Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է բուհերի ընդունելության նոր կարգը

Ապրիլ 01,2021 17:36

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր կարգում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրմանը, ժամկետներին և ձևաչափին։

Ըստ այդմ` ընդունելության հայտագրումը կկատարվի երկու փուլով, էլեկտրոնային` առցանց եղանակով: Հիմնական կամ առաջին փուլում դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ ի տարբերություն նախկինի, երբ դիմորդը կարող էր հայտագրել մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Սա կարգում կատարված ամենալուրջ փոփոխությունն է:

Կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնում է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: Ընդ որում՝ դիմորդը մինչև հայտագրման ավարտը կարող է կատարել նախընտրած բուհի և մասնագիտության փոփոխություն: ԳԹԿ-ն պարտավոր է ապրիլի 1-ից սկսած առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հայտարարություն, որտեղ կնշվեն ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսելու և ավարտելու ժամկետները, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների անվանումները:

«Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը»,- նշել է Վ. Դումանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի բուհերի դիմորդները հանձնելու են երկու քննություն, ինչը կբացառի նախորդ տարի առաջացած չնախատեսված խնդիրները, որոնք առաջ էին եկել, նաև համավարակով պայմանավորված, մեկ քննությամբ ընդունելություն կատարելու պատճառով:

Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը առցանց լրացնելու տարբերակով:

Պարզաբանելով որոշումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր կարգն ընդունելության գործընթացն առավել հստակեցնելու հնարավորություն կտա:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատական և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:

Հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին բուհ ընդունվել՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու խնդիրը:

Հավելենք, որ Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930