Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Համբարձումյան. Շատ լուրջ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որն ԱԱԾ-ի հետ բացարձակ կապ չունի. «Հրապարակ»

Ապրիլ 01,2021 10:40

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռ չի ազատվել պաշտոնից, չնայած մամուլով նրան արդեն պաշտոնանկ են արել։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունն արդեն նրան փոխարինող է պատրաստում։ Խոսքը նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որին ընդամենը 5-6 օր առաջ «իրավունքի ուժով» նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ինչպես Արգիշտի Քյարամյանի դեպքում էին արել, իսկ երեկ արդեն ազատեցին այս պաշտոնից ու նշանակեցին ԱԱԾ տնօրենի տեղակալ։

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս նշանակմանն ու տեղափոխություններին։
«Անկեղծ ասեմ՝ ես հասկանում եմ Քննչական կոմիտե տանելու, էնտեղից ԱԱԾ բերելու իմաստը, քանի որ, էսպես ասած, իրավաբանական ֆինտ կա, որը գործադրում են ԱԱԾ բարձր պաշտոնի նշանակելու համար, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս ցանկացած մարդու կամայական բերեն ու էդ պաշտոնում նշանակեն։ Եվ, ճիշտն ասած, ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքը, որն այդ սահմանափակումը մտցրել է, սրանով իմաստազրկվում է։ Կամ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողը՝ դեպարտամենտի պետեր, վարչության պետեր, ովքեր բավականին արժանիքներ ունեցող փորձառու մարդիկ են եւ, բնականաբար, սպասում են ծառայողական առաջընթացի, հիմա, երբ որ էս հնարքը, ֆինտն օգտագործվում է, նման պաշտոններում հայտնվում են ԱԱԾ աշխատակիցներին անծանոթ, իրենց որակական հատկանիշների մասին որեւէ տեղեկություն չունեցող մարդիկ։ Եվ, բնականաբար, կարծում եմ՝ սա իր բացասական ազդեցությունն է ունենում նաեւ հոգեբանական իմաստով ներսում»,- ասաց պարոն Համբարձումյանը։

– Հիմա մենք, փաստորեն, եթե Սիմոնյանն էլ նշանակվի, իհարկե, կունենանք ԱԱԾ արդեն վեցերորդ տնօրենը՝ վերջին երկուսուկես տարում։ Սա ազգային անվտանգության սպառնալի՞ք չէ։

– Ես դրա հետ կապված ասել եմ իմ կարծիքը, ոչ թե սպառնալիք է, այլ ուղղակի անթույլատրելի է նման մոտեցումը։

– Պարզապես, հաշվի առնելով ավանդույթը, մեխանիզմը, ենթադրելի է, որ Աբազյանին հանելու են, որ Սիմոնյանին նշանակեն։

– Էլի եմ ասում՝ Դուք էդպես մի նայեք հարցին, Դուք նայեք կատարված փաստին։ Շատ լուրջ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որն ԱԱԾ-ի հետ բացարձակ կապ չունի, համենայնդեպս, որքանով ես եմ տեղյակ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930