Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործ ունենք կրթական ճգնաժամի հետ, որն ավելի խորացրեց համաճարակը». Գեւորգ էմին-Տերյան

Ապրիլ 01,2021 19:33

«Թղթերով, փաստաթղթերով, արձանագրություններով անցած տարվա տվյալներով այնպիսի արդյունք էր ցույց տրվում համալսարանում, որ կարծես թե հեռավար կրթությունն ավելի արդյունավետ է, քան առկա կրթությունը: Նույնիսկ մի անգամ կատակեցի, որ այսպիսի արդյունքներ ցույց տալուց հետո հարց է առաջանալու, թե ձեր ինչի՞ն է պետք այդ շենքը, եթե հեռավար կրթությունն ավելի ռեալ է եւ մեկ տարի առաջ բարձրաձայնվեց, որ եկեք շենքը վաճառենք եւ ակադեմիական քաղաք կառուցենք

Ես սկսել եմ վախենալ կատակելուց, որովհետեւ ամենաչար կատակները կարծես փորձում են իրականություն դարձնել, թեեւ ամփոփագրերով երեւում էր, որ գրեթե 100 տոկոս ներկայություն կա, այդուհանդերձ, իմ ֆեյսբուքյան էջին գալիս էին նամակներ, որ ինչու օրինակ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում դաս չի արվում, մենք էլ ստիպված պատասխանում էինք՝ կապվեք դեկանատի հետ»,- «Կրթությունը ներսից» նախագծի շրջանակում Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ՝ «COVID-19-ից հիվանդացավ նաեւ ՀՀ կրթական համակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԵՊՀ դասախոս, գրականագետ Գեւորգ էմին-Տերյանը

Նրա խոսքով, մենք գործ ունենք կրթական ճգնաժամի հետ, որն ավելի խորացրեց այս համաճարակը. «Ուղղակի ցավոտ կողմն այն է, որ պետությունը կարծես թե չունի քաղաքականություն կրթության ոլորտում եւ ժամանակ ձգելով է զբաղվում: Այսօր օրինակ, պետք է տեղի ունենար ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որին կառավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը բոյկոտեցին, իրենց անդամները ներկա չգտնվեցին, նաեւ համալսարանից երկու անդամ ներկա չէր, որն էլի ինչ-որ բանի ցուցիչ է:

Սա նշանակում է, որ պետությունը չգիտի՝ ինչ անել կրթության ոլորտում: Կան ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ, որ եկեք սա ծախենք, չգիտեմ ինչ կառուցենք, բայց ռեալ քաղաքականություն գոյություն չունի: Կան ինչ-որ առանձին խմբեր, մարդիկ էլ, որոնք լոբբինգ են անում՝ անձնական, խմբային շահից ելնելով, բայց մեծ հաշվով հստակ քաղաքականություն, իմ կարծիքով, գոյություն չունի»:

Գեւորգ Էմին-Տերյանի գնահատմամբ, այս պահին կազուսային իրավիճակ է ԵՊՀ-ում, որովհետեւ որպեսզի ռեկտորը ըստ ԵՊՀ կանոնադրության շարունակի պաշտոնավարել, իր հաշվետվությունը պետք է հաստատվի. «Բայց մենք հիմա չունենք ռեկտոր, ունենք ռեկտորի պաշտոնակատար, իսկ հաշվետվությունը չի հաստատվել; Եվ իրավական տեսանկյունից հարց է առաջանում՝ ինքը կարո՞ղ է շարունակել պաշտոնավարել, որովհետեւ խորհուրդը համաձայնություն չի տվել, չի հաստատել նախորդ տարվա հաշվետվությունը…Սա վերեւից եկող քաոտիկ իրավիճակ է, որն անպայմանորեն տարածվում է համալսարանի եւ նաեւ մյուս բուհերի վրա, որովհետեւ չի կարելի բուհը կտրել երկրից»:

Նրա խոսքով, այսօր ընդհանրապես բուհական համակարգում կրթությունը մեծ մասամբ հենվում է մարդկանց էնտուզիազմի վրա, համալսարանն էլ ինստիտուցիոնալ մակարդակով չունի վիճակագրություն, թե իր ուսանողների քանի տոկոսն է մասնագիտությամբ ընդունվել աշխատանքի, իսկ եթե այս վիճակագրությունը չկա, կրթությունը բարեփոխելու քայլերը, ռազմավարությունը մնում են կենացային մակարդակի վրա:

Անդրադառնալով հոգաբարձուների խորհրդին, ԵՊՀ դասախոսը փաստում է. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հոգաբարձուների խորհուրդը զանգով գալիս է կամ չի գալիս եւ մեծ հաշվով թքած ունի համալսարանի վրա, ԵՊՀ զարգացման հեռանկարներն էլ մշուշոտ է որակում: Գեւորգ Էմին-Տերյանը կարծում է, որ ունենք մի իրավիճակ, երբ ինչպես մյուս, այնպես էլ բուհական ոլորտում պատասխանատվության խնդիրը լղոզված է, չկան մեխանիզմները, թե ինչպես պետք է ստորաբաժանումները, դեկանները, ամբիոնի վարիչները եւ այլք պատասխանատվության ենթարկվեն իրենց տապալված նախաձեռնությունների համար:

«Օրինակ` Վահրամ Դումանյանը՝ ներկայիս ԿԳՄՍ նախարարը ղեկավարել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, եւ ով այդ ոլորտում շփում ունի, կարող է հարցնել արդյոք ԻԿՄ-ն որակյալ կադր՞եր է պատրաստում…Հիմա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով այդ մարդը, հավատարիմ քաղաքական թիմի անդամը ղեկավարում է ամբողջ ոլորտ, եւ եթե վաղը պարզվի, որ ամբողջ ոլորտը ձախողվել է, ո՞վ է պատասխան տալու, կարող է ներողություն խնդրել կամ դա էլ չանել եւ անցնել առաջ»,-նշեց ԵՊՀ դասախոսը:

Նա նաեւ անդրադարձավ հայագիտության դեմ արշավին, հայագիտական առարկաների անտեսված լինելուն, նաեւ հավելեց, որ, օրինակ, չունենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության բուհական դասագիրք եւ օգտվում ենք ԽՍՀՄ-ի ժամանակ տպագրված դասագրքերից, բայց դրանք զուտ ձեռնարկներ չեն, կոնցեպցիաներ են, փիլիսոփայություն են, թե ինչպես է պետք ընկալել հայոց լեզուն, հայ գրականությունը. «Ապշած եմ, որ, օրինակ, պետությունը որոշել է գրել կրթական չափորոշիչներ՝ մինչ այդ ակադեմիային չպատվիրելով ասենք՝ Հայ գրականության փիլիսոփայությունը կամ հայ գրականության պատմության ամբողջական հատորները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930