Այս պահին Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց են անում 133 մանկապարտեզի աշխատակիցներն ու մի խումբ ծնողներ, որոնց երեխաները հաճախում են տվյալ մանկապարտեզ։ Նրանք պահանջում են վերականգնել այս մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Մանուկյանին իր պաշտոնում։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն օրերս տեղեկացրել է, որ ազատել է Ժաննա Մանուկյանին, ըստ վարչական շրջանի ղեկավարի, մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետեւանքով ընտրել եւ ընդունել է որեւէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, որոնք 50-րդ, 47-րդ, 16-րդ եւ այլ հերթագրման համարն են ունեցել ՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը եւ հերթագրման հաջորդականությունը։
Ցույցի մասնակիցներն այսօր պնդում էին, որ տիկին Մանուկյանի նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, չի կարելի այսպիսի խնդրի համար նրան ազատել աշխատանքից, ընդ որում, ինչպես աշխատակիցներն էին ասում՝ նա երեք տղա անչափահաս երեխա ունի, իսկ ամուսինն էլ պատերազմի մասնակից է եւ մինչ օր անհետ կորած է։
Կարդացեք նաև
«Փոխարենը նրան օգնեն, այս երկիրը նրան անաշխատանք է թողնում։ Սարքում են այդ աղջկա գլխին։ Ինչո՞ւ։ Ժաննա Մանուկյանն ունի լավ կրթություն, շատ լավ տնօրեն է, ու մի բան էլ քրեական գործ են հարուցել նրա դեմ»,-դժգոհում էին ցույցի մասնակիցները։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե տիկին Մանուկյանը համաձայն չէ իր վերադասի որոշման հետ, նա կարող է իր խախտված իրավունքները վերականգնել օրենսդրությամբ սահմանված կարգով․«Վարչական շրջանի ղեկավարի պարզաբանումները հստակ են, հիմքերը շատ հստակ են՝ տիկին Մանուկյանը ժամանակավորապես իրեն վստահված պարտականությունները պատշաճ չի կատարել։ Մնացած հուզական հայտարարությունները թողնենք մի կողմ։ Տիկին Մանուկյանին առաջարկվել է ոլորտում այլ պաշտոն զբաղեցնել»։
Հակոբ Կարապետյանը նշեց՝ այն երեխաները, որոնց հերթագրման կարգի խախտման հետեւանքով դուրս են մնացել, նրանց իրավունքներն ո՞վ պետք է պաշտպանի․ «Կա հերթագրման խախտում եւ առնվազն երկու երեխա գրանցված չի եղել»։
Ի պատասխան պարոն Կարապետյանի, ցույցի մասնակիցներից մեկը, որը նշված մանկապարտեզի դաստիրակն է եւ ներկայացավ որպես Ժաննա Մանուկյանի քույր, ասաց․ «Չգրանցված երեխաներից մեկը հաշվետարի երեխան է, որովհետեւ 2018 թվերի՝ կրտսեր խումբ չունենք, թույլ չեն տվել գրանցել։ Նա գալիս է պարտեզ, մնում է իր մայրիկի մոտ, այդ պահին լացել է, քրոջ հետեւից բարձրացել է խումբ, նա սննդից չի օգտվում, երեխաների հետ շփում առանձնապես չունի։ Եվ միայն չորեքշաբթի օրերն է գալիս։ Մյուսն էլ պարուսույցի երեխան է, մոր հետ դահլիճում է լինում։
Ես ունեցել եմ ծնող ոստիկանության աշխատող, երբ մանկապարտեզը փակ է լինում՝ մեռելոց, տարբեր պատճառով, երեխային իր աշխատանքի վայր էր տանում։ Դա հանցագործությո՞ւն է»։
Այն մեղադրանքներին, թե Ժաննա Մանուկյանն աշխատանքի է ընդունել իր բարեկամներին, նրա քույրը՝ Աննա Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Ես 12 տարի է այդ մանկապարտեզում եմ աշխատում, Ժաննան՝ 9, հիմա եթե իրեն տնօրեն են նշանակել, ինձ պետք ազատե՞ր աշխատանքից։ Բացի այս, երկու հոգու մանկապարտեզում աշխատելու է ուղարկել Շենգավիթ վարչական շրջանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետք Հասմիկ «Ասլանյանը։ Ժաննա Մանուկյանը հաստիքային որեւէ փոփոխություն չի արել»։
Տնօրենի քույրն ու մյուս աշխատակիցները շատ վրդովված էին, նրանք հայտարարեցին, որ եթե ընկեր Մանուկյանը չվերականգնվի իր աշխատանքում, իրենք բոլորը դուրս կգան աշխատանքից։
«Իմ քույրը եթե վերականգնվի աշխատանքում, ես ազատվելու եմ, որովհետեւ այս երկրում մանկավարժներին վերաբերում են ստոր հանցագործ, կաշառակերների նման»,-հայտարարեց տնօրենի քույրը։
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը լրագրողներին եւ ցույցի մասնակիցներին ներկայացրեց փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հետ հանդիպումից որոշ մանրամասներ․ «Փոխքաղաքապետն ասաց, որ արձանագրել են մի երկու բացթողումներ։ Ես հակադարձեցի՝ նրան ազատել են աշխատանքից եւ այլ մանկապարտեզում աշխատանք, եթե նա բացթողումներ է թույլ տվել, ինչպե՞ս եք ուղարկում այլ մանկապարտեզ։ Խնդիրն այն է, որ նա տվյալ մանկապարտեզում չլինի, դա այն մանկապարտեզն է, որը ընտրատեղամաս է, որտեղ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն է քվեարկում։ Երեւի ուզո՞ւմ են ավելի վստահելի մեկը լինի, որ աղուհացով դիմավորի նրան»։
Ցույցի մասնակիցներից հինգ հոգու հետ այս պահին քաղաքապետարանում փոխքաղաքապետի հետ հանդիպման են՝ խնդիրը քննարկելու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ