ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին:
Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն բնորոշ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ մարտական գործողությունները համակարգելու և անջատ-անջատ գործող կամավորական ջոկատների հիմքի վրա կանոնավոր բանակ կազմավորելու բարդ գործին:
Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Այն կազմակերպվեց և իրականացվեց բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվեց այլ պաշտոնի, ազատագրված էին Տողն ու Շուշին, լռեցված էին Ստեփանակերտը շուրջօրյա գնդակոծող թշնամական կրակակետերն, ու Արցախն ուներ հուսալի ցամաքային կապ մայր Հայաստանի հետ:
ԱՀ ՊԲ ողջ անձնակազմի անունից հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին և մտերիմներին:
Կարդացեք նաև
Նրա անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ: Նրա հիշատակը մշտապես կենդանի է մնալու բոլորիս սրտերում:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյան