Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի համար 20 միլիարդ դրամով գերակատարվել են. Փաշինյան

Ապրիլ 01,2021 12:38

Առաջին եռամսյակի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով: Ե՛ւ առեւտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով, ե՛ւ մարտ ամսվա տվյալը՝ առանձին վերցրած, էական աճ է արձանագրել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգին անցնելը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց տվյալները.

«Առեւտրաշրջանառության եւ կատարված գործարքների մասով՝ մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավել է 8 միլիոն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 միլիարդ դրամ։ Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը 116,8 միլիարդ դրամ է, գործարքների քանակով՝ 6 միլիոն 200 հազար հատ»:

ՊԵԿ նախագահը նաեւ ասաց, որ կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ առաջին կիսամյակի համար սահմանված է եղել 305 միլիարդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 միլիարդ դրամ։

«Դրամական տարբերությունը 27,9 միլիարդ դրամ է, սակայն, հաշվի առնելով, որ 332,9 միլիարդ դրամի մեջ ներառված են նաեւ դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 միլիարդ դրամ, եւ նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 միլիարդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 միլիարդ դրամ»,-պարզաբանեց էդվարդ Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Քանի որ բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 միլիարդ դրամով՝ առաջին եռամսյակի արդյունքներով, Ֆինանսների նախարարությունն առաջարկում է պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնել 40 միլիարդ դրամով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930