Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրա հաղթող տեսակը

Ապրիլ 01,2021 13:00

Ճանապարհն անվերջ շարունակվելու եւ ժամանակի հետ առաջ շարժվելու սովորություն ունի։ Իսկ թե ո՞ւմ ես հանդիպում այդ ճանապարհին՝ այլ հարց է։

Արցախ։ Սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ ու այսպես շարունակ… Պատերազմ։ Ճարտարում էինք։ Այնտեղ զինվորների կողքին էին հոգեւորականները։ Նրանք օրհնում եւ ճանապարհում էին զինվորներին։ Ճանապարհում էին նաեւ իրենք իրենց` երկնքին նայելով, Աստծո օրհնանքը ստանալու համար։

Թիկնեղ եւ լուսավոր կերպարով Նարեկ սարկավագը նստած ժպտում էր։ Իր հագից հոգեւորականի հանդերձանքը հանել ու զինվորական համազգեստ էր հագել։ Գնում էր հաղթելու։ Ու ամենակարեւորը գիտե՞ք որն է… Նարեկը սիրով արդեն հաղթել էր կյանքի սեւ կետերին, սիրով ապրում էր։

Աստծո հանդեպ անսահման նվիրվածությունը նրա կյանքն այնքան գեղեցիկ էր դարձրել, այնքան շքեղ` համեստության սահմաններում։

ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը ռազմաճակատում Նարեկի կողքին էր։ Գոռի խոսքով՝ Նարեկն իրեն համարում էր զինվորների հովիվ ու միշտ ասում էր, որ քաջ հովիվը պետք է իր կյանքը տա իր հոտի համար։

Մեր հերոս սարկավագը սահմանին ե՛ւ հոգեւոր աջակցություն էր ցուցաբերում զինվորներին, ե՛ւ կենցաղային ծառայություններ էր մատուցում։ Երեւի նրա կյանքի կարեւոր կետն օգնելն էր։ Նա իր առաքելությանը հավատարիմ մնաց։ Աստծո սիրով, Աստծո տված օրը ապրեց։ Նա սիրում էր անսահման, ինչպես պատկերացնում ենք հավիտենությունը։ Իսկ ո՞րն է Աստծո պատվիրանը. սիրե՛լ միմյանց։ Արդարեւ, Նարեկ սարկավագի համար սա առաջնային էր։
Նարեկին ճանաչողները իսկույն խոսում են նրա աշխատասիրության մասին։ Նա սեր ու հոգի էր դնում ցանկացած գործ կատարելիս։ Չէր ծուլանում, չէր հոգնում, չէր մտածում վաղվա օրվան թողնելու մասին։

ՀՀ ԶՈՒ նախկին հոգեւոր առաջնորդ, այժմ` Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Նարեկին մանկուց է ճանաչել, երբ նա Արցախյան պատերազմի ժամանակ այցելում էր եկեղեցի, աղոթում Շուշիի Կանաչ ժամ եկեղեցում։ Այստեղից հասկանում ենք, որ հոգեւորի, հավատքի հետ կապը նրա կյանքում դեռ մանկուց էր արմատավորվել։ Իսկ նրա աղոթքը միշտ խաղաղության խնդրանքով էր առ Աստված բարձրանում։

«Նարեկի եւ Գոռի հետ միասին Ճարտար էինք գնում։ Մինչ ճանապարհին որոշում էինք՝ իմանալ Հայր Գեղարդի տեղը, այցելել, հանդիպել (լսել էինք նախորդ գիշերվա թեժ մարտերի մասին, որոնց կիզակետում էր եղել Հայր Սուրբը), այդ ժամանակ Հայր Գեղարդը անցնում էր հանդիպակաց ճանապարհով։

Բարձր էինք խոսում, համարյա բղավում էինք, Հայր Սուրբը՝ նույնպես։ Լուսանկարվեցինք։ Թաքուն, չխոստովանած զգացում, այդուհանդերձ, բոլորին ուղեկցում էր։ Եվ այդ պատճառով էր նաեւ, որ ընդհանրապես կարեւորում էինք մեզ հանդիպողների հետ լուսանկար ունենալը… Նարեկ սարկավագի հետ ունեցա առաջին, միակ եւ վերջին լուսանկարը։ Մի քանի օր անց նրա զոհվելու լուրը, քիչ է ասել, որ ցնցեց բոլորիս։ Նարեկը գնաց միանալու սրբերին…»,-հիշում է Եղիշե քահանա Նուրիջանյանը։

Ճանաչողները Նարեկի բարեխղճության օրինակների մասին շատ են խոսում։ Համեստ կերպարում հաղթողի ոգին էր եռում, աչքերում` վերջնական հաղթանակի հույսը, սպասումը։ Նարեկը ցույց տվեց, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը։ Բայց գիտե՞ք, նա երբեք այդ ամենը բառերով չի ասել, նա գործով էր օրինակ հանդիսանում։ Նա այս տեսակն էր…

ՀՀ նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար: Մարտի 25-ին՝ նրա ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգեւը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

31.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930