Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Մարտ 31,2021 21:33

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 2020 թվականի ընթացքում պետպատվերի շրջանակում ձևական հիվանդ երեխաների գրանցելու, խարդախություն կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ շուրջ 7 միլիոն 984 հազար դրամ հափշտակելու կասկածանքով երեկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախնական տվյալներով, կեղծվել են շուրջ 65 հիվանդների պատմագրեր։ Ձերբակալված անձինք չկան, նախաքննությունը գտնվում է ամենավաղ փուլում։

Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազության դատախազ Դավիթ Մարտիրոսյանը, ում որոշմամբ հարուցվել է քրգործը։

«ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի «Կումայրի»-ի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ աշխատակիցների կողմից 2020 թվականի ընթացքում պետպատվերի շրջանակներում ձևական գրանցել են երեխաների, որի արդյունքում հափշտակվել են գումարներ»,-ասաց դատախազը։

Ըստ Դավիթ Մարտիրոսյանի, Գյումրիի ոստիկանության «Կումայրի»-ի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թվականի ընթացքում վերոհիշյալ հիվանդանոցի աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ։

Նրանց գործողությունների արդյունքում, ըստ դատախազի, կեղծվել են մի շարք երեխաների հիվանդության պատմագրերը, որոնք հանդիսանում են պաշտոնական փաստաթուղթ և որոնք ներկայացվել են վճարման ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային միասնական «Արմեդ» համակարգ։ Սրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, խարդախություն կատարելու եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 7 միլիոն 984 հազար ՀՀ դրամ։

Դատախազը նաև տեղեկացրեց, որ բացի ոստիկանության ստացած տեղեկություններից, մարտի 3-ին Շիրակի մարզի դատախազության կողմից այդ նույն հիվանդանոցում սկսվել էին ուսումնասիրություններ։

«Հատկանշական է փաստել, որ դեռևս 2021 թվականի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն ուսումնասիրելու և ստուգելու նկատառումներից ելնելով՝ նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում», -ասաց Դավիթ Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Այս թեմայի շուրջ կլսենք նաև «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի ու այն աշխատակիցների պարզաբանումները, որոնց անունները՝ որպես գործող անձանց, թվարկեց քրգործը վերահսկող դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031