Ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից 120 կողմ ձայնով միաձայն ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։
Բանաձևում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորը մտահոգություն է հայտնվում, ռազմագերիների և բռնի կերպով պահվող այլ անձանց, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների համաձայն, ազատ չարձակման առնչությամբ։
Բանաձևով Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ առանց սահմանափակումների:
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդ
Կարդացեք նաև
Բանաձև
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
1 ապրիլ 2021թ․
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը
ա. հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը լիակատար զինադադարի վերաբերյալ հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին,
բ․ խստորեն դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների, ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը,
գ. մտահոգություն հայտնելով հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ,
դ. շեշտելով, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո,
ե. խորապես մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ բոլոր ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք, ներառյալ՝ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների,
զ. կոչ է անում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին ապահովել.
-պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը,
-բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը.
-միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների: