Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում ֆանտաստիկ խաղ է ցույց տալիս:
«J» խմբում Լիխտենշտեյնի եւ Իսլանդիայի հավաքականներին պարտության մատնելուց հետո, այսօր իսպանացի մասնագետ, հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին եւ ֆանտաստիկ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Հայաստանի հավաքականը դեռ երբեք այսպիսի անհավանական մեկնարկ չէր ունեցել, այն էլ՝ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Կարդացեք նաև
Առաջին խաղակեսում դարպասների գրավում չարձանագրվեց եւ գլխավոր իրադարձությունները կատարվեցին ընդմիջումից հետո, երբ փոխարինման դուրս եկած Էդուարդ Սպերցյանը նորամուտը հավաքական նշեց գոլով: Դրան ռումինացիները պատասխանեցին երկու անգամ գրավելով Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Թվում էր, թե մեր տղաները լավագույն դեպքում կկարողանան հավասարեցնել հաշիվը, սակայն նրանք այլ կերպ էին մտածում: Նախ թիմի ավագ Վարազդատ Հարոյանը վերականգնեց հավասարակշռությունը, ապա Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոց հարվածով սառնասրտորեն առաջ մղեց մեր թիմին՝ պարգեւելով երրորդ անընդմեջ հաղթանակը:
Մենք երեք խաղից հետո գրանցեցինք 100 տոկոսանոց արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ