2001թ. Քի Ուեսթում սպասվում էին բանակցություններ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ:
Լրատվամիջոցները, հայ քաղաքական միտքն այդ բանակցությունների հնարավոր զարգացումների, սպասելիքների մասին էին:
Վերլուծաբանների մի մասը գտնում էր, որ չի ստորագրվի ղարաբաղյան կարգավորման որեւէ փաստաթուղթ: Խնդրի խաղաղ կարգավորմանը կողմ Քոչարյանն էլ այդ օրերին լրատվամիջոցներին ասել էր. «Ով սկսի պատերազմը, նա էլ կպարտվի», նշելով, որ Հայաստանը պատերազմ սկսելու մտադրություն չունի: Իսկ Սերժ Սարգսյանն էլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, թե Ադրբեջանում պատերազմի մասին խոսում են մարդիկ, ովքեր իշխանություն չունեն:
Աջ ուժերն էլ մարտի երեսունին հանդես եկան հայտարարությամբ, որը տպագրվեց «Առավոտում» («Սպառնալիքի տակ է դրված զինադադարը», 60/1467/31 մարտի 2001), իսկ նույն այդ համարում, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Լեւոն Զուրաբյանն էլ վերլուծել էր «գաղտնի բանակցությունների» անցյալն ու ներկան:
Ինչու եմ այս ամենը գրում. միայն նրա համար, որ ղարաբաղյան հարցը երբեք մոռացության չի մատնվել անցած երեք տասնամյակների ժամանակ (պետք է պարզապես բարեխղճորեն բացել արխիվները, ժամանակի մամուլը) եւ քաղաքական, ռազմական, հանրային գործիչները հնարավորություն են ունեցել արտահայտվել լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Առավոտում» ներկայացնել իրենց մոտեցումները, խոսքը:
Կարդացեք նաև
31.03.2001թ.-ին «Առավոտում» տպագրվեց «Տարածքը չպետք է զիջել ինչ-որ կարգավիճակի համար» հրապարակումը: Այն այնքան արդիական է, որ վերահրապարակում ենք ամբողջությամբ:
Արցախի խնդրի կարգավորման շուրջ «բանակցությունների» ֆոնի վրա ազատագրված տարածքների պաշտպանության համար օրեր առաջ արված հայտարարությունը ստորագրողներից մեկն էլ ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կյուրեղյանն էր:
– Վերոհիշյալ հայտարարությունն արդյո՞ք կարող ենք դիտել ԼՂՀ ԱԺ տրամադրությունների արտահայտում:
– Ղարաբաղում այդ տրամադրություններն, իհարկե, կան, ես արտահայտել եմ իմ տրամադրությունները: Այսօր Հայաստանի քաղաքական կյանքում տարածված է մի այսպիսի մտայնություն, թե կարելի է տարածքները զիջել կարգավիճակի ապահովության ինչ-որ երաշխիքների եւ այլնի դիմաց, ինչը գտնում եմ՝ ճիշտ չէ: Տարածքը զիջելով մենք կորցնում ենք նույնիսկ խաղաղության հնարավորությունը, որովհետեւ երբ տարածքում տեղակայվեն նաեւ ադրբեջանական զինված ուժերը, ավելի կմեծանա նույն պատերազմի հավանականությունը:
Հակամարտության գիծը, որն առաջացել է պատերազմի արդյունքում 1994-ին, դա նաեւ հավասարակշռության գիծն է, որը չպետք է խախտել ընդհանրապես: Մենք հայտարարել ենք, որ առաջնայինը տարածքներին ուշադրություն դարձնելն է: Եթե պետք է զիջենք, ապա ոչ տարածք: Կարելի է զիջել կարգավիճակ, այլ մանր-մունր բաներ:
Մեր հասարակությունը շատ է խոսում խաղաղության մասին, մի կողմից մեզ հանգստացնում են, որ Ադրբեջանը չի սկսի պատերազմ, մյուս կողմից՝ ասում են, թե մեզ պետք չէ, եւ այլն: Ինչ-որ պացիֆիստական քարոզներ են անում: Ես կարծում եմ, սխալ է ձգտել խաղաղության, որովհետեւ մենք հաստատ դրանով կհասնենք պատերազմի: Ճիշտը լրջորեն պատերազմի պատրաստվելն է: Ուղղակի ժողովուրդը գտնվում է այնպիսի անկումային տրամադրությունների մեջ, որ քվեարկում է ոտքերով, ուղղակի գնալով:
Եթե իմ առջեւ դրվի այլընտրանք՝ տարա՞ծք, թե՞ կարգավիճակ, կընտրվեր առաջինը:
Խաղաղարար ուժերի տեղաբաշխման հետ կապված նորից նույնը կասեմ: Օրինակ, Կոսովոյում հաստատվեց այն, որ ՆԱՏՕ-ն իր խաղաղարար ուժերով ուղղակի պաշտպանում է կողմերից մեկին: Չկա երաշխիք, թե Արցախում նույնը չի կրկնվի: Մեր երաշխիքը ազատագրված տարածքներն են ու բանակը:
Ղեկավարությունը (չեմ ուզում տարանջատել Հայաստան-Ղարաբաղը) պետք է մտահոգ լինի, իրականում նախապատրաստվելով ռազմական կոնֆլիկտին:
– Այսինքն, դուք, այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք բախումը:
– Չեմ բացառում, եթե մենք չնախապատրաստվենք, իսկ Ադրբեջանը հաստատ նախապատրաստվում է… հաստատ հնարավոր է, ճիշտ է, մենք համեմատաբար վատ վիճակում ենք գտնվում, բայց չեմ կարծում, թե զրկված ենք մեր բոլոր հնարավորություններից, կարողություններից: Կամավորներ էլի կլինեն: Գաղափարների կրողներ էլի կան: Քաղքենիական խոսակցություններն այն մասին, թե էլ ով է գնալու կռվելու, սուտ են: Կկռվեն:
– Հանուն տարածքի՞, թե՞ չճշտված կարգավիճակի:
– Կռիվը հանուն տարածքի է լինում: Կռվում են, բնականաբար, հանուն հայրենիքի: Կռվողների մեջ նկատի չունեմ ասֆալտի ֆիդայիներին: Բանակցությունների սեղանի վրա ինչ-որ փաստաթուղթ է հիմա դրված, մենք չգիտենք, չենք տեսել: Դրա մասին ավելի շուտ խոսում է Ալիեւը, քան Քոչարյանը: Մենք, ըստ էության, ադրբեջանական մամուլից ենք ինչ-որ բան իմանում, քան մեր իշխանություններից: Նախորդ երեք փաստաթղթերը, որոնք տպագրվեցին ադրբեջանական մամուլում, իրար նման են հենց այս պահով. տալիս ենք տարածք՝ ստանալով կարգավիճակ: Էական չէ, տարածքը շատ ենք տալիս կամ քիչ, ինչ-որ միջանցք տալիս ենք, չենք տալիս, տարբերակը, ըստ իս, չի տարբերվի նախորդներից:
Մեծ է լինելու ճնշումը, եւ մտավախություն ունեմ հարցի լուծումից: Ցանկացած լուծում վնասակար է եւ վտանգավոր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.03.2021