Պետք է համախմբել հասարակությանը եւ միաբանված գնալ արտահերթ ընտրությունների: Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
Նրան արձագանքեց «Իմ քայլից» Արփի Դավոյանը՝ ասելով. «Համախմբվելուց խոսեցին մարդիկ, ովքեր համախմբվելու ժամանակ արագ լքեցին այն թիմը, որն իրենց բերել էր այս խորհրդարան: Պարոն Գոռ Գեւորգյանը ամեն անգամ այս ամբիոնից խոսում է համախմբման եւ միասնականության մասին՝ մոռանալով, որ առաջինն ինքն է խախտել համախմբման, միասնականության եւ թիմային գաղափարախոսությունը եւ արագ դուրս եկել այս թիմից, լքել: Ամեն օր խոսում է բարձրագույն արժեքներից, վեհ գաղափարներից: Այսօր էլ ասաց, թե էական չէ՝ ով կլինի այս խորհրդարանում: Էական է, պարոն Գեւորգյան: Այս խորհրդարանում պետք լինեն մարդիկ, որոնք ցանկացած պարագայում պետք է հավատարիմ մնան այն գաղափարներին, որով եկել են խորհրդարան, դահլիճ, այս շենք, զբաղվում են օրինաստեղծ գործունեությամբ, ոչ թե հարմար պահի գնում ու պաշտպանում ուրիշ մարդկանց շահերը: Ընտրություններում մասնակիցների կենսագրությունները եւ նրանց հետագիծը շատ կարեւոր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ