Մարտի 18-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Թե ում հետ էր նա այդ հարցը քննարկել, արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյա՞կ էր դրանից, թե՞ ոչ, որեւէ մեկը չասաց։ Մարդն ինքն իր համար որոշել է, որ պետք է ընտրություն անցկացնել, ու վերջ՝ այդ մասին հայտարարում է։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ այդ օրերին կապ հաստատել չէր լինում, ինչը եւս տարօրինակ էր, տպավորություն էր, թե ԿԸՀ-ում էլ չգիտեն ինչ պատասխանեն, դրա համար չեն արձագանքում զանգերին։ Երեկ կարողացանք խոսել Տիգրան Մուկուչյանի հետ։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իր հետ քննարկել-համաձայնեցրե՞լ է հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, ընտրված օրը, Մուկուչյանն անորոշ պատասխան տվեց․ «Ընտրությունների օրվա նշանակման մեխանիզմը սահմանված է, չէ՞։ Էդ կարգով նշանակվում են ընտրություններ, դրանից հետո ԿԸՀ-ի գործառույթները սկսվում են»։
– Այսինքն՝ Ձեզ համար անակնկա՞լ էր նրա որոշումը։
– Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են։
Կարդացեք նաև
– Այդուհանդերձ, վարչապետը Ձեզ հետ քննարկե՞լ է ընտրությունների անցկացման օրը, թե՞ չի քննարկել։
– Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նման հարց չի քննարկվել։
– Այսինքն՝ Դուք էլ առաջին անգամ նրա հայտարարությունից եք իմացել այդ մասին։
– Այդ հայտարարությանը ծանոթացել եմ էնպես, ինչպես մյուսները։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: