ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գիրքն ընդգրկում է 20-րդ դարի հայտնի ֆրանսիացի բանաստեղծների թարգմանություններ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունների մասնագիտական վերլուծություններ:
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մարտի 31-ին ԵՊՀ Մշակույթի կենտրոնում կայացավ «Ֆրանսիական պոեզիայի» շնորհանդեսը և գինեձոնը:
ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանն արժեքավոր որակեց գիրքը, պոեզիան՝ հրաշագեղ: «Ոչ բոլորին է տրված այդ շնորհքը՝ լինել լավ ղեկավար, լավ մարդ, արտասահմանյան գրականության լավ մասնագետ եւ լավ թարգմանիչ»,-ասաց Գեւորգ Բարսեղյանը:
Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը Անուշ Սեդրակյանին բնորոշեց որպես իր աչքի առաջ մեծացած անձնավորություն, որը ոչ միայն իր ուսանողուհին է եղել, ասպիրանտը, այժմ էլ եւ իր լավ բարեկամն է եւ ստեղծագործող գիտնական:
Կարդացեք նաև
«Անուշ Սեդրակյանն ազնվագույն անձնավորություն է, որին շատ բարձր եմ գնահատում…Համլետը, որ ասում է՝ լինել, թե չլինել, մարդիկ կարծում են, թե խնդիրը լինել, թե չլինելն է…Մինչդեռ իրականում ուրիշ հարց կա՝ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, չափանիշը լինելու, թե չլինելու՝ ազնվությունն է…Այն մարդկային կեցության, աստվածային կեցության հիմքն է…Անուշը հենց այդպիսի անձնավորություն է…»:
Ինչ վերաբերվում է պոեզիային, Հենրիկ Էդոյանի ձեւակերպմամբ. «Պոեզիան այնպիսի բան է, որ եթե ընկավ մարդու գլուխը, էլ ազատվել չի լինի, պոեզիան ամենախանդոտ կինն է աշխարհում, որը չի ուզում՝ մի քայլ մի կողմ գնաս: Հենց գնում ես մի կողմ, մատը թափ է տալիս՝ ինձ դավաճանում ես, ուրիշին ես աչքով անում»:
Հենրիկ Էդոյանը խոսելով գրքում ընդգրկված հեղինակների եւ մասնավորապես ֆրանսիական պոեզիայի մասին՝ նշեց. «Ֆրանսիացիները պոեզիայի ժողովուրդ են…Գերմանական պոեզիան ոգու վրա է հիմնված, ֆրանսիականը՝ ավելի է հոգին է, քան ոգին, ավելի ինդիվիդուալ է,իսկ անգլիական պոեզիան ավելի պրակտիկ է, սոցիալական պլանով»:
«Ես ուզում եմ հարցնել՝ քանի՞ ես կա Անուշ Սեդրակյանի մեջ…Այս գեղեցիկ գիրքը ստեղծողը երկու դեմք ունի, մեկը գրականագետն է, որին մենք ծանոթ ենք իր հրաշալի դասախոսություններով եւ երկրորդը թարգմանիչն է, որը նույնպես շատ ծանոթ է բոլորիս»,- նշեց ԵՊՀ պրոֆեսոր Արա Առաքելյանը, ապա Թոմաս էլիոթի «Մեռյալ երկրից» մեջբերելով այս տողը՝ « Ով է այն երրորդը, որ միշտ քայլում է քո կողքից/, Երբ հաշվում եմ, միայն մենք ենք երկուսով», անդրադարձավ Անուշ Սեդրակյանի քաղաքական գործունեությանը, ասաց, որ ավագ գործընկերոջ իրավունքով միշտ հորդորել է հեռու մնալ քաղաքականությունից:
«Իհարկե, եթե հարկ լիներ մեկնաբանել քաղաքական այն իրավիճակները, որոնցում ծնվել են այս գեղեցիկ բանաստեղծությունները, չեմ կասկածում, որ տիկին Սեդրակյանն, անպայման, կապեր կստեղծի, մեզ կհամոզի»,-հավելեց նա:
Գրքի խմբագիր Գայանե Սարգսյանը նշեց, որ թեեւ Անուշ Սեդրակյանը անգլերենի մասնագետ է, գրականագետ, բայց շատ ավելի միաձուլվում է ֆրանսիական մշակույթի հետ. «Սա փաստում եմ նաեւ որպես խմբագիր, որովհետեւ Անուշը՝ Անուշ չէր լինի, եթե չընտրեր այսպիսի բարդ բանաստեղծների՝ թարգմանելու համար»:
Անուշ Սեդրակյանի խոսքով, պոետական հիշողության մեջ ամենամեծ զգացողությունը երախտագիտությունն է՝ համատեղ սիրո համար:
Գրականագետն ասաց, որ իսկապես երախտագիտություն է զգում, որ իր աշխարհի մասնիկ կազմող մարդիկ, համալսարանի պրոռեկտորները, ամբիոնի վարիչները, ուսանողները, լրագրողները եւ «Մակսեդան» դպրոցի ներկայացուցիչները սիրով եկել են գրքի շնորհանդեսին: «Բոլորը եկել են, եւ պոետական հիշողությունը կայուն է, որովհետեւ սեր ստանալու համար մենք պետք է բացենք պոետական հիշողության դուռը…
Ինչ վերաբերվում է քաղաքական գործիչ լինելուն, ես իբրեւ քաղաքական գործիչ տապալվել եմ, որովհետեւ չեմ կարողացել պահել ինչի համար ես քաղաքական գործիչ եմ, բայց պոետական հիշողությունը կայուն է, որովհետեւ այսօր La Boheme երգող տղան Հադրութի Տող գյուղից է, եւ դա նշանակում է, որ հիշողությունը ամուր է: Եվ եթե կանգուն է գաղափարը, ապա, անպայման, կստանա իրացում՝ լինի դա փոքր գիրք, հայրենիք, թե ընդհանրապես այն սիրո զգացումը, որ բոլորիս բերել է այստեղ»:
Հավելենք, որ շնորհանդեսին յուրահատուկ համուհոտ հաղորդեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի համալսարանական թատրոն-ստուդիայի արտիստները եւ դաշնակահար Արտյոմ Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ