Մարտի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ գլխի հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խ.-ն է: Վերջինս սակայն հիվանդանոցում մահացել է:
Հայկ Խ.-ն հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձորի «Կոնգո» գերեզմանատնից: Նախնական տեղեկություններով, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ նա կրակել է իր գլխին:
ՀՀ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայկ Խ.-ն նախկինում աշխատել է Սահմանապահ զորքերում, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն. «Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 110 եւ 235 հոդվածների հատկանիշներով: Այն է՝ ինքնասպանության հասցնելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ