Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեր ուզած օրը ընտրություն անենք՝ ձեր ուզած օրենսգրքով, է՞լ ինչ եք ուզում անենք, որ լավ լինի ձեր համար». Էդմոն Մարուքյանը՝ Վահագն Հովակիմյանին

Ապրիլ 01,2021 12:25

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Արման Բաբաջանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Համազասպ Դանիելյանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների հարցը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը նախընտրական խոստում են տվել ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու: 2018-ին էլ այդ ուժերը վերահաստատել են, որ ռեյտինգային ցուցակներին դեմ են, ուստի կարելի է եզրակացնել, որ կա հանրային պահանջ՝ այս փոփոխություններն անելու:

Նախագծով նաեւ սահմանվում է, թե ինչպես պետք է ընտրական գործընթացները կազմակերպեն՝ համավարակային այս պայմաններում խնդիրներ չստեղծելու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անմիջապես հերքեց Հովակիմյանի տեղեկությունը՝ ասելով որ սուտ է խոսում. «Լուսավոր Հայաստանի որեւէ նախընտրական ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք: Նաեւ որքանով տեղյակ եմ, մյուս ընդդիմադիր ֆրակցիայի ծրագրում չկա գրված, այդ որտեղի՞ց եք ամբիոնից նման բաներ խոսում»: Նա ասաց, որ 2018-ին հապճեպ պետք էր նման փոփոխություններ անել, որ ընտրությունները չկեղծվեն, բայց միշտ պնդել են, որ տարածքները անտեսել ու միայն համամասնական ցուցակ սահմանելը սխալ է:

Ավելին՝ Մարուքյանը վստահեցրեց, որ Վենետիկի հանձնաժողով ուրիշ նախագիծ են ուղարկել, այստեղ լրիվ ուրիշ նախագիծ են ընդունում, ո՞ւմ են ուզում խաբել, մարդիկ չե՞ն հասկանում, որ ուրիշ նախագիծ է:

Հովակիմյանը արձագանքեց, որ տարածքները անտեսելու հարցը լուծվում է համամասնական ցուցակով. «Վենետիկի հանձնաժողովի հետ կապված ասեմ՝ այն, ինչ այս փոփոխությամբ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Այստեղ չկա որեւէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել»:

Մարուքյանը արձագանքեց. «Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր «Ընտրական օրենսգրքի» նախագիծ, այս նախագիծը, ինչը դուք բերել եք, չի ուղարկվել, դա փաստ է…Ձեր ուզած օրը ընտրություն անենք՝ ձեր ուզած օրենսգրքով, է՞լ ինչ եք ուզում անենք, որ լավ լինի ձեր համար»:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ երբ նախագիծը պատրաստ էր, հաշվի առնելով այն փաստը, որ այն արտահերթ ռեժիմով պետք է քննարկվեր, նախագիծն ուղարկվել նաեւ ՀՀ նախագահին, որպեսզի եթե առարկություններ ունի նախագահը, հեղինակներին զգուշացնի:

Գոռ Գեւորգյանը հարցրեց. «Որ ասում եք՝ ընտրությունները ճգնաժամը հաղթահարելու կարեւորագույն եւ գրեթե միակ տարբերակն են, դասագրքային ճշմարտություն է: Դուք, որպես տվյալ օրակարգը առաջ բերած ուժի ներկայացուցիչ, ունե՞ք որեւէ համոզմունք, որ գալիք ընտրությունները թույլ կտան, որ մեր ժողովուրդը հաղթահարի ճգնաժամը»: Հովակիմյանը պատասխանեց՝ միանշանակ, այո: Գեւորգյանը չհամաձայնեց. «Հասարակության մեջ առկա խորը անջրպետը, ատելության մթնոլորտը, պարբերաբար հորդացող լուտանքը հազիվ թե հնարավորություն տա մեզ բոլորիս առ այն, որ այդ ընտրությունները թե՛ նախընտրական, թե՛ ընտրական եւ թե՛ հետընտրական շրջանում կարող են այդ բոլոր հարցերի լուծումը տալ: Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաեւ հետեւանքներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930