Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հինգշաբթի օրվան։ Այսօր հիշատակեցինք Վերնատանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը և երեկոյան Խավարման կարգի արարողությամբ մոտենալու ենք այս նվիրական շաբաթվա ամենախորհրդավոր հանգրվանին՝ Ավագ ուրբաթին։
Սիրելիներ, Ավագ ուրբաթ օրը կոչված ենք աղոթքներով ու հոգևոր խոկումներով, զղջումով և ապաշխարությամբ անդրադառնալու մեղքից մեր ազատագրման համար Տիրոջ կրած սոսկալի չարչարանքներին, Նրա քավչարար մահվանը և մեզ համար բացվող փրկության ճանապարհին։
Հենց այս օրը, երբ մենք տրտմությամբ հանդերձ, Սուրբ Հարության ավետիսի խորհրդով փառաբանում և մեծարում ենք Փրկչի մահը, աղոթքով հիշենք մեր հայրենյաց պաշտպաններին՝ նահատակ զավակներին, վիրավորներին, գերության մեջ գտնվողներին և անհայտ կորածներին, ովքեր հանձն առան քրիստոսանման զոհողություններ, և արժևորենք այն գինը, որը վճարվեց հանուն խաղաղության և հայոց կյանքի հարատևության։
Հայրապետիս հորդորն է, որ Տիրոջ խաչելության պատկերը մեր հոգում՝ ամուր մնանք հավատով և հարատևորեն աղոթենք՝ հայցելով Երկնավոր Հոր ողորմությունը մեր հոգիներին, նաև խաղաղություն ու անվտանգություն՝ մեր հայրենիքին, միասնականություն և փորձություններից վեր հառնելու աննահանջ կամք՝ համայն մեր ժողովրդին։
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Մայր Աթոռ Ս․ Էջմիածին
Կարդացեք նաև