«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների հարցն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում: Սոֆյա Հովսեփյանը հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին հարցրեց, թե ինչո՞ւ են առհասարակ փոխում, այն էլ՝ այսպես հապճեպ: Հովակիմյանը պատասխանեց. «Գործող օրենսգրքով քաղաքացին գնում է ընտրատեղամաս, տալիս են մասնակից քաղաքական ուժերի թվով քվեաթերթիկներ, որն ընտրում, վերցնում է այդ քվեաթերթիկը, հաջորդ էջում նշում է անում այն թեկնածուին, որին ուզում է՝ դնում է ծրարի մեջ: Այս փոփոխություններով միայն ընտրելու է քաղաքական ուժի քվեաթերթիկը, առանց գրիչի դա դնում է ծրարի մեջ ու գցում քվեատուփը: Պարզեցված է»:
Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ ԿԸՀ նախագահը 3 տասնյակ առարկություն է գրել ու ուղարկել, ի՞նչ տեղեկություններ ունեք՝ Հովակիմյանը պատասխանեց, որ 30 առարկությունները վերաբերում են մեծ նախագծին, որն այսօր չի քննարկվում, այնտեղ շեմի իջեցման եւ այլ փոփոխություններ էլ կան:
Թովմասյանը հարցրեց, թե մասնագիտական հանձնաժողովների կարծիքին չսպասելով՝ ընդունում եք նախագիծը, եթե չէիք լսելու նրանց, ինչո՞ւ էիք ուղարկում՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ դեռ 2016-ից Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ տարածքային ցուցակները հանելը դրական կազդի, այսինքն, այս առումով կարծիքը գիտի:
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյանն ասաց. «Այն, ինչ քննարկում ենք՝ ձեր իշխանության ամոթն է: Հիմա քննարկում ենք ՀՀԿ-ի հանցավոր իշխանության հավերժացումը երաշխավորող «Ընտրական օրենսգրքում» չնչին փոփոխություն ընդամենը: Մինչդեռ հեղափոխությունից 3 տարի է անցել: Ի՞նչն էր խանգարում, որ այս ժամանակահատվածում մենք նոր «Ընտրական օրենսգիրք» ընդունելու ընդունակ լինեինք»:
Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ «այդ փոքր ամոթի պահը ստացվում է, որ մայիսին ենք խորհրդարանի երեսից մաքրելու», քանի որ համահեղինակներ են: Իսկ թե ինչու չեն արել մինչ օրս՝ նա բացատրեց այսպես, որ գործընթացները զարգանում էին այն ուղղությամբ, որ նոր Սահմանադրության նախագիծ էր առաջարկվելու, որով էական փոփոխություններ էին տեղի ունենալու, ճիշտ հերթականությունը կլիներ նախ դա անել, նոր անցնել «Ընտրական օրենսգրքին»: Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական ճգնաժամի առջեւ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ