Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իրադարձությունների զարգացմանը հետևելու դեպքում կարող ենք տեսնել, որ ամեն ինչ որոշակի ցիկլերով է զարգանում: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի հետ զրույցում նշվածի համատեքստում նախ դիտարկել ենք հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը:
Ինչ վերաբերում է ոչ միայն Փաշինյանի, այլև իշխանության շատ այլ ներկայացուցիչների պրոթուրքական թեզերին, նա նշեց, որ, մեծ հաշվով, սա այն իրավիճակն է, ինչի մասին այս երեք տարվա ընթացքում ասում էին փորձագիտական բազում շրջանակներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: «Այս իշխանությունները գլոբալ առումով երկու առաքելություն ունեն. առաջին՝ լուծել Ղարաբաղի հարցը: Լուծել ասելով՝ նկատի ունենք հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին: Երկրորդ՝ մոռանալով Ցեղասպանության հարցը, այսպես ասած, կարգավորել հայթուրքական հարաբերությունները և թուրքական կապիտալի ներհոսք ապահովել Հայաստան, ինչը հետագայում նշանակելու է ռուսական զորքերի դուրս բերում տարածաշրջանից: Հիմա այս իշխանություններն իրենց այս ծրագրի երկրորդ մասն են իրականացնում:
Իրենք Արցախը, կարելի է ասել, հանձնեցին Ադրբեջանին, և հիմա Հայաստանը չի հանդիսանում ԱՀ անվտանգության երաշխավորը, թեպետ Ն. Փաշինյանն այնպես է արել, որ ՀՀ-ն անգամ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Ինչևէ, ամեն դեպքում, ռուսական կողմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության արդյունքում մենք կարողացանք պահել այդ մոտ 3000 քառակուսի կմ տարածքը, բայց ընդամենը հինգ տարով: Տրամաբանական է, որ այն ուժերը, որոնք կանգնած են Փաշինյանի հետևում, այդ հինգ տարիների ընթացքում այնպիսի իրողություններ պետք է կարողանան ստեղծել տարածաշրջանում, որ անհրաժեշտ չլինի ոչ միայն խաղաղապահների առկայությունը, այլև ընդհանրապես ռուսական զորքերը դուրս բերվեն տարածաշրջանից:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի ներկայությունն այստեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և այդ երկրները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու մեր ֆիզիկական գոյությանը: Եթե դու ֆորմալ առումով հարաբերություններ ես հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սահմաններ ես բացում, ռուսական զորքերի ներկայությունը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում ընդհանրապես անտրամաբանական է դառնում:Հետևաբար, իրենք հիմա ամեն ինչ պետք է անեն, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատեն: Իսկ թուրքական կապիտալի ներհոսք ապահովելով՝ կհանգեցնեն նրան, որ ռուսական կապիտալն այստեղ որոշակի կնվազեցնի իր ներկայության չափաբաժինը: Մեծ հաշվով, իրենք ամեն ինչ անելու են, որ ռուսական զորքը դուրս գա այստեղից. դա է իրենց նպատակը»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերը չմտան Հայաստան ու ռազմական ագրեսիայի չդիմեցին միայն նրա համար, որ այստեղ կար ռուսական զորքի գործոնը. «Մեծ հաշվով, պետք չէ ինչ-որ պատրանքների մեջ ընկնել: Եթե այստեղ ռուսական զորքը չլինի, այլևս ոչինչ Թուրքիային չի խանգարելու ևս մեկ քաղաքական ակտ իրականացնել: Հետևաբար, պետք է հասկանանք հետևյալը. Թուրքիայի հետ հարաբերությունների, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով Հայկական հարցը լուծելու համար»:
Ամփոփելով՝ նա հավելեց. «Հայաստանին կործանման բերող իրենց ծրագրերն իշխանությունները փաթեթավորում են «դրական» օրակարգով: Օրվա կուրսով ապրող իշխանություններն իրենց պատկերացմամբ «պոզիտիվ» օրակարգ են թելադրում մարդկանց, ասում՝ թուրքերը կգան, լավ կապրենք: Մեծ հաշվով, թմրեցնելով մարդկանց զգոնությունը՝ իրենք մեզ գլոբալ աղետի առջև են կանգնեցրել: Մենք վտանգավոր հանգրվանի առջև ենք կանգնած, ինչը չեն հասկանում շատերը, այդ թվում՝ ընդդիմության ներսում: Մենք, որպես պետություն, որպես քաղաքական միավոր, ֆիզիկական ոչնչացման եզրին ենք կանգնած: Եվ սա նաև այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերոջդ հետ հարաբերությունները հնարավորինս փչացրել ես»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։