Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց բուհերի ընդունելության այս տարվա կարգում:
«Ընդունելությունը կկատարվի 2 փուլով. Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակն՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների: Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք իրենց արդեն հանձնել են: Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթն ավելի բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը»,-կառավարության նիստում ասաց նա ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ըստ նրա, ի տարբերություն նախորդ տարվա, երբ որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն:
Նախարարը նաեւ ասաց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը 22 300 է:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Դիմորդը առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի եւ մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ: Հիմա քննություններն ավարտվեցին եւ պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ոչ վճարովի, ոչ անվճար տեղերը: Սրանից հետո, նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկային հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ