Պաշտոնական Երեւանն ապրիլի 24-ին ընդառաջ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարեւանություն անելու հրամայականի մասին է խոսում
Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, սա անցյալ շաբաթ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից հնչեցված պաշտոնական Երեւանի գնահատականն է՝ Թուրքիային թշնամի պետություն համարել-չհամարելու մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ նաեւ ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ից, որն ավելի ինտեսիվ փուլ է մտել հունվարի 11-ի Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարած փաստաթղթի շրջանակներում եւ, ընդհանուր առմամբ, ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենալ եւ կարծում ենք, որ դրա հնարավորությունները այս պահին կան»:
Հարցին, մենք ունե՞նք, արդյոք, դիալոգ Թուրքիայի հետ, ինչից է ենթադրում, որ այդ հնարավորությունները կան, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ ուղիղ դիալոգ չկա, բայց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակային հայտարարություններ եղել են եւ դրա հնարավորությունը կա: Իսկ հարցին, թե արդյո՞ք Թուրքիային համարում է թշնամի պետություն, Արմեն Գրիգորյանն ասել է, որ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են. «Միանշանակ պնդել, որ որեւիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողությունները նաեւ այլ հնարավորություններ են տալիս»:
Կարդացեք նաև
Ապա` վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Արագածոտն համայնքում ունեցած իր ելույթում հավելել է. «Ես կարծում եմ, որ մեր հայացքը, մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխենք, ես այդ բարդ նախադասությունը ասում եմ եւ այդ նախադասության շուրջ պետք է մտածենք: Այո, մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»:
Պատերազմի ավարտից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից 4 ամիս անց՝ պաշտոնական Երեւանն, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարեւանություն անելու հրամայականի մասին է հրապարակային շեշտում: Պատերազմից հետո տարածաշրջանային վերադասավորումների, շահերի բախման նոր դաշտի մասին այս ընթացքում բազմիցս նշվել է: Մեր տարածաշրջանում թուրքական գործոնն ակնհայտ է անգամ Մոսկվայի համար, որը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անկարայի հետ ուղիղ բանակցություններ է վարում եւ ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, կարծես, փոխարինել է Ռուսաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափերի ակտիվ գործունեությունը:
Ռուսական հովանու ներքո քննարկումներով, պարզ է, որ որոշակի պահից սկսած մեր տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հրամայականն էր հայկական կողմի առջեւ դրվելու: Անկարայի ու Բաքվի շտապողականությունն այս առումով, միանգամայն ակնհայտ է: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոստովանությունը, թե հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձավ արցախյան թեմային՝ նշելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին, բացի հարցն ավելի բարդացնելուց»: Նա Հայաստանին մեղադրեց ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու եւ երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ», ապա վստահեցրեց, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությունը:
Իսկ ինչ էր ասում նույն Էրդողանը 3 ամիս առաջ Բաքվում ռազմական շքերթում ունեցած իր ելույթում. «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է», իսկ Ալիեւը նույն օրը՝ Երեւանը, Սեւանը եւ Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել։ Հիշեցնենք, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիեւը իր խոսքում անցել էր նաեւ Հայաստանի տարածքին՝ պնդելով, թե՝ Զանգեզուրը, Երեւանը, Սեւանը նույնպես «ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել»։
Անկարան, Հայաստանին մեղադրելուն զուգահեռ, իհարկե, թեթեւ «բարիդրացիության» ժեստ է անում, նշելով, թե՝ «պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար»: Նույն ռազմական շքերթի օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ալիեւի հետ առանձնազրույցից հետո Էրդողանը նշեց, որ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանները, եթե Երեւանը տարածաշրջանային խաղաղության համար դրական քայլեր ձեռնարկի. «Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք»։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո՝ Թուրքիան, որը Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայման էր համարում Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանների վերադարձը Ադրբեջանին եւ Հայաստանը պահում էր շրջափակման մեջ, որը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների կյանքի կոչումը վիժեցրեց՝ դարձյալ Ղարաբաղյան խնդրի պատճառով, այժմ լիովին դյուրին մթնոլորտ է տեսնում՝ «Հայաստանի համար դռները բացելու» համար:
Անկարայի կողմից «խաղի կանոններ» թելադրելու կեցվածքը, նկատենք, չի սահմանափակվում Հայաստանի հետ, այսպես ասած՝ «առանց նախապայմանների» հարեւանություն անելու մղումով: Թուրք պաշտոնյաները չեն մոռանում շարունակաբար ներկայացնել իրենց գլխավոր ուղերձը՝ «հայերը պետք է իրենց խելոք պահեն»… Դեկտեմբերի նույն ելույթում Էրդողանի կողմից այդ ուղերձը հստակ հնչեց. «Հայաստանը պետք է խելք հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան»: Էրդողանն ընդգծեց՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Նա Երեւանին կոչ արեց ջանքեր գործադրել Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար, սակայն միեւնույն ժամանակ Հայաստանին սպառնաց «Ադրբեջանի երկաթյա բռունցքով», եթե «շարունակի ագրեսիվ վարքագիծը Հարավային Կովկասում»:
Հիմա այս պայմաններում, պաշտոնական Երեւանը հստակ իր հայտարարություններով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարեւանություն անելուն ուղղված քայլերի զարկ տալու իր մտադրության մասին է նշում:
Ուշագրավ էր, որ մինչ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներն էին հանդիպում, եւ ըստ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի՝ քննարկում Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի եւ Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները, Երեւանում մարտի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ եւ ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցան խորհրդակցություններ: Ըստ կառավարության մամլո հաղորդագրության, երկօրյա քննարկումների շրջանակում կայացել է՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Ի դեպ, ըստ հրապարակված լուսանկարների՝ մասնակցել է նույնիսկ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Այսպես, քննարկումներում շեշտվել է, որ նոյեմբերին հրապարակած «ճանապարհային քարտեզի» կարեւորագույն կետերից մեկն է Արցախի բնականոն կյանքի վերականգնումը, եւ կարեւորվել է, որ քաղաքական վճռականությունն ու հանձնառությունը՝ Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլեւ հետագա զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ որոշվել է հանդես գալ առաջարկությամբ՝ Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: «Ընդ որում, առաջարկը հետեւյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով եւ ծրագիրը ֆինանսավորել հետեւյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ եւ Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ: Այսինքն` կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով եւ կիրականացնենք բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը»:
Նշենք, որ մարտի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին, քննարկել են՝ փոխգործակցությունը երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակներում:
Ըստ ամենայնի, կուլմինացիոն պահ է, Հայաստանից ակնկալվում է ոչ միայն բանավոր խոստումներ ու հայտարարություններ, այլեւ՝ գործնական քայլեր տարածաշրջանային ծրագրերի իրականացման ճանապարհին: Պաշտոնական Երեւանը հայտարարում է «մոտեցումներում որոշակի շտկումների» մասին, որովհետեւ Անկարան եւ Բաքուն շտապում են. նրանց համար բարենպաստ մթնոլորտ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություն գոյություն չունի, ինչը իր հերթին վկայում է այն մասին, որ միջնորդ պետությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմա չեն բարձրացնելու Ադրբեջանի իշխանությունների առջեւ:
Բացի այդ, ապրիլի 24-ին ընդառաջ՝ անկախ այն հանգամանքից, որ ամերիկյան պաշտոնական եւ հանրային շրջանակները Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական հնարավոր ճանաչման հարցը կրկին թեժացրել են, Անկարայի համար լրացուցիչ նպաստավոր մթնոլորտ է ձեւավորվել՝ աշխարհին ներկայացնելու, թե՝ հայերը մեր թելադրած պայմաններով մեզ հետ «հաշտվելու» փորձեր են անում, մոռացեք Հայոց ցեղասպանության մասին:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 31.03.2021