Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիները սկսել են Հայաստանում սեփական բիզնեսը դնել, սրճարաններ, բարեր ու սննդի կետեր են սկսել բացվել, որոնց սեփականատերերը իրանցիներ են. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 01,2021 10:04

Համավարակով պայմանավորված սահմանափակումների եւ գրեթե մեկ տարվա դադարից հետո իրանցիները կրկին Հայաստանում էին՝ տոնելու Նովրուզը՝ իրանական Նոր տարին: Հարեւան երկրում Նովրուզը նշվում է մարտի 20-21-ին՝ գիշերահավասարի օրը՝ որպես բնության զարթոնքի ու հողագործական աշխատանքների մեկնարկի կետ: Իրանցիների համար մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են լինում, շատերն առիթը օգտագործում են երկրից դուրս գալու համար:

Նշենք, որ նոր կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրներից է մեր հարեւան Իրանը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից «Հայկական ժամանակին» հայտնեցին՝ Իրանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի թույլտվության համար գործում է նույն կարգը, ինչ մեր երկիր մուտք գործող ցանկացած, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու համար (Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 11-ից Հայաստան մուտք գործող անձինք կա՛մ պիտի իրենց հետ ունենան սահմանված ժամկետում վավեր նմուշառման (թեստի) պատասխան, կա՛մ անցակետում նմուշառվեն, իսկ եթե ոչ, պարտադիր պիտի ինքնամեկուսացվեն):

Շրջայցի ընթացքում հանդիպեցինք հիմնականում խմբերով շրջող իրանցիների: Նրանք այստեղ էին եկել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Անգամ մի քանի դեպքերի ականատես եղանք, երբ մեկը մյուսին ինչ-որ շինություն կամ վայր էին ցույց տալիս, բացատրում: Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին էր, որ այս մարդկանցից շատերը Հայաստանում՝ Երեւանում առաջին անգամ չեն:

Սննդի կետերում եւ սրճարաններում էլ ի պատասխան հարցին, թե շա՞տ են արդյոք այս տարի իրանցի զբոսաշրջիկները, դրական արձագանքեցին: Ի դեպ, իրանցիներին տեղի ժամանցի տարբեր վայրերում համարում են բավականին շռայլ հաճախորդներ: «Դե, հիմնականում ունեւոր մասսան է գալիս, որը բավականաչափ գումար է հատկացնում այստեղ լավ ժամանակ անցկացնելու համար, բնականաբար, տեղացի մեր հաճախորդների հետ չես համեմատի»,- ասաց Երեւանի կենտրոնում գործող սրճարաններից մեկի աշխատակիցը:

Մեկ այլ սրճարանում էլ հայտնեցին, որ այս տարի շատ են ականատես լինում իրանցիների այստեղ հաստատվելուն: Զրուցակիցների վստահեցմամբ՝ իրանցիները սկսել են Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում սեփական բիզնեսը դնել, սրճարաններ, բարեր ու սննդի կետեր են սկսել բացվել, որոնց սեփականատերերը իրանցիներ են:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930