Իրանի և Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի միջև 2015-ին ստորագրված միջուկային գործարքի (ՀԳՀԾ) վերակենդանացման շուրջ ընթացող երկամսյա գաղտնի ու բացահայտ բանակցությունների, տեսակցությունների և մեդիադաշտում կողմերի միջև քարոզչության ու հակաքարոզչության պայքարի ֆոնին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի Իրան կատարած այցից ու միջուկային օբյեկտները վերահսկելու կապակցությամբ Իրանի հետ ձեռք բերված կիսատ պայմանավորվածությունից, իսկ դրան հաջորդող օրերին ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հակասական և Իրանին վշտացնող հայտարարություններից հետո, վերջապես ԻԻՀ ընտրեց ավելի վաղ մշակված ու հայտարարված իր քաղաքական և ռազմավարական ուղին և մարտի 27-ին, Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարներն Թեհրանում տեղի ունեցած պաշտոնական արարողակարգի ժամանակ ստորագրեցին համապարփակ համագործակցության մասին 25 ամյա ժամկետով փաստաթուղթը:
Այս փաստաթղթում ներառված են տարբեր ոլորտներ և ամբողջական ճանապարհային քարտեզ: Այն ունի քաղաքական, ռազմավարական ու տնտեսական և մասնավորաբար էներգամատակարարման անվտանգության ապահովման դրույթներ:
ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց ի վեր Իրանը տարբեր ձևերով ու մեսիջներով փորձեց Վաշինգտոնին հասկացնել և համոզել՝ վերադառնալ ՀԳՀԾ, քանի որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր ընտրական քարոզչական արշավներում և Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, անգամներ ընդգծել էր ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ: Սակայն, Իրանին միայն խոստումները բավարար չեին և տնտեսական ծանր պայմաններում հայտնված Իրանը, կորոնավիրուսի պանդեմիայի, հասարակական ճնշման և մոտալուտ նախագահական ընտրությունների շեմին խիստ կարիք ունի ֆինանսական միջոցների և նավթի ու գազի վաճառման գումարային հասույթների՝ երկրի տնտեսական ծանր իրավիճակը մասամբ մեղմելու և հետագա անակնկալ աշխարհաքաղաքական զարգացումները կարգավորելու համար:
Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթղթի ստորագրման նախորդ օրը մարտի 26-ին, միտումնավոր և կանխամտածված քայլով, որպես ուղերձ ՀԳՀԾ-ն ստորագրող արևմտյան երկրներին (Ֆրանսիա, Գերմանիա և Բրիտանիա) ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Թվիթերում արած գրառման մեջ արձագանքելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան երկրների պաշտոնյաների հայտարարություններին, նշել է. «ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս աղավաղված են ներկայացվել և փորձ է արվել փոխել անմեղի ու մեղավորի տեղերը»:
Կարդացեք նաև
Մոհամադ Ջավադ Զարիֆի այս նկատառումը վկայում է այն մասին, որ Իրանի իշխանությունները համոզված են, թե ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի ընդհանուր դիրքորոշումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Եվրոպան, ԱՄՆ-ից անկախ որոշում կայացնելու կամք չունի և նույնիսկ հավատարիմ չէ նրան, ինչն անվանում է «համաշխարհային դիվանագիտության ձեռքբերում» և ի վիճակի չէ վերակենդանացնել ՀԳՀԾ-ն՝ ԱՄՆ-ի կամքից անկախ:
Հատկանշական է, որ ԱՄՆ-Իրան առճակատման ֆոնին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու արդյունքում, Իրանը 5 փուլով կրճատեց միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Սակայն, Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ եթե բոլոր կողմերը (5+1 խումբը) վերադառնան միջուկային համաձայնագիր և կատարեն իրենց ստանձնած պարտավորություններն և չեղարկեն Իրանի դեմ սահմանված նախկին և Դոնալդ Թրամփի իշխանության ժամանակ հավելված պատժամիջոցները և ապահովվեն Իրանի տնտեսական շահերը, Իրանը նույնպես կվերադառնա իր միջուկային պարտավորությունների լիարժեք գործադրմանը:
ՀԳՀԾ անդամ եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների հետ վերջերս կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման հարցում «գնդակն Իրանի դաշտում է», հավելելով, որ Վաշինգտոնն ու Եվրոպական եռյակը համաձայնագրի ապագայի հարցում համամիտ են, սակայն Իրանը նախընտրել է չհամագործակցել: Սա բխում է այն բանից երբ Իրանի իսլամական խորհրդարանը որոշում ընդունեց ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ հոդվածների համաձայն, քայլ առ քայլ նվազեցնելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, որպեսզի հավասարակշռություն ստեղծի իր իրավունքների ու պարտավորությունների միջև: Թեհրանը նաև նախաձեռնեց ուրանի հարստացման և բալիստիկական հրթիռների զարգացման գործունեությունը ինչը շարունակվում է մինչ այժմ: Այնուհետև Թեհրանը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու և իր պարտավորությունները կատարելու համար նոր պայմաններ ու պահանջներ չի ընդունելու:
ՀԳՀԾ-ի վերակենդանացումը ուղղակիորեն առնչվում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականության հետ և հարկադրական քայլերը չեն կարող իրավիճակը փոխել հօգուտ նրանց: Իսկ Իրանը շարունակելու է շարժվել ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր անփոփոխ քաղաքականության ուղղությամբ, սա նաև Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի դիրքորոշումն է ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ, որն իր ելույթներում բազմիցս հայտարարել և պնդել է իր հակաամերիկյան մոտեցումների վրա և ընդգծել, որ Արևմուտքին փոխարինելու Իրանի իսլամական համակարգի տարբերակը արևելյան ուժերի մասնավորապես Չինաստանի հետ փոխգործակցության և համագործակցության բազմակողմանի և բազմաոլորտ զարգացումն է:
Առ ի հիշեցում պետք է նշել, որ Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 2016 թ. հունվարին Չինաստանի նախագահ Սի Զզինպինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով որոշ երկրների, հատկապես՝ Միացյալ Նահանգների ճնշող քաղաքականությանը և այլ երկրների հետ անվստահելի համագործակցությանը, հավելել էր.«Այս իրավիճակի հետևանքով, անկախ երկրները փորձում են իրար հետ ավելի շատ համագործակցություն ունենալ: Անկասկած՝ Իրանի գերագույն առաջնորդը նկատի ուներ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը և անվստահելի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի վերաբերյալ:
Այս ամբողջ զարգացումների համատեքստում և Իրան-ԱՄՆ, Իրան-ԵՄ, Իրան-Ռուսաստան-Չինաստան և այլ բազմաթիվ աշխարհաքաղաքական ու տնտեսական հարաբերությունների փոփոխությունների ընդհանուր զարգացումների ու վերադասավորումների հարթակում, վերջապես մարտի 27-ին Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի ներկայությամբ պաշտոնապես ստորագրվեց երկու երկրների միջև՝ ռազմավարական հարաբերություններն զարգացնելու ուղղությամբ 25 ամյա փաստաթուղթը:
Չնայած փաստաթղթի բովանդակությունը և կողմերի միջև կայացած պայմանավորվածությունների մանրամասները չեն հրապարակվել, որը ըստ շատ փորձագետների լիովին ապահովում է Պեկինի շահերը, սակայն իրանցի փորձագետները և Իրանի կառավարությունը պնդում են, որ Իրանն ու Չինաստանը ընդլայնել են իրենց հարաբերությունները երեք մակարդակներում՝ «քաղաքական-տնտեսական», «անվտանգության պաշտպանություն» և «աշխարհաքաղաքական-ռազմավարական»: Իսկ համագործակցության 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է այս գործընթացն ավարտին հասցնելու համար: Երկարաժամկետ համագործակցության մասին համապարփակ փաստաթղթի ստորագրումը ռազմավարական նշանակություն ունի այս տեսանկյունից:
Ինչպես ենթադրվում էր ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու և նոր համաձայնության գալու վերաբերյալ Թեհրանի չափավոր իշխանության և Վաշինգտոնի նոր վարչակազմի կողմից տարած ջանքերն վերջին երկու ամիսների ընթացքում ապարդյուն անցնելուց հետո և Համատեղ գործունեության համապարփակ ծրագրի անարդյունավետությունը, ի վերջո հանգեց Պեկին-Թեհրան համագործակցության առանցքի ձևավորումը տարածաշրջանում:
Հարաբերությունների այս մակարդակը վկայում է, ըստ էության տարածաշրջանային փոխհարաբերությունների և Չինաստանին Իրանի էներգետիկայի մատակարարման ու Չինաստանից նոր տեխնոլոգիաներ ներմուծելու ռազմավարական փոփոխությունների մասին:
Սակայն սա խնդրի մի կողմն է, որի հետևում թաքնված է նաև ԱՄՆ-Չինաստան ռազմավարական և առևտրական փոխգործակցության ու պրոքսի մրցակցության և խաղաղ օվկիանոսի արևմտյան ափի արդյունաբերական երկրների և զարգացող տնտեսությունների շուրջ ընթացող բազմաշերտ ու բարդ պայքարի ամբողջ համապատկերը:
ԱՄՆ-ի հետ առևտրային և մաքսային պայքարի շրջանակում Չինաստանը փորձում է Հարավային Չինաստանի ծովում դեպի Հնդկական օվկիանոս և Խաղաղ օվկիանոս բաց պահել իր առևտրական նավատորմի երթուղիները, ինչը ուղղակիորեն վերահսկվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հզոր ռազմական նավատորմի կողմից: Չինաստանը Ճապոնիայից հետո աշխարհի երրորդ տնտեսությունն է կազմում, որի արդյունաբերական արտադրանքի մեկ քառորդն արտահանվում են Միացյալ Նահանգներ, և այսպես Չինաստանի տնտեսությունը խիստ կապված է ԱՄՆ-ի սպառողական շուկաներին, իսկ Չինաստանից դեպի ԱՄՆ և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Աֆրիկայի մայրցամաքի երկրների շուկաների ծովային և օվկիանոսային նավագնացության ուղիներն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի ծովուժի կողմից:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ԱՄՆ Ազգային անվտանգության փաստաթղթի հրապարակմամբ՝ 2017 թվականից ի վեր Պեկինը ԱՄՆ տնտեսական ճնշման թիրախում է հայտնվել: Այս ճնշումներն ի սկզբանե ուներ տնտեսական բնույթ, բայց հետզհետե ավելանում էին անվտանգության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին Հոնկոնգի ինքնավարությունը, Սինցզյան նահանգի ույղուր փոքրամասնության հարցը և Պեկինի տարածքային պահանջները Հարավչինական ծովում հատկապես Թայվանի ինքնիշխանության ճանաչման հարցը:
Այսպես պարզ է դառնում, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների սրման ֆոնին Միացյալ նահանգները կարող է արգելել Չինաստանի առևտրական նավերի ազատ երթևեկությունը ազատ ջրերում և սա կնշանակի տնտեսական աղետ Չինաստանի նման հզոր տնտեսական երկրի համար, որը դեռևս չունի ԱՄՆ-ին հավասարվող ռազմական հզոր նավատորմ:
Հետևաբար, Չինաստանը մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի նավթարդյունաբերող երկրների շուկաներին հասանելիություն ունենալու և իր էներգետիկ անհագ կարիքները ապահովելու նպատակով պետք է նոր դաշնակիցներ գտնի Պարսից ծոցի տարածաշրջանում: Սա Չինաստանի համար կենսական նշանակություն ունի, քանի որ ներկայումս ԱՄՆ-ը կրճատելով իր նավթային ներկրումը Պարսից ծոցի երկրներից արդեն զարկ է տվել սեփական նավթային պաշարների օգտագործմանը և նավթարդյունաբերությանը և ներկայումս ԱՄՆ-ը և Կանադան նավթ ու էներգակիրներ են արտահանում Ճապոնիա և Չինաստան:
Չինաստանը իր արևելյան նահանգների էներգետիկ պահանջները բավարարելու և այդ շրջանների արդյունաբերությունը զարգացնելու համար, որոնք ի դեպ, տնտեսական առումով բավականին հետամնաց տարածքներ են համարվում այդ երկրում, կարիք ունի հուսալի և էժան նավթային և էներգետիկ պաշարների և դա հնարավոր է միայն ապահովել Իրանից, դեպի Պակիստան և Չինաստանի արևելյան նահանգները,նավթագազային տարանցիկ խողովակաշարի կառուցման միջոցով:
Իրանը նույնպես հայտնվելով տնտեսական ծանր պայմաններում և չկարողանալով վերակենդանացնել ՀԳՀԾ-ն ինչը նրան զրկում է արևմտյան զարգացած տեխնոլոգիաներից ու Եվրոպական երկրների էներգետիկ շուկայից դիմել է Չինաստանին իր նավթարդյունաբերությունը զարգացնելու և քայքայված տնտեսությունը փրկելու համար: Իսկ չպետք է մոռանալ, որ առաջիկայում անխուսափելիորեն Խաղաղ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի տարածաշրջաններում բախվելու են Չինաստանի և ԱՄՆ-ի շահերը, ինչը կհանգի երկու մեծ տերությունների աշխարհաքաղաքական և ռազմական մրցակցությանը, որից կարող են տուժել ինչպես Իրանն է ասում անկախ երկրները: Սակայն, այս մրցակցության ֆոնին Խաղաղ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի զարգացած և զարգացող տնտեսություններով երկրները, վերջ ի վերջո պետք է ընտրեն իրենց ուղին և դաշնակիցներին: Իսկ, Իրանի պարագայում, կարծես թե, Թեհրանի իշխանությունները արդեն որոշում են կայացրել բռնել արևելյան ուղին և 25 ամյա ժամկետով Չինաստանի հետ ստորագրված համագործակցության փաստաթուղթը վկայում է դրա մասին:
Չինաստանի տեսակետից էներգակիրների փոխանակման և ապրանքաշրջանառության առումով՝ ԱՄՆ-ի թշնամի Իրանը վստահելի տարանցիկ ճանապարհ է Կասպից ծովի և Պարսից ծոցի և Օմանի ծովի միջև և հենց այս առանձնահատկությունն ավելի հետաքրքրիր է դարձնում նրա դերը Չինաստանի ռազմավարական շահերի ապահովման դիտանկյունից: Վերջում նշենք, որ Իրան-Չինաստան համագործակցության երկարաժամկետ փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում տնտեսական և էներգետիկ մատակարարման անվտանգության ապահովման ոլորտին, որը փաստաթղթի հիմնական առանցքն է և Իրանի մասնակցությունը Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» գաղափարին, որը ամրագրվել է «Մետաքսի ճանապարհ» ուղու կառուցման առարկայական տեսքով Չինաստանի արևելք-արևմուտք առևտրական ռազմավարության հայեցակարգում, որում առանցքային տեղ ու դեր ունի Իրանը:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրան, Թեհրան