Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դու «ուսապարկ» չես

Ապրիլ 01,2021 10:00

Ինչպես հայտնի է, հայաստանյան ճգնաժամից դուրս գալու տարբերակներից մեկով առաջարկվում էր ստեղծել անցումային կառավարություն, որը կլիներ ապաքաղաքական, տեխնոկրատ: Այդ առաջարկը չիրագործվեց. Փաշինյանն ու «Իմ քայլը» չեն ցանկանում ոչ մի վայրկյան իրենց իշխանությունը բաց թողնել՝ ո՞վ գիտի, թե ինչ կլինի մինչեւ ընտրությունները, մեկ էլ տեսար, ինչ-որ մեկն իրենց աթոռները փախցրեց:

Բայց, քանի որ շատ քիչ հավանական է, որ ընտրությունները (ինչպես էլ ավարտվեն) կարող են լուծել այդ ճգնաժամը, եւ հակառակը՝ ենթադրելի է, որ նոր (հին) կառավարությունն առանձնապես պինդ չի նստելու իր աթոռներին, կարելի է երկու բառով անդրադառնալ այդ գաղափարին: Արդյոք այն Հայաստանում ընդհանրապես կիրառելի՞ է:

Օրինակի համար վերցնենք ԿԳՄՍ նախարարին: Հեղափոխությունից հետո այս պաշտոնը զբաղեցրեց կուսակցական, քաղաքական գործիչ, ակտիվ «քայլող», վառ հեղափոխական Արայիկ Հարությունյանը, որն այժմ ասպարեզում, կարծես թե, չի երեւում՝ չնայած համարվում է վարչապետի խորհրդականը: 2020 թվականի նոյեմբերի 23-ին նախարար է նշանակվել անկուսակցական պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, որին կարելի է արհեստավարժ տեխնոկրատ անվանել: Արդյոք այդ երկու նախարարների վարքագծի մեջ զգալի տարբերություն կա՞: Օրինակ, Դումանյանն ասում է, որ Փաշինյանի հանրահավաքներին դպրոցների ղեկավարության կողմից «բերման ենթարկված» երեխաները իրականում իրենք են ցանկություն ունեցել քաղաքական ճառեր լսելու: Նույնը կասեր նաեւ Հարությունյանը՝ գուցե մի քիչ ավելի ագրեսիվ ինտոնացիայով:

Կամ՝ վարչապետն ասում է, որ բոլոր բուհերի շենքերը պետք է վաճառել եւ ստացված գումարով Երեւանից դուրս համալսարանական քաղաք հիմնել: Եթե Վահրամ Դումանյանը լիներ պարզապես ԵՊՀ պրոֆեսոր, նա ուղղակի կծիծաղեր այդ գաղափարի վրա: Բայց այժմ նախարարն ինչ-որ լղոզված պատասխան է տալիս: (Ծիծաղելու հետեւանքներն իր մաշկի վրա զգաց ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը): Կուսակցական Արայիկ Հարությունյանը նույնպես կքարոզեր բուհերի շենքերի վաճառքը: Հիմա, եթե վարչապետը հրամայի, ասենք, «խաչասերել» կոնսերվատորիան եւ պոլիտեխնիկական ինստիտուտը, ի՞նչ է՝ կարծում եք, Դումանյանը չի՞ վազի՝ այդ հրամանը կատարելու՝ մոռանալով արհեստավարժության մասին:

Հետեւաբար, այս իրավիճակում, քաղաքական այս ավանդույթների եւ այս սահմանադրության պայմաններում մարդը, զբաղեցնելով որեւէ պաշտոն, կա՛մ իրեն պիտի պահի «ուսապարկի» նման (անգամ, եթե իր ծագումնաբանությամբ «ուսապարկ» չէ), կա՛մ պետք է լքի իր պաշտոնը: Կլեպտոկրատիայի՝ գողապետության (մինչեւ 2018 թվականը) եւ օխլոկրատիայի՝ ամբոխապետության (2018-ից հետո) պարագայում չի կարող ստեղծվել արհեստավարժ կառավարիչների համակարգ: Նախ պետք է ձեւավորվի այնպիսի մի ռեժիմ, որտեղ անկախ, չշահագրգռված մարդկանց կարծիքը հաշվի կառնվի, հետո միայն արժե մտածել՝ պե՞տք է արդյոք նման մարդկանց պաշտոններ տալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ համոզմամբ հիմա անշահախնդիր, «ուսապարկի» նման իրենց չպահող անհատների քանակը զգալիորեն ավելի քիչ է քան 20, 25, 30 տարի առաջ: Այսինքն մարդկային նկարագրի առումով գրանցել ենք անշեղորեն հետընթաց: Ոչ վաղ անցյալի պատմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ուսումնասիրել նաև այդ երևույթը , պատճառները, իհարկե, եթե հնարավոր լինի գտնել անաչառ և անշահախնդիր մարդկանց մի խումբ, որոնց առանց երկընտրանքի կհավատանք:

  2. Armen says:

    Միտքս երևի թե կիսատ մնաց, համոզված եմ նաև, որ նշածս երևույթը շատ ավելի կարևոր է, քան տնտեսական ու մյուս ցուցանիշները և եթե ստացվի վերականգնել հայ մարդու դեմքը, ապա կունենանք և կարգին տնտեսություն և ուժեղ բանակ և ի վերջո պետություն, որի հետ բոլորը հաշվի կնստեն:

  3. Լավատես says:

    Քաղհասարակությունը բաղկացած է ընտանիքներից, պետությունը սպասարկում է ոչ թե մարդկանց կամ քաղաքացիներին, պետությունը սպասարկում է քաղհասարակությունների կառույցներին, իսկ քաղհասարակությունը իր հերթին սպասարկում է ընտանիքներին եւ իմ վասալի վասալը իմ վասալը չի, այսինքն’ պետությունը ընտանիքի վասալը չի, պետությունը քաղհասարակական կառույցների վասալն է, իսկ քաղհասարակությունը ընտանիքի վասալն է, ընտանիքն էլ ընտանիքի երեխաների վասալն է, երեխաներն էլ ազգի ապագան են: Ընտանիքները իրենց ռեսուրսներից’ ոչ միայն դրամական, բաժին են հանում’ ապահովագրական վարկ են վճարում քաղհասարակությանը, որն էլ իր հերթին ապահովագրական պայմաններ է դնում ընտանիքի առջեւ’ ինչքան հզոր է ընտանիքը, այնքան այդ ընտանիքը ձեռնտու է քաղհասարակությանը, ինչքան հզոր է քաղհասարակությունը, այնքան այն ձեռնտու է պետությանը, իսկ հզոր պետությունը ձեռնտու վերպետական կառույցին:
    Մեր խնդիրն է’ մենք չունենք քաղհասարակություն, որտեղ գոնե դրամական վարկ են վճարում ընտանիքները քաղհասարակական կառույցներին, ասենք, տասը տոկոսի չափով, այդ գումարներով քաղհասարակությունը յուրաքանչյուր ընտանիքի կապահովի առաջընթացով, ֆորս մաժորներից կփրկի, ինչքան հարուստ ու գիտակից ու առողջ լինի ընտանիքը, այնքան կրկնեմ ձեռնտու է քաղհասարակությանը: Մեր այս հարյուր յոթ կուսակցությունների փոխարեն մեզ պետք են հարյուր յոթ քաղհասարակական կառույցներ, որոնք կֆինանսավորվեն ընտանիքներից եւ ուղղակիորեն կհոգան ընտանիքների կարիքները, իսկ պետությունն էլ պետք է ծառայի այդ հարյուր յոթ կառույցներին, որոնց հզորացումը վերջին հաշվով ձեռնտու է ընտանիքներին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930