Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես վարչապետի քաղաքական կապիտալի շնորհիվ եմ խորհրդարանում հայտնվել»

Ապրիլ 01,2021 13:30

Արուսյակ Ջուլհակյանը՝ «Իմ քայլից» դուրս եկածների «բոբո» պատմությունների, Նաիրա Զոհրաբյանի ֆանտազիայի եւ իրենց ֆինանսական հնարավորությունների մասին

«Այն, որ անկախ պատգամավորները մտահոգություններ են հայտնում ընտրությունների մասով, ես ընդամենը բացատրում եմ նրանով, որ նրանք գիտեն, որ այլեւս ամենայն հավանականությամբ խորհրդարանում չեն հայտնվելու եւ առհասարակ քաղաքականության մեջ դժվար թե նրանք մնան, որովհետեւ հիմնականում կատարելապես ապաքաղաքական են, համենայնդեպս, նրանց մեծ մասը: Բնականաբար, նրանք չեն ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրա համար հիմա այդպիսի «բոբո» պատմություններ են փորձում հորինել, որ արդարացնեն, թե ոնց եղավ, որ այսպես եղավ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, երբ նրան փոխանցեցինք «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների մտահոգություններն առ այն, որ ընտրատեղամասերում այսպես ասած՝ իրար «փոր են թափելու», արնահեղություն է լինելու: Նման կանխատեսում ունեն նաեւ որոշ ընդդիմադիրներ:

Մենք Արուսյակ Ջուլհակյանից նախ ճշտեցինք՝ ձեր գործընկեր պատգամավորներին ապաքաղաքական եք ասում, որովհետեւ նրանք դո՞ւրս են եկել «Իմ քայլից»՝ նա պատասխանեց. «Ոչ միայն ապաքաղաքական են, որովհետեւ դուրս են եկել «Իմ քայլից», դա չի պատճառը, այլ որովհետեւ քաղաքական ակտիվ գործունեությամբ աչքի չեն ընկել: Աչքի չեն ընկել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում եղած ժամանակ»:

Հետո Ջուլհակյանը հիշեց. «Մինչեւ իմ պատգամավոր դառնալը ես էլ քաղաքական գործունեությամբ աչքի չեմ ընկել, որովհետեւ չեմ զբաղվել քաղաքականությամբ, դա նորմալ է: Նաեւ ես եմ Փաշինյանի միջոցով հայտնվել խորհրդարանում եւ դրանում վատ բան չեմ տեսնում, որովհետեւ մինչեւ այդ ես չեմ զբաղվել քաղաքականությամբ: Բնականաբար, ես չունեի քաղաքական կապիտալ ինքնուրույն, իմ ուժերով հայտնվելու խորհրդարանում: Այո, ես վարչապետի քաղաքական կապիտալի շնորհիվ եմ այստեղ հայտնվել: Հիմա ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, որքանով է դա իմ մոտ լավ ստացվում՝ չեմ կարող ասել: Գնահատում են քաղաքացիները, կամ եթե ինչ-որ մեկը ինձ հետեւում է, նա է գնահատում, թե որքանով է լավ ստացվում: Համենայնդեպս, որպես քաղաքացի, ես կարող եմ գնահատել իմ այլ գործընկերներին եւ կարող եմ ասել, թե նրանցից որ մեկն է տպավորում՝ որպես քաղաքական գործիչ, որ մեկը չի տպավորում»:

Հարցին՝ այսինքն, ոչ մի հիմք չունի՞, որ կարող է ընտրատեղամասում լուրջ բախումներ լինեն՝ նա պատասխանեց. «Նման կարծիք մեկ էլ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էր հնչեցրել, որ արնահեղություն է լինելու: Ես կարծում եմ, որ եթե պարբերաբար բռնության կոչերով հանդես եկող Վազգեն Մանուկյանը եւ իր գործընկերները, համախոհները արնահեղության որեւէ քայլի չդիմեն, նման բան չի կարող տեղի ունենալ: Հետեւաբար, կարծում եմ, որ իրավապահների ուշադրության ներքո պետք է մնան նման կոչերը եւ պետք է հետեւեն, որ նման բան տեղի չունենա:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից ահազանգել էր, որ դատապարտյալների վրա արդեն ճնշումներ են փորձում գործադրել, քրեակատարողականներում ահուսարսափ են տարածում, որ անպայման ընտրեն իշխանությանը: Այս առնչությամբ Արուսյակ Ջուլհակյանը հորդորեց Զոհրաբյանին «ֆանտազիային զոռ չտալ»՝ նշելով, որ ընտրություններից 3 ամիս առաջ անլուրջ է նման քայլի գնալը. «Տիկին Զոհրաբյանը նաեւ ասաց, թե ԿԸՀ-ն երեկվանից ի վեր որոշել է փակել ընտրողների ռեգիստրը, ցավում եմ, որ նա չի նկատել, որ ընտրողների ռեգիստրը պատերազմի օրերից ի վեր բաց չի եղել: Ես ենթադրում եմ, որ անվտանգային նկատառումներից ելնելով է, որ փակ է»:

Հարցին՝ սոցցանցերում նաեւ այսպիսի վարկած է շրջանառվում, որ ձեր իշխանությունը կազմակերպում է արտասահմանից մեծ քանակությամբ մարդկանց ներհոսք ընտրությունների օրերին, ծախսը հոգում է, որ գան ու ձայն տան՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ուրախանա՞մ, որ այդպիսի լավ կարծիք ունեն մեր իշխանությունների մասին: Մենք փող չունենք այդքան, սկսենք դրանից, որ ընտրություններին արտասահմանից տոմս առնենք ու մարդ բերենք: Եվ քանի որ փող չունենք, մնացածը էլ չեմ պատկերացնում, թե ոնց պետք է բերենք: Բայց հումորը գնահատում եմ, նաեւ գնահատում եմ, որ լավ կարծիք ունեն մեր ֆինանսական հնարավորությունների մասին»:

Հարցին՝ այս ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ինտրիգ է մտցնում, նա հայտարարում է, որ «կրելու» է, դուք ի՞նչ սպասելիքներ ունեք՝ պատգամավորը պատասխանեց. «Թող ընտրությունները պաշտոնապես նշանակվեն ՀՀ նախագահի կողմից, բոլոր ուժերը կհայտարարեն՝ մասնակցելու են, թե չեն մասնակցում, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի, թե ինչ ձեւաչափով է մասնակցում, որովհետեւ կուսակցություն չունի: Նա ասել է, որ ամենայն հավանականությամբ նոր կուսակցություն չի ստեղծի, տեսնենք թե ինչպես է մասնակցելու, հետո կերեւա: Եթե պնդում է, որ կրելու է, թող գա տեսնենք ոնց է կրելու: Համենայնդեպս, ասում են՝ վատն է այն զինվորը, որը գեներալ դառնալ չի ուզում: Շատ լավ է, ցանկությունը գնահատվում է, մնացածը կերեւա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930