Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Եթե ապրեինք իրավական պետությունում, դատավորը պարտավոր էր անգամ առանց դատական նիստ հրավիրելու կարճեր գործը»

Ապրիլ 01,2021 22:20

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր եւ տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարտի 1-ի գործով մյուսների շուրջ երկու տարի տեւող դատական ամբողջ գործընթացը ամփոփումն ստացավ: «Սահմանադրական դատարանը մարտի 24-ին իր որոշումը հրապարակեց՝ վերջնականորեն հակասահմանադրական  եւ անվավեր ճանաչելով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այսինքն, ի վերջո, արձանագրվեցին բոլոր մասնագետների կողմից այս երկու տարիների ընթացքում պարբերաբար հնչեցվող հիմնավորումները, ինչի համար թե մասնագետներս էինք պիտակավորվում իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ իշխանամետ արբանյակների կողմից, թե Սահմանադրական դատարանը»,-ասաց մասնագետը՝ հիշեցնելով այս գործի  համատեքստում եւ քաղաքական եւ այլ նպատակներով ամենատարբեր հետապնդումները, երբ հատվում էին գրեթե բոլոր կարմիր գծերը՝ ՍԴ դատավորների ընտանիքների անդամներին անդրադառնալով, իրավապահ մարմինների ներգրավմամբ: Մինչդեռ, ցանկացած մասնագետի համար առնվազն ակնհայտ էր այդ հոդվածի հակասահմանադրական էությունը»,-ասաց նա:

Տիկին Մելոյանը նաեւ անդրադարձավ այն խնդրին, թե դրանից հետո ինչ պետք է տեղի ունենար: «Նախ, ընդգծում ենք, որ այդ որոշման պաշտոնապես հրապարակման պահից քրօր 300.1 հոդվածը այլեւս համարվում է իրավական համակարգում գոյություն չունեցող: Եթե մենք ապրեինք իրավական պետությունում, որտեղ իրավունքի գերակայությունն է գործում, դատավորը պարտավոր էր հենց հրապարակման պահից խորհրդակցական սենյակում, անգամ առանց դատական նիստ հրավիրելու, քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիման վրա քրեական վարույթը բացառող հանգամանքների հիմքով կարճեր գործը, քանի որ բացակայում է հանցակազմը: Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին եւ Արմեն Գեւորգյանին առնչվելի գործը ենթական է կարճման եւ իրենց նկատմամբ բոլոր քրեական հետապնդումները, խափանման միջոցները, սահմանափակումները անմիջապես պետք է վերացվեին: Սակայն այս պահի դրությամբ նրանց իրավունքները արդեն ութերորդ օրն է, որ խախտվում են: Ականատես եղանք, որ դատարանը ձեռնպահ մնաց օրենքով հստակ սահմանված, իրեն տրված պարտականության կատարումից, ակնհայտ կարճման հիմքի պարագայում վարույթը չկարճվեց եւ դատաքննությունը շարունակվում է»,-ասաց նա:

Իսկ թե ինչու դատախազությունը չներկայացավ դատական նիստին, Գոհար Մելոյանի անձնական կարծիքով կարող է լինել երկու տարբերակ՝ խուսափեց պատասխանատվություն կրել շուրջ երկու տարի տեւող հակաիրավական եւ քաղաքական բնույթ հետապնդող գործողությունների, եւ երկրորդ՝ դատախազությունն այս պահին մի քանի այլընտրանքների համատեքստում փորձում է ժամանակ շահել եւ հասկանալ, թե ինչ անել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930