Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահներն արգելում են օտարերկրյա քաղաքացիների, լրագրողների եւ կազմակերպությունների մուտքը Արցախ

Ապրիլ 01,2021 17:15

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը օտարերկրյա քաղաքացիներին, լրագրողներին, բարեգործական եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելում են մուտք գործել Արցախ։

Ռուսաստանաբնակ հայ լրագրող, 1aitv.ru-ի խմբագիր Նաիրա Բաղդասարյանը ՌԴ ԱԳՆ-ին մարտի 17-ին գրավոր հարցում է ուղարկել, պարզելու՝ ի՞նչ հիմքով են օտարերկրացիներին արգելում մուտք գործել Արցախ։

Լրագրողը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային ուղղված գրավոր հարցման մեջ նշել է․ «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մերժում են օտարերկրյա մի շարք քաղաքացիներին եւ կազմակերպության ներկայացուցիչներին Արցախ մուտք գործել՝ հղում անելով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Մերժվածների թվում են նաեւ բարեգործական կազմակերպություններն ու բժիշկներ, որոնց կարիքն այսօր Արցախը շատ ունի։ Ո՞ր փուլում է այս խնդրի լուծումը»։

Ի պատասխան լրագրողի հարցմանը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրավոր տեղեկացրել է․ «Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվել է ընդամենը մի քանի ամիս առաջ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված 2020 թվականի նոյեմբերի 9-ին հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունը եւ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած գագաթնաժողովը տարածաշրջանում իրավիճակի կայունացման հիմք են դնում։ Շփման գծի երկանքով եւ Լաչինի միջանցքում տեղակայված խաղաղապահ ուժերն ապահովում են անվտանգությունն իրենց պատասխանատվության տակ գտնվող գոտում։ Անշուշտ, տարածաշրջանում պահանջված են ՄԱԿ-ի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար աշխատանքները։ Նրանց աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խաղաղապահ գործողության տարածք մուտք գործելու կարգ: Մասնավորապես, դա ենթադրում է՝ ռուս խաղաղապահներին նախօրոք եւ պատշաճ տեղեկացում նման ուղեւորությունների մասին։ Այդ մասին է տեղեկացվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը։ Հետեւաբար, ձեր հարցումը նախեւառաջ պետք է հասցեագրել պաշտոնական Երեւանին եւ Բաքվին»։

Այն անձանց շարքում, որոնք փորձել են մուտք գործել Արցախ, սակայն ռուս խաղաղապահներն արգելել են՝ կան նաեւ այնպիսի կազմակերպություններ եւ անձինք, որոնց սկզբում մերժել են, սակայն որոշ ժամանակ հետո, հավելյալ դիմումներից հետո այնուամենայնիվ թույլատրել են։

Մոտ 60 օտարերկրյա քաղաքացիներ եւ կազմակերպություններ մուտքի թույլտվություն չեն ստացել։ ՌԴ խաղաղապահների՝ մերժվածների ցանկում են միջազգային լրատվամիջոցների լրագրողներ «BBC News»-ից, «France 24»-ից, «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունից, «M6 French TV» լրատվամիջոցի լրագրողներն ու օպերատորը, «Ազնավուր» հիմնադրամի կամավորը, եւ միջազգային մարդասիրական «Հալո Թրասթը»։

 

 

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930