Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտությունը տնտեսության հետ կապող շղթաները կտրված են». Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյան

Ապրիլ 01,2021 14:37

«Ես չէի ցանկանա օգտագործել ֆինանսավորում բառը, որովհետեւ խոսքը գնում է հատկացումների մասին, որն ամբողջ աշխարհում գոյություն ունի»,-պատասխանելով Aravot.am-ի` գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ հարցին, նշեց Robomart ընկերության համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը:

Այն դիտարկմանը, որ Հայաստանում գիտության ոլորտին հատկացվում է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, ճիշտ այնքան, որքան Բուրկինա Ֆասոյում, Robomart ընկերության համահիմնադիրը չհամաձայնեց. «Բուրկինա Ֆասոյում գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների վրա ավելի շատ են ծախսում, քան մեզ մոտ: Նրանց մոտ այդ թիվը 0,7 տոկոս է, իսկ 0,2 տոկոսը վերաբերում է Ուգանդային ու Բուրունդիին, բայց դա այդքան էլ կարեւոր չէ, պարզապես թվերը բերվեցին, որպեսզի պատկերացնենք, թե որ երկրների հետ ենք համեմատվում»:

Նրա ձեւակերպմամբ. «Խոսքը գնում է Հայաստանում գիտական հետազոտությունների, փորձարարական մշակումների որակի ու ծավալի բարձրացման մասին` կոնկրետ ծրագրերի միջոցով: Ծրագրերից մեկը, որ մենք առաջարկել էինք, դա բազային աշխատավարձերի բարձրացումն է, որպեսզի դրանք դառնան մրցունակ շուկայում, հատկապես` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շուկայում գործող աշխատավարձերի համեմատ, որովհետեւ բոլոր այն երիտասարդները, որ կարող են գնալ գիտություն, ունեն ընտրություն. իրենք կարող են գնալ մասնավոր սեկտոր, օրինակ՝ ՏՏ ոլորտ ու ստանալ բարձր աշխատավարձ, իսկ 10-15 տարվա փորձ ունեցող մարդը ՏՏ ոլորտում ստանում է միջինը 1-1,5 մլն դրամ աշխատավարձ:

Հարցն այն է, որ գիտությամբ զբաղվելը կյանքի ընտրություն է, ճամփաբաժանի առջեւ ես կանգնում, դու ընտրում ես, թե որտեղ է քո ապագան: Մի կողմում 1,5 միլիոն եւ ավելի աշխատավարձն է, մյուս կողմում այն, որ տարիներ շարունակ ստիպված ես լինելու հարյուր 100 բազային աշխատավարձով բավարարվել, գումարած փոքր գրանտներ: Եվ ինչքան էլ խանդավառված լինես այդ մասնագիտությամբ, դու ընտրելու ես այն ոլորտը, որտեղ կարող ես քո կյանքի մինիմալ մակարդակն ապահովել»:

Տիգրան Շահվերդյանը ասածը հիմնավորում է՝ վկայակոչելով HR ասոցիացիաների կատարած հետազոտություններում առկա թվերը: «Պետք է լինի մրցակցային կոմպոնենտը, որը դրամաշնորհի տեսքով տրվի հավակնորդ ծրագրերի համար, ու այդ դրամաշնորհները պետք է լինեն ավելի խոշոր ու երկարաժամկետ ծրագրերի համար: Մեզ մոտ մինչեւ հիմա հիմնականում կարճաժամկետ ծրագրերի մրցույթներ են իրականացվել: Անցյալ տարի առաջին անգամ 3 տարվա ծրագրերի դրամաշնորհներ են տրվել, որոնք եւ տեւողությամբ են փոքր, եւ ծավալով: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքներ ստանալ, պետք է ունենանք երկարաժամկետ ու խոշոր դրամաշնորհներ, որոնք նաեւ թույլ կտան սարքավորումները թարմացնել: Բացի դրանից, առանձին ծրագրեր են անհրաժեշտ սարքավորումների թարմացման եւ նորերի համար, մասնավորապես՝ կոլեկտիվ օգտագործման կենտրոնների ստեղծման համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ Հայաստանում որոշ գիտական ուղղություններ վերացել են, թերզարգացած են կամ ուղղակի գոյություն չունեն, մինչդեռ հաշվի առնելով Սփյուռքի գիտական հզոր ներուժը՝ կարելի է հատուկ ծրագրեր իրականացնել նրանց համար, օրինակ` ներգաղթի կամ գիտական խմբերի հեռակա ղեկավարման ծրագրեր: Ընդ որում, նրա համոզմամբ, դրանցից որոշները պետք է շտապ իրականացնել:

Տիգրան Շահվերդյանը կարծում է, որ պետք է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման ծրագրերի մրցույթներ անել դրսի ուժեղ գիտական կենտրոնների համար, ներգրավել Հայաստանում ապրող մասնագետներին: Նրա խոսքով, այդպիսի մրցույթներ անում են աշխարհի շատ երկրներ: Եթե 2024 թվականից գիտության բյուջեի առնվազն 4 տոկոսի հատկացման հանձնառությունն ամրագրվի, ժամանակ կունենանք մշակելու համապատասխան ռազմավարություն՝ օգտագործելով նաեւ «Գիտուժի» ներուժը:

«Պետք է ռազմավարություն մշակել, բայց ռազմավարություն մշակելու համար էլ պետք է հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունես, հատկապես, որ ռազմավարությունն այդպես էլ սահմանվում է` նպատակին հասնելու լավագույն միջոցը եղած ռեսուրսներով: Մենք չենք խոսում նրա մասին., որ պետք է ուղղակի ծախսերը մեծացնել, այդպիսի հարց չկա»,-ընդգծեց «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչը:

Հետաքրքրվեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ «Գիտուժի» ներկայացուցիչների հանդիպման մասին, հարցրինք` իրենց ձայնը լսելի դարձե՞լ է, բարձրացրած հարցերը համարժեք արձագանքի արժանացե՞լ են:

«Մեր բարձրաձայնված խնդիրներն ընկալվել են, ընդունվել է, որ նման խնդիրներ կան, բայց առաջարկված լուծումները այդ խնդիրները չեն լուծում, եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Ես կարծում եմ` առաջարկողներն էլ դա շատ լավ գիտեն, մոտավորապես այս իրավիճակում էլ ավարտվել է խոսակցությունը»,-պատասխանեց Տիգրան Շահվերդյանը:

Հարցին` ինչո՞վ է իրենց նախաձեռնությունը տարբերվում գիտության ֆինանսավորման ավելացման մասին բարձրաձայնող այլ նախաձեռնություններից, նա հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ շատ ավելի կարեւոր է սկսել բացատրել խնդիրը, քան բարձրաձայնել ֆինանսավորման անհրաժեշտության մասին: Թերեւս, մյուս շարժումներն էլ են դա արել, գուցե ոչ այդքան շատ, դրա համար տպավորություն է ստեղծվել, որ ուղղակի փող են ուզում, իսկ մենք ցանկացանք ավելի շատ սկսել խնդիրներից, որովհետեւ իրապես դրանք են կարեւոր:

Մի մեծ տարբերությունն այն է, որ մենք գիտնականներ չենք, շարժումը սկսվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համայնքից, մասնագիտական շրջանակներից եւ այլ բնագավառներում գործող գործարարներից, կոպիտ ասած` մենք բնավ մեր բնագավառի հատկացումների մասին չենք բարձրաձայնում, պարզապես ուղիղ տեսնում ենք, թե այդ հատկացումների ավելացման եւ ծրագրերի իրականացման արդյունքը ինչպես կազդի երկրի տնտեսության եւ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա:

Մենք ամեն օր բախվում ենք խնդիրների, որոնց արմատը գտնում ենք նրանում, որ Հայաստանում գիտական հետազոտություններին, փորձարարական մշակումներին լուրջ ուշադրություն չի տրվում, կարեւոր շղթաները, որոնք կապում են գիտությունը տնտեսության հետ, կտրված են այն պատճառով, որ գիտական համայնքը վատ վիճակում է Հայաստանում, ու այդ շղթաներից ամենակարևորներից է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Վերջիններս գիտական ճանապարհը սկսելով եւ դրանից մի պահ կտրվելով են` գալիս են մեզ մոտ, բայց նաեւ խնդիր կա, որ այդ մասնագետներին կրթողներ լինեն, որոնք հենց գիտնականներն են:

Որոշ ուղղություններում մենք տեսնում ենք, որ գիտնականների լուրջ պակաս կա, օրինակ, համակարգչային գիտություններում, որը մեր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ամենամեծ կտորն է, մենք չունենք այն գործընկերները գիտության մեջ, որոնց հետ կարող ենք համագործակցություն ձեւավորել…Աշխարհի առաջատար երկրները հատկացումներ են արել, որպեսզի գիտությունը զարգանա, որից հետո տնտեսության հեր կապերը սկսեն գործել: Պետությունը պետք է հանդիսանա հիմնարար պաշտպանը: Բոլոր տեղերում, որտեղ հիմնավորում են, թե ինչու պետք է երկիրը հատկացումներ անի հիմնարար հետազոտությունների համար, բերվում է հետեւյալ փաստարկը` կա մրցակցություն տաղանդների համար` մասնավոր ընկերությունների հետ: Եթե նույնիսկ մասնավորներից 1000-ը պայմանավորվեն, որ մարդուն չեն տանելու գիտությունից, հաստատ կգտնվի 1001-րդը, որ չի համաձայնի ու տաղանդին կտանի: Ասածս այն է, որ գիտնականի կարիերան պետք է դառնա մրցունակ»:

Կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի Aravot.am-ում արված դիտարկմանն էլ անդրադարձ եղավ: Տիգրան Շահվերդյանը հետաքրքիր որակեց նրա արած վերլուծությունը գիտության ոլորտի վերաբերյալ, սակայն տարօրինակ համարեց «Գիտուժին» տրված գնահատականը. «Անհասկանալի էր, թե ինչով է պայմանավորված «Գիտուժի» հանդեպ նման վերաբերմունքը: Ես չգիտեմ ինքը մեր համայնքից որեւէ մեկի հետ կապվե՞լ է, հարցրե՞լ է, թե ինչ ենք ուզում անել, ինչու ենք հարցը բարձրաձայնում»:

Շատ երկրներում մասնավորի` գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների վրա ծախսվող միջոցներին էլ անդրադարձ եղավ: «Մասնավորի ծախսը հիմնականում տեղի է ունենում հենց մասնավորում, եւ մասնավորը հիմնականում կենտրոնանում է կիրառական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների վրա: Պետության դերը հիմնականում հիմնարար, որոշ չափով` կիրառական հետազոտությունների համար հատկացումներն են լինում, եւ ինչ-որ մասով փորձարարական մշակումների այն գործերի համար, որտեղ պետությունը պատվիրատուն է, օրինակ, անվտանգության սեկտորի համար: Հիմնարար հետազոտությունների պարագայում տնտեսական արդյունքը կարող է շատ հեռու լինել, նույնիսկ չիրականանալ, այդպիսի հեռակա, ռիսկային պլանավորում մասնավորը չի կարող իրեն թույլ տալ, սակայն դա չի նշանակում, որ պետք չէ, որովհետեւ հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտական խումբը կոմպետենցիաների կենտրոն է, որին կարող են դիմել տարբեր մասնավոր ընկերություններ: Այդ խումբը սպասարկում է տարբեր խաղացողներին:

Իսկ եթե մասնավորը սկսի ֆինանսավորել, դրանից մի կենտրոն է օգտվելու, ոչ թե ամբողջ էկոհամակարգը, այստեղ հանրային շահ ստեղծելու խնդիրն է, որը պետք է պետությունը կատարի, որովհետեւ կոմպետենցիաների այդ կենտրոնը ստեղծելով, որից կարող են օգտվել շատերը, տնտեսությունն է զարգացում: Նաեւ պետք է հասկանալ, որ այդ խմբից դուրս են գալիս մասնագետներ, որոնք գնում, աշխատում են մասնավոր սեկտորում, այդ խմբի գիտնականները դասախոսություններ են կարդում հիմնականում ինժեներների նաեւ այլ պրոֆեսիոնալների համար»:

Տիգրան Շահվերդյանն ընդգծում է. «Մենք ասում ենք` պատրաստ ենք աջակցել, նույնիսկ մեր դերից ինչ-որ առումով դուրս ենք գալիս: Մեր համայնքում կան մարդիկ, որոնք կոնկրետ հատկացումներ են անում հենց գիտական հետազոտությունների համար, որոնց համար իրենց ընկերությունը շահառու չէ, բայց գիտեն, որ էկոհամակարգի համար կարեւոր է: Մենք նույնիսկ այսպիսի գործ ենք անում, որի դերը պետությանն է վերապահված: Ամեն դեպքում, շարունակելու ենք դա անել, բայց հարցն այն է, որ մեր համայնքը վճարում է հարկեր եւ սպասում է, որ այդ հարկերը ճիշտ վերաբաշխվեն, որպեսզի պարարտ հող ստեղծվի տնտեսության զարգացման համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930