոնյանի սերնդակիցն էր:

Նա քաղաքական հետապնդումների է ենթարկվել, նրա կյանքում եղել են «լռության տարիներ», եւ ինչպես իր մի բանաստեղծության տողերում էր գրել.
Խոսելն արդեն ավելորդ է, արի լռենք,
Այս ճահճից վեր, իմ թեւերով, արի թռչենք,
Իմ խարույկի, բոցերի մեջ, եկ տաքանանք,
Գոնե մի պահ, այս տաղտուկից վեր բարձրանանք:
Իմ խեղճ հոգին երազներից դատարկում են,
Ծույլ ու անբան այս մայթերին ոնց դիմանամ…
Այս փակուղու վերջը որն է, ի՞նչ իմանամ:

Բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը պատմում է, որ չնայած իրենց տարիքային տարբերությանը, մտերմացել էր Նորիկի հետ, վերջինս «Քարը» բանաստեղծությունը կարդացել է առաջին անգամ իր մոտ. «Նա ինքնամփոփ էր, չէր սիրում ավել բառ ասել, նրան բոլորը դավաճանել էին, բացի Հրաչյա Սարուխանից ու Վազգեն Գասպարյանից, ով Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչն էր… Հրաչը նրան բարձր էր գնահատում… »: Ղումաշյանը Նորիկից բանաստեղծություններ հիշեց. «…Ես ինչ-որ հին եմ, ես իչ-որ նոր եմ, Կյանք, որ վաղուց է հեռացել կյանքից: Ես կյանքն եմ, կյանքի շարունակողն եմ, Եվ դեռ իմ աշխարհ, կիմանաս դու ինձ»…

Սաֆարյանն ունի բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ, պոեմներ՝ «Մարդը», «Ես հանցագործ եմ», «Վանքի եղնիկը»… Շատերը չգիտեն, թե որտեղ են անտիպները, եւ երբ դրանք կտպագրվեն: Կտպագրվե՞ն…

1990-96թթ. ՀԳՄ Վանաձորի գրողների բաժանմունքի նախագահ, արձակագիր Նելլի Շահնազարյանը հիշում է. «Շփվել եմ, որպես գրական բաժանմունքի պատասխանատու… նա փակ մարդ էր: Այդ փակվածությունը անվտանգության մարմիններից էր «բերել», երբ նրան ճնշել էին, հետապնդել եւ նա դարձել էր մեկուսի… հաճախ էր գալիս գրողների բաժանմունք, նստում, անվերջ ծխում էր: Ամեն անգամ այն զգացումն ունեի, թե թեւերը կտրել են թռիչքի պահին, էլի ուզում է թռչել, բայց չէր կարողանում պոկվել տեղից… նրա երկար լռությունն իր կորցրած թռիչքի մասին էր»:

Խորեն Գասպարյանը «Ամբոխները ստրկալուծ» բանաստեղծության մասին հիշել էր. «Մարդը գրել է 1998-ին: Եկավ խմբագրություն, ասաց. «Մի բան արտասանեմ, ձայնագրիր ու պահիր: Խոստացիր, որ չես տպագրի, մինչեւ չասեմ»: Խոստացա: Տարիներ անցան: Մի օր էլ ասաց. «Արդեն կարող ես տպագրել»: Տպագրեցի, բայց ինքն էլ շատ չանցած՝ մահացավ: Ափսոս, ձայնագրած ժապավենը չեմ գտնում»:

Ահա մի հատված «Ամբոխներից».

… Այսպես իրար թեւ-թիկունքի,
«Դաշն կնքած հավերժի հետ»,
Փուչիկի պես թեթեւ՛, թեթեւ՛
Բարձրանում են ու բարձրանում.
Ախր շատ են ստրկալուծ. չեն հասկանում՝
Վերեւներում
Թեկուզ որդուդ՝ չկա ներում.
Սայթաքելը կործանում է…
Իսկ ներքեւում ամբոխները ստրկալուծ
Չեն իմանում՝ ինչ հրմշտոց է վերեւում…
Միայն բույրից կերուխումի,
Որ նման է երազխաբի գրգռումի,
Զգում են, որ մթնոլորտը
Անհամեմատ ճոխ ու զեխ է …
Մեկը մեկին տարակուսած հարց է տալիս.
«Խրախճանքը այդ ահավոր
Քե՞ֆ է ուրախ, թե՞ քելեխ է»:
Իր «Կակաչները» բանաստեղծության մեջ Նորիկ Սաֆարյանը գրում է.
Ես չեմ ուզում, որ երգերս
Լինեն թախծոտ, տամուկ ու թաց:
Ուզում եմ ես վշտերն այս բորբ
Մոռացության փոշում թաղել,
Խնդալ մեր այս նորոգ բախտով,
Հպարտանալ ու ծիծաղել:
Բայց թախծոտ են նորից հնչում
Հոգուս զուլալ կարկաչները……
Ահավոր են եւ անզիջում
Կակաչները, կակաչները:

Նորիկ Սաֆարյանի գերեզմանաքարի վրա նրա «Քարը» բանաստեղծության վերջին տողերն են.
Ես լուրջ եմ, մունջ եմ, քար եմ մի չնչին,
Իմ քարե բախտից ես չեմ տրտնջում,
Աղոթում եմ լուռ ես իմ հավատին
Եվ իմ անսահման հեռվից քրքջում:

Ես շատ կուզեի արձագանքեին նրա որդիները, մարդիկ, ովքեր ճանաչել են Պոետին, ովքեր կունենան իրենց մոտ բանաստեղծի անտիպներից, նրա անձնական կյանքի պատառիկներից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930