Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմի մասնակիցները կգտնե՞ն իրենց տեղն աշխատաշուկայում

Ապրիլ 01,2021 17:40

20-ամյա Կարապետ Հարությունյանը Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է: 15 տարեկանում տեղափոխվել է Իսրայելի Հանրապետություն, սովորել է Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանում: Այնուհետև վերադարձել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու:

«Ծառայությունս իրականացրել եմ Մարտունի 3 պաշտպանական շրջանում: Պատերազմի ժամանակ եղել եմ մարտական դիրքերից մեկում, սակայն հետո տեղափոխվել եմ Ճարտար գյուղի մոտ՝ նոյեմբերի 3-ին և հենց այդ օրն էլ վիրավորվել եմ: Ստացել եմ բեկորային և չորս հրազենային վնասվածք: Բեկորային հարվածի հետևանքով կոտրվել է աջ ոտքիս ազդրի ոսկորը, իսկ 4 փամփուշտ անցել են ոտքերիս մեջ, որից միայն 1 փամփուշտն է դուրս եկել»-, պատմում է Կարապետը:

Մինչ զորակոչվելը մասնագիտություն չի ունեցել, բայց այժմ ուզում է բարձրագույն կրթություն ստանալ: Ասում է՝ ուզում է սովորել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ու ամեն խոսքից հետո ավելացնում. «Տեսնենք ինչպես կստացվի, ապաքինվելուց հետո պարզ կլինի»:

«Մարտի 8-ին գնալու եմ հերթական ստուգմանը, եթե ամեն բան լավ լինի կվիրահատեն, երկաթները կհանեն, հույս ունեմ՝ մի քանի ամիս էլ վերականգնողական բաժանմունքում պառկելուց հետո ամեն ինչ լավ կլինի»,- շարունակում է Կարապետը: Հավելում է, որ մինչ պատերազմը բոլորովին այլ նպատակներ է ունեցել: Մտադիր է եղել նշանվել, հետո նորից գնալ Իսրայել ուսումն ավարտելու, վերադառնալ՝ ամուսնանալ և կյանքը շարունակել Իսրայելում: Բայց ամեն ինչ, ինչպես նշում է Կարապետը, հօդս է ցնդել:

Ապաքինվելուց հետո առաջնային նպատակը ուսում ստանալն է, այնուհետև աշխատանք ունենալը: Ինչը դժվարացնում է իր ներկայիս ֆիզիկական վիճակը:

Պատերազմի հետևանքով կտրուկ աճում է ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց թիվը մեր երկրում: Եվ նման իրավիճակում կարևոր է զինվորներին ներգրավել սոցիալական միջավայր՝ լուծում տալով նրանց խնդիրներին՝ կրթություն, առողջապահություն, աշխատանք:

Հոգեբան Քրիստինե Պետրոսյանը նշում է, որ ֆիզիկական սահմանափակումներ և հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես և բոլոր ժամանակներում բախվել են աշխատանք գտնելու խնդրին:

«Վիրավոր զինծառայողները, որոնք ունեն ֆիզիկական խնդիրներ, աշխատանքի հետ առնչվող խնդրի են բախվում: Առհասարակ անգամ հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի հարցը շատ դժվար են կարգավորում: Մեր հասարակությունը, համապատասխան օղակները պետք է զբաղվեն այս մարդկանց ներգրավվելու աշխատանքային գործունեության մեջ: Կախված է նաև այն հանգամանքից, թե ավելի շատ հոգեբանական նկատառումներով, հասարակությունը ինչպես է վերաբերվում իրենց, որպեսզի կոմպլեքսավորված անձինք չունենանք և ի վերջո կարողանանք դիտարկել նրանց հավասարը հավասարի սկզբունքով, որպեսզի չունենան մեկուսացման դրսևորումներ, սթրեսի, ամաչկոտության կամ այլ բարդույթներ»,- ասում է հոգեբանը:

Հավելում է, որ շատ կարևոր է հասարակության վերաբերմունքը, այսինքն` մարդիկ պատրաստակամ լինեն խրախուսելու և սատարելու խնդիրների լուծմանն ու հաղթահարմանը:

Պարզելու համար, թե ֆիզիկական սահմանափակում ձեռք բերած զինվորներին աջակցելու համար ինչպիսի օգնություն և ծրագրեր են իրականացվում, դիմեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշեցին, որ նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Դրանում ներառված են նաև միջոցառումներ՝ զինծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ:

«Անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը տալիս է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն: Ծրագրերից որոշները ուղղված են հենց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հնարավորությունների ստեղծմանն ու նրանց զբաղվածության կարգավորման խթանմանը: Աշխատանքային հմտություններ ու կարողությունների ծրագրում ընդգրկված անմրցունակ անձին փոխանցելու համար գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում 50,000-200,000 դրամի չափով՝ պայմանավորված տվյալ անձի անմրցունակության աստիճանով»,- նշում է նախարարությունը:

Ի թիվս այլ ծրագրերի՝ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար այս պահին իրականացվում են նաև «ԱՀ գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով ԱՀ գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերը, 3 ամիս տևողությամբ:

«Ծրագրի շահառու կարող են համարվել այն գործազուրկ անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները: Այս ծրագրերը ևս սահմանում են առաջնահերթություններ: Առաջնահերթ կընդգրկվեն այն անձինք, որի ընտանիքի անդամը զովել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից, որի ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս, ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ»-, նշված է հարցման պատասխանում:

Զբաղվածության բոլոր ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ ինչպես զբաղվածության տարածքային կենտրոններ դիմած, հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած ՀՀ քաղաքացիները, այնպես էլ՝ ԱՀ քաղաքացիները. այս պահին իրականացված ծրագրերում պատերազմի հետևանքով ֆիզիկական սահմանափակումներ ձեռք բերած քաղաքացի ներառված չէ: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարգավորման ընթացքում հաշվի են առնվում նաև նրանց վերականգնողական անհատական ծրագրերը, որը համադրվում է այդ պահին առկա թափուր աշխատատեղերի հետ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինհաշմանդամներին» կազմակերպության ղեկավար Հայկուհի Մինասյանը նշում է, որ աշխատանքի մեջ ներգրավվելու համար պետք է ունենալ մասնագիտություն, քանի որ գործատուն չի կարող հմտություններ չունեցող մարդկանց աշխատանքի ընդունել: Այդ պատճառով իրենք նախ զբաղվում են տղաների կրթությամբ, այնուհետև համագործակցում են տարբեր անհատների և ընկերությունների հետ՝ փորձելով ապահովել աշխատանքով:

«Անցկացնում ենք ուսումնական ծրագրեր, այս պահին զինվորներն անցնում են մեր ուսումնական սենյակով, գնահատվում են իրենց գիտելիքները, հատուկ որոշվում է, թե ինչ մասնագիտություն կհամապատասխանի, և սկսվում է նրանց անհատական ուսումնական ծրագիրը»,- ասում է Հայկուհին:

Ուսումնական ծրագրերը տևում են մոտ վեց ամիս, տղաները մեկ ամիս է, ինչ սկսել են ուսումնական գործընթացը: Սովորում են լեզուներ, ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, թվային նկարչություն, արհեստներ՝ ըստ ցանկության:

Պատերազմից հետո անհատ ընկերություններ նույնպես սկսել են իրականացնել զինվորներին աջակցություն ցուցաբերող ծրագրեր: Դրանցից է «Ինվեստմենտ» ընկերության համահիմնադիր Շուշան Ասատրյանի հեղինակած «Մեկ քայլ առաջ» ծրագիրը:

«Ամենից շատ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով անվճար դասընթացներ ենք իրականացնելու, դրանք դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր ունեն մեծ աշխատանքային փորձ, պրակտիկ ու տեսական գիտելիքներ, որոնք պատրաստ են կամավորության սկզբունքով կիսել: Դրանք հիմնականում IT ոլորտին ուղղված ծրագրերն են՝ գրաֆիկ դիզայն, UX/UI, բանկային գործ, մեդիա մարքեթինգ»-, պատմում է Շուշան Ասատրյանը:

Դասընթացների մեկնարկը տրվել է մարտի 23-ին: Ծանոթ ընկերությունների հետ նույնպես համագործակցելու են՝ փորձելով բոլոր մասնակիցներին աշխատանք գտնելու հարցում օգնել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս փորձեցինք իմանալ, թե պատերազմի մասնակից քանի՞ զինվոր ունի կրթության, քանի՞սը՝ վերապրոֆիլավորման կարիք, արդյոք համադրվու՞մ են պետության և մասնավոր ընկերությունների ջանքերն այս ուղղությամբ, ինչպես նաև, թե ինչ են պատրասվում նախաձեռնել կրթության առումով՝ օրինակ` անվճար տեղեր հատկացնել։

ԿԳՄՍ-ից մեր հարցմանը մասնակի պատասխանեցին։ Կրթության կամ վերապրոֆիլավորման կարիք ունեցողների վերաբերյալ տեղեկատվության նախարարությունը չի տիրապետում։

«Ինչ վերաբերում է 3-րդ կետին, ապա տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում»-, նշվում է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:

ԿԳՄՍ նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում է լրիվ փոխհատուցում 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր տարվա վերջում։

Սվետլանա ԴԱՎԹՅԱՆ

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930