«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ազատել անշարժ եւ շարժական գույքի հարկից:
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցն ու Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ են դրել 2 նախագիծ, որոնցից մեկով առաջարկվում է անշարժ եւ շարժական գույքի հարկից ազատել մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը: Փոխադրամիջոցի գույքահարկից ազատելու համար անձը պետք է նաեւ վարորդական վկայական ունենա:
Մյուս նախագծով նախատեսվում է, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները օգտվեն ՀՀ տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից: Նշենք, որ տրանսպորտից անվճար երթեւեկելու կարգն այս պահին գործում է գործող զինծառայողների եւ ԵԿՄ վարչության անդամների համար:
Առաջարկվում է նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում սահմանել, որ վերոնշյալ անձինք կարող են օգտվել այդ հանգստյան տներում իրենց հանգիստն անցկացնելու իրավունքից:
Կարդացեք նաև
Վերջին փոփոխությունն այս նախագծով կրթության եւ մշակույթի ոլորտի մասին է: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝
ա) դպրոցական դասագրքերը ստանում են անվճար.
բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից.
գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն).
դ ) անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ:
Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում հայտնեց, որ այս նախագիծը վերաբերում է ե՛ւ քառօրյա, ե՛ւ արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին:
Հարցին՝ նախագիծը կամավորներին է՞լ է վերաբերվելու, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր անձանց է վերաբերվելու՝ լինի կամավոր, ժամկետային, պայմանագրային, թե պահեստազորային: Նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու են համարվում բոլորը՝ անկախ նրանից, կամավոր են եղել, թե պահեստազորային կամ ժամկետային»:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: