Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուճապի մեջ հայտնվելով՝ պատժեցին երեխաներին, որոնք ամենաքիչն էին մեղավոր». Արամ Փախչանյան

Ապրիլ 01,2021 18:25

«Կրթությունը ներսից» նախագծի շրջանակում Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հերթական առցանց քննարկումն էր նախաձեռնել՝ «COVID-19-ից հիվանդացավ նաեւ ՀՀ կրթական համակարգը» խորագրով:

Հոգեբան Աննա Ստեփանյանը անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար կրթությանն անցնելուն, նշեց, որ համավարակը հեղաշրջել է բոլորի կյանքը, իսկ 2020 թ. մարտի 18-ից հայտարարված հեռավար ուսուցման պատճառով դժվարությունները մնացել են ուսուցիչների՝ առանց այն էլ ծանրաբեռնված ուսերին: «Հեռավար ուսուցումն ավելի ակնհայտ դարձրեց Հայաստանի կրթական համակարգի խնդիրները»,-նշեց հոգեբանը՝ միաժամանակ նշելով, որ ուսուցիչները կարողացան իրավիճակին համահունչ նոր որակներ ձեռք բերել:

«Մենք տեսանք, որ ուսուցիչը մասնագիտություն չէ, այլ առաքելություն, ուսուցիչները աշխատում էին մի քանի անգամ ծանրաբեռնված գրաֆիկով՝ չունենալով անգամ որակյալ ինտերնետ»,-ընդգծեց հոգեբանը՝ միաժամանակ փաստելով, որ Կառավարությունը օրենքներում փոփոխություններ է կատարել եւ հանվել է այն կետը, որով ամրագրվում էր կրթության բյուջեի կրճատման անձեռնմխելիությունը:

Սուրենի ձեւակերպմամբ, նման փոփոխությունը շատ ծանր հետեւանք կարող է ունենալ առանց այն էլ «երկու ոտքից վիրավոր» մեր կրթական համակարգի վրա: Նա փաստեց, որ հեռավար ուսուցման վիրտուալ հարթակ գտնելն էլ էր դարձել ծնողների ու ուսուցիչների պարտականությունը, նրանք տարբեր հարթակներում ձեւավորվել էին տարբեր խմբեր, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը չուներ միասնական հարթակ:

ՍուրեՆ Ալոյանի համոզմամբ, հեռավար կրթության անցնելու արդյունքում աշակերտների մի մեծ հատված տարբեր խնդիրների պատճառով դուրս մնաց կրթական գործընթացից, ու թվում էր, թե Հայաստանի կրթական համակարգը փրկելու համար կառավարությունը պետք է համարժեք քայլեր ձեռնարկեր, սակայն դա տեղի չունեցավ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգված է, քանի որ ուսումնական տարին մոտենում է իր եզրագծին, տեւական ժամանակ է համակարգը՝ կովիդով պայմանավորված, լիարժեք չի աշխատում, եւ ժամանակն է հասկանալ, թե այս երեք կիսամյակներն ինչպեսի հետեւանքներ են թողել երեխաների վրա. «Վստահ եմ, որ ունեցել ենք կորուստներ, դպրոցները տեւական ժամանակ հեռավար են աշխատել, հիմա էլ շատ դպրոցներ եռօրյա են աշխատում, երբ ծրագրերն առանց այն էլ ծանրաբեռնված են»:

Կրթության փորձագետ խոսքերով, ժամանակն է, որ ԿԳՄՍ նախարարությունը փորձի գնահատել իրավիճակը, բոլոր առարկաների գծով անցկացվեն գիտելիքների ստուգումներ, որովհետեւ եթե այս կորուստները չարձանագրվեն, կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ:

Նրա խոսքով, հատկապես պետք է ուշադիր լինեն կրտսեր դպրոցի նկատմամբ, որովհետեւ այստեղ եղած կորուստները կարող են շատ ավելի թանկ արժենալ:

«Մյուս կարեւոր բանն այն է, որ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում սոցիալապես անապահով երեխանների հետ, որովհետեւ նրանց կախվածությունը դպրոցներից ավելի մեծ է, քան ապահոված ընտանիքների դեպքում: Ապահոված ընտանիքները կարող են բաց թողածը մասնավոր պարապմունքներով վերականգնել…Մենք հաճախ հաշվարկում ենք, երեխան սարք ունի՞ թե ոչ, բայց նաեւ կարեւոր է, թե տվյալ երեխան ունի առանձին սենյակ, համապատասխան պայմաններ»:

Սերոբ Խաչատրյանը վկայակոչեց կրթության տնտեսագետ Էրիկ Հանուշեկի հաշվարկները, ըստ որոնց՝ կորոնավիրուսի յուրաքանչյուր երեք ամիս ոչ լիարժեք կրթության դիմաց այսօրվա երեխաները ապագայում երեք տոկոս պակաս եկամուտ են ունենալու, որովհետեւ կորուստներ են ունեցել գիտելիքների, հմտությունների: Նա համոզված է, որ պետք է առաջիկա տարիների կրթական ծրագրերը վերանայել:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքով, խնդիրը լուրջ է, համաշխարհային հետազոտությունները ցույց են տալիս, որ դժվար պահերին, երբ ինքնուրույնություն, նախաձեռնողականություն եւ կրթական մոտիվացիա է պահանջվում, ավելի շատ միջին խավի զավակներն են այդ հատկանիշները ցուցաբերում:Եթե այս ամենին գումարվում են ինտերնետ հասանելիությունը, համակարգիչներից ու տարբեր սարքերից օգտվելու հարցերը, խնդիրն ավելի է բարդանում:

«Գոնե ուսուցիչների կողմից մեծամասամբ պարզագույն միջոցների կիրառման առումով խնդիրներ չկային, բայց նման խնդիրներ ունեին երեխաները: Անգամ «Կենգուրուին» մասնակցություն ունեցող երեխաների ընտանիքները անկարող էին պարզագույն գործողություն կատարել եւ երեխային միացնել մրցույթին, ընտանիքներից շատերը համակարգչային տեխնիկա կիրառելու հմտություն չունեին»,-նշեց Արամ Փախչանյանը: Նրա բառերով՝ մարդիկ համավարակի պատճառով խուճապի մեջ հայտնվելով՝ պատժեցին երեխաներին, որոնք ամենաքիչն էին մեղավոր այս ամենի մեջ:

Նա եւս խնդրի լուծումը համարում է կրթական ծրագրերի վերանայումը այն երեխաների համար, որոնք տուժեցին համավարակից. «Այդ տուժածների համար պետք է իրականացվեն հատուկ ծրագրեր, որովհետեւ եթե բացը չլրացվի, մի քանի տարի հետո երեխաները չեն կարողանալու սովորել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930