Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Ապրիլ 01,2021 13:50

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին:

Գործադիրը սահմանել է պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները: Սահմանված կարգավորումներով նախատեսվում է հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը:

Մեխանիզմի գործարկումն նախատեսվում է իրականացնել հետևյալ կարգով՝

• պայմանը կիրառել 2021թ. ընթացքում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին մրցույթով, գնանշման հարցմամբ կամ էլեկտրոնային աճուրդով կազմակերպվող գնման այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակում կնքվող պայմանագրի գինը գերազանցում է 1 մլն դրամը.

• պայմանագիրը կատարելու ժամանակ օգտագործվելիք հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների (նյութերի) նվազագույն չափը սահմանել առնվազն 50%-ը՝ հանրագումարային ձևով, իսկ փոխհատուցման չափը՝ պայմանագրի գնի 1%-ը.

• մեխանիզմի կիրառումը նախատեսել որպես մասնակցին ընձեռված հնարավորություն, որից վերջինս կարող է հրաժարվել.

• փոխհատուցումն իրականացնել պայմանագրի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո, պայմանով, եթե հաստատվում է օգտագործված ռեսուրսների հայաստանյան ծագում ունենալու փաստը:

Փոփոխություններ՝ բուհերի ընդունելության գործընթացում. հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության հայտագրմամբ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, մասնավորապես, մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլով նախատեսվում է բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական և լրացուցիչ փուլերով, փոփոխվել են նաև հայտագրման ժամկետները և կարգը։ Ըստ այդ ՝ առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը: Երկրորդ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումն է։

Որոշմամբ սահմանված է նաև, որ հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Սահմանվել է նաև արտոնություն Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի: Տվյալ մասնագիտությունից կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդը անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու հնարավորությանը։ Փոփոխությունների արդյունքում կկանոնակագվի բուհերում ընդունելության գործընթացը, կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը՝ ընդգծելով մասնագիտության ընտրության կարևորությունը:

Կառավարությունը շարունակում է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է: Այսօրվա դրությամբ կառավարության համապատասխան որոշմամբ ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 205 մլն դրամ՝ 1373 շահառուների: Որոշմամբ նախատեսվում է տրամադրել ևս 590 մլն դրամ՝ 2840 շահառուների:

Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այն ժամանակ, երբ ընդունում էինք որոշումը, մենք նկատի ունեինք 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակը, բայց հետագայում ձևափոխվեց այնպես, որ ուղղակի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի, որովհետև կան ուսանողներ, ովքեր հիմա շարունակում են ծառայությունը: Նրանք ծառայությունից կվերադառնան և ուսանողի կարգավիճակը կվերականգնեն 2021-2022թթ. ուսումնական տարում: Նրանց այդ իրավունքը կպահպանվի, այսինքն` դա ժամանակի հետ կապված չէ»: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս որոշման ընդունումը բխում է նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզից: «Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար և այն կիրականացվի այնքան, ինչքան կպահանջվի, որպեսզի բոլոր 7000 շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք»,-ընդգծել է վարչապետը:

Գործադիրը հաստատել է բուհերի 2021/2022 ուստարվա ընդունելության անվճար ուսուցման տեղերը. հաշվի է առնվել նաև աշխատաշուկայի պահանջարկը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ բուհերին առաջարկվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար: Ըստ այդմ՝ 2021/2022 ուստարվա ընդունելության համար կառավարությունը հաստատել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետության կողմից ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ իրականացնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումը նախատեսվում է կենտրոնացնել առարկայական վերապատրաստման և ընդհանուր մանկավարժական գիտելիքների, աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման վրա, քանի որ վերջին տարիների ընթացքում էականորեն փոխվել են ինչպես գիտությունները, գնահատման եղանակները, այնպես էլ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնց միջոցով իրականացվում է ուսուցման գործընթացը նոր մեթոդներով և ռազմավարություններով:

Պետական աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին

Կառավարությունը հաստատել է Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը: Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի են ընդունել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց)` նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին այն զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սո յն միջոցառման շրջանակում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա չեն հանդիսացել հարկ վճարող։ Նշված անձանց զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցություն տրամադրել այդ անձանց աշխատանքի ընդունած գործատուներին՝ նրանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ընդ որում, աշխատանքի տեղավորա ծ յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով: Միջոցառման շրջանակում աշխատատեղի հարմարեցման համար աջակցության տրամադրումը նախատեսվում է իրականացնել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստ ցած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։

Ըստ հիմնավորման՝ hանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։

Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից. նա կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակյալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, ձևավորվել: Դա բավականին բարդ աշխատանք է, որն արվել է բավականին լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում»,-ասել է վարչապետը:

Օրենսդրական նախաձեռնություններ. կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: Հիմնավորման համաձայն, օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացն ում փոխադրողների համար:

Ըստ այդմ, տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների կողմից տարբեր տիպի՝ այդ թվում բանավոր գովազդը: Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200000 դրամ: Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները: Սահմանվում է նաև վարչական տույժ խախտումների դեպքում:

Կընդլայնվի սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Գործող օրենքով՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։ Ըստ այդմ, նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Կառավարությունը նախատեսում է ներդնել գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ

Կառավարությունը հաստատել է Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թթ. միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությամբ և ռազմավարության կիրարկումն ապահովող մինջոցառումների կիրառմամբ առաջարկվում են աղբահանության կայուն և արդյունավետ համակարգի ներդրման համար լուծման ուղիներ՝ նպատակաուղղված հանրապետության աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, բնագավառում կայուն կառավարման համակարգի ձևավորմանը, ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը, բնագավառում պետակ ան կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի և վերահսկողական միասնական համակարգի ներդրմանը, ինչպես նաև աղբի քանակի նվազեցման, վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման և էներգիայի վերականգնման մեխանիզմների ներդրմանը և համակարգում մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմանը։ Արդյունքում՝ հանրապետության ողջ տարածքում կներդրվի գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի միջոցով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում, կամ այլևս չեն բավարարում Հյաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար փոխադարձաբար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ վավեր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար ուղևորության ընթացակարգերը: Կողմերից մեկի պետության՝ վավեր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներն ազատվում են մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այն տարանցելու և այդ տարածքում մնալու համար մուտքի արտոնագրի պահանջից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով` սկսած մուտքի օրվանից:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Նպատակներից է նաև՝ ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ: Համաձայնագրով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

Հավանություն է տրվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի մասին» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Պայմանագրի նպատակն է ապահովել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (ՖԱԹՖ) 2012թ. վերանայված միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավապայմանագրային բազայի գործողությունը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100.000.000 չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնվելով 2013-2020 թվականներին ՀՀ-ում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքների վրա, ոււսումնասիրելով և վերլուծելով վերջին 10-20 տարվա սպորտային պատրաստության գործընթացի արդյունավետության և էֆեկտիվության պատճառները՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ներդնել համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր՝ հագեցած նպատակա ին և կարևորագույն ինովացիոն մեթոդներով: Ծրագրի նպատակն է օգտագործելով հոգեբանության ժամանակակից օբեկտիվ գործիքային մեթոդները և հոգեբանական աջակցության հնարավորությունները՝ ապահովել մարզիկների բարենպաստ և կայուն ֆունկցիոնալ վիճակը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած, ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 2/32 շենք հասցեում բնակվող ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930