Դիլիջանի Անանյանի անվան միջնակարգ դպրոցի երկու դասասենյակները անվանակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված փոխգնդապետ Կարեն Հակոբյանի և շարքային տանկիստ Բորիս Եսայանի անուններով։
Aravot.am – ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Լուսինե Գասպարյանը նշեց, որ Հակոբյանն ու Եսայանն էլ իրենց շրջանավարտներն են եղել, և երբ որոշել էին, որ Բորիս Եսայանի անունով կոչեն դասասենյակներից մեկը, պարզ է դարձել, որ փոխգնդապետ Կարեն Հակոբյանը ևս զոհվել է, որը մինչ այդ անհայտ կորածների շարքում էր։
Կարդացեք նաև
«Իմ տղան ևս ժամկետային զինծառայող է, և Բորիսը իր համադասարանցին էր։ Մենք պատրաստվում էինք Բորիսի անունով կոչել դասասենյակներից մեկը, երբ տեղեկությունը եկավ, որ մեր շրջանավարտներից փոխգնդապետ Հակոբյանը, ով արդեն 4 ամիս է անհայտ կորածների ցուցակում էր, ևս զոհվել է։ Դրա համար որոշեցինք մեր երկու շրջանավարտների պատվին կոչել դպրոցի դասասենյակները»,֊ մեր զրույցում նշեց Լուսինե Գասպարյանը։
Փոխտնօրենի փոխանցմամբ՝ երկու անչափահաս երեխա ունեցող փոխգնդապետը հիմնական ծառայությունը անցկացրել է Բերդի, Դիլիջանի և Իջևանի զորամասերում, իսկ հոկտեմբերի 1-ին Դիլիջանից տեղափոխվել էր պատերազմի առաջնագիծ։
Գասպարյանի խոսքով տանկիստ Բորիս Եսայանի ընտանիքում երեք որդի էին, սակայն մեծ որդին մի քանի տարի առաջ ավտովթարից էր զոհվել, իսկ Բորիսն, որը տան փոքր որդին էր, միշտ շեշտում էր, որ պատերազմից հետո վերադառնալու է, և իրենց տունը շենացնի։ Հունվարի 1-ին Բորիս Եսայանը պետք է ավարտեր ծառայությունը և վերադառնար տուն։
«Բորիսը մեծ երազանքներ ուներ իր ապագայի հետ կապված։ Նա իր դասընկերներից կես տարով մեծ էր, ու բոլորին փոքր եղբոր պես էր վերաբերվում։ Ըստ տեղեկությունների՝ Բորիսը զոհվել է անօդաչու թռչող սարքի պայթյունից։ Անօդաչուն մտել է իրենց մնալու վայրը և պայթել։ Տղաները ավելի շատ զոհվել են իրենց վրա թափված հողից շնչահեղձ լինելուց»,֊ պատմել է փոխտնօրենը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ