«Անմեղսունակություն էր Լելե թեփեի օպերացիան իրականացնել այդ ձևով»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Նա վստահեցրեց՝ հետո մեր Նյուրնբերգյան հայկական դատավարությունը ցույց կտա դատավճիռը: Գեղամ Նազարյանը տեղեկացրեց՝ իրենց հիմնադրած «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հետաքննություն է իրականացրել, զրույցներ են ունեցել զինվորների, զինվորականների հետ և խայտառակ բացահայտումներ կատարել: Այդ առիթով նա մանրամասնեց. «Այն, ինչ մենք պարզել ենք մեր լավատեղյակ աղբյուրներից, սարսափելի մի բան է եղել: Մեր զրույցները տարբեր անձանց հետ փաստում են, թե ինչու տեղի ունեցավ այդ պատերազմի հանգրվանը: Վստահորեն կարող եմ ասել, որ մեխը, ելքը վճռվել է հենց Լելե թեփեի օպերացիայի ժամանակ, երբ թե′ դավաճանական, թե′ անմեղսունակ քաղաքական որոշում կայացվեց, որ իրականացվի մի օպերացիա առանց նախապես հետախուզելու տեղանքը, գնահատելու մեր ուժերը: Դա լավ փաթեթավորված, մատուցված օպերացիա էր, ինչպես ամեն մի թույն: Իրականում այդ օպերացիան պետք է լիներ, բայց օպերացիան անցկացվելու համար պետք է ունենալ համապատասխան ներուժ, համապատասխան նախապատրաստություն. ոչ մեկը չի արվել: Տեղի է ունեցել մի այլ հանցագործություն: Մեր գրոհող զորքերը բուն օպերացիայի մասին իմացել են օպերացիայի ժամանակ, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել: Եվ այդ վիճակում դու հարյուր կիլոմետր «մարշ բրասոկ» արած զորքերին հրահանգում ես մի բարդ գործողության իրականացում, դա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն»:
Ըստ Գեղամ Նազարյանի՝ այդ օպերացիան ավելի շատ ոչ թե ռազմական գործողություն է հիշեցնում, այլ ցեղասպանություն: Նա վրդովվեց. «Դիտավորությամբ տանես և ամենամեղմ գնահատմամբ միայն այդ գործողության ընթացքում 650 զոհ տաս, 44 տանկից 42 թողնես մարտի դաշտում: Ի՞նչ է 42 տակը արցախաադրբեջանական հարաբերություններում: Դա մի ուժ է, որը կարող է լուծել ցանկացած պատերազմի ելք: Մենք մի քանի ժամվա ընթացքում տարանք և այդ ամենը նվիրեցինք թշնամուն: Ավելին, այդ գործողության ժամանակ՝ գործողությունը դեռ ընթացքի մեջ, պետության թիվ մեկ պաշտոնյան միջազգային լրատվամիջոցին հարցազրույց է տալիս ու մանրամասներ հայտնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում: Այդ գործողությունը դեռ չսկսած՝ զորքը չգիտեր ինչու են տեղաշարժվում այս կետից մյուսը, բայց ամբողջ Ստեփանակերտը խոսում էր, թե տանկերն ուր են գնում: Եթե Նիկոլ Փաշինյանը РБК-ին հարցազրույցի ժամանակ պատմում է գործողության մասին, այդ մասին, բնականաբար, իմանում են Ադրբեջանում և Թուրքիայում»:
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանի վստահեցմամբ՝ Լելե թեփի օպերացիայի իրական նպատակը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ հենց բանակի ողնաշարը ջարդելը: Նա մանրամասնեց. «Մենք զինվորականների, զինվորների, սպայական կոչում ունեցող մարդկանց հետ երբ խոսում ենք, պարզվում է, որ մինչև բուն գործողությունները էլի մի քանի հակահարվածի անհաջող փորձեր են իրականացվել նույն ուղղությամբ՝ մեծ կորուստներով: Մեր էրեխեքին տարել, դիտավորյալ դրել են հարվածի տակ: Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է՝ ինչ-որ բաներով կարող են շեղել հասարակությանը, և մոռանանք՝ ինչ է եղել, սխալվում են: Բոլոր առողջ ուժերը, որոնք ակնհայտ մեծամասնություն են կազմում, պետք է ակտիվ լինեն, ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը հասկանա, որ ինքը ՀՀ-ում տեղ չունի: Իր միակ տեղը բանտախուցն է»:
Նշենք, որ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամներն են պատերազմում զոհված տղաների ծնողները, պատերազմի մասնակիցները, վիրավորները, նրանց ընտանիքների անդամները: Գեղամ Նազարյանը հայտնեց՝ դիմել են ԱԺ ու նշեց. «Մենք դիմել ենք բոլոր երեք խմբակցություններին: Վստահ եմ՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից արձագանք կլինի, իսկ «Իմ քայլի» առումով կասկածում եմ: Նախաձեռնության անունից նամակներ եմ ուղարկել բոլոր պատգամավորներին և հորդորել չկանգնել այն անձի կողքին, որն առնվազն հինգ հազար երիտասարդի զոհվելու թիվ մեկ մեղավորն է, հանձնել է Շուշին»:
Գեղամ Նազարյանը հայտնեց՝ հավաքել են մեծաթիվ նյութեր, և դրա մեկ տոկոսն էլ բավական է, որ իր բնութագրմամբ՝ պատկերավոր ասած՝ ժողովուրդն այս վարչախմբին գամի անարգանքի սյունին:
Գեղամ Նազարյանը պատմեց, որ երբ տարբեր զինվորականների հետ զրույցներ են ունեցել, հետաքննություն վարել, իրենց արցախյան աղբյուրները որոշ մանրամասներ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության մասին: Նա պատմեց. «Մեր արցախյան աղբյուրները պնդում են՝ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր այդ հայտարարությունն անել, Արցախի և Հայաստանի իշխանությունները պահանջել են, որ նա նման հայտարարություն չանի, քանի որ դա ուղիղ դուռ է բացում դեպի պատերազմ: Ի զարմանս այդ պնդողների՝ մի պահ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ չեմ ասելու: Եղել է մեկ հոգի, որ պնդել է, թե պետք է անես այդ հայտարարությունը: Դա եղել է Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը բոլորի ներկայությամբ ասում է, որ նման հայտարարություն չի անի: Սակայն ի վերջո իր ելույթի վերջում անում է այդ հայտարարությունը, և ականատեսը վկայում է, որ Աննա Հակոբյանը ձեռքի շարժումով իր ուրախության նշաններն է հայտնել այդ ժամանակ»:
Դիմելով ԱԱԾ սպաներին՝ Գեղամ Նազարյանն ասաց. «Տղե′րք, ձեր գործը ոչ թե ֆեյք բռնելը, ցույցերին ինչ-որ մեկին քաշքշելն է, այլ պարզելը, թե քանի քաղաքացիական անձինք են, բացի Աննայից, եղել բունկերում, տեսեք՝ ումից ինչ են ստացել: Թե՞ բավարարվեցինք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ Աննա Հակոբյանը բունկերում բարոյական աջակցություն է ցուցաբերել: Առանց այդ հարցերի պատասխանները տալու ինչ-որ մեկը մտածում է գնալու է ընտրության, ժողովրդին նորից խաբի: Նա ժողովրդին բաժանեց սևի- սպիտակի, էլիտայի և աղքատների, հանցագործների և արդարների, հիմա էլ գելխեղդերի և գայլերի է բաժանում: Անընդհատ իր դերը հասարակությանը պառակտել, թուլացնելն է: Մենք պետք է հանրային վերաբերմունք ցույց տանք: Մենք պետք է այս Լելե թեփեի, Ջեբրայիլի խայտառակ գործողությունները ունենալով մեր աչքի առաջ. 650-820 երեխա է զոհվել, ամեն երեխայի հետևից մի տուն ընտանիքի մի երկիր է, մենք չպետք է ձև անենք, թե ինչ է եղել, որ: Այդ հասարակությունը չի կարող ապրել, ինքը ոչ թե պետություն ունենալու իրավունք չունի, այլ տարածքում կոմպակտ ապրելու իրավունք էլ չունի: Հանկարծ չթվա, որ մեր հերոս տղերքի ընտանիքների անդամները, մենք լռելու ենք»:
Գեղամ Նազարյանը նաև հայտնեց, թե զոհված տղաների ծնողների հոգեբանության վրա իշխանության ներկայացուցիչները փորձում են ազդել՝ նրանց ասում են, թե ձեր այդ կարգավիճակով անբարոյական է դուրս գալ, ինչ-որ կարծիք հայտնել, դուք պետք է անպայման լինեք տանը նստած, սգաք, տխրեք: Հետո էլ հավելեց. «Դրանից հետո այդ ծնողներից մեկը կապվում է ինձ հետ, ասում՝ ինձ նման բան են ասել: Բայց երբ բացատրում եմ, հասկանում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ