«Չեմ մեկնաբանում։ Դա իշխանության կարծիքը չի։ Ես ծանոթ չեմ հարցազրույցին։ Իմ համար հայոց ամբողջ լեռնաշխարհն իմ հայրենիքն է։ Ծնողներս Կարսից են, տուն էլ ունենք այնտեղ։ Դա էլ է իմ հայրենիքը, չնայած հիմա Թուրքիայի տարածքում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «Քարվաճառը մերը չէր» հայտարարությանը։
Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ես Աղդամն էլ եմ համարում իմ հայրենիքը, որովհետեւ պապերիս պապերն այդտեղ են ապրել, որովհետեւ իմ եկեղեցիներն այդտեղ են։ Իմ ասածն էլ իր հերթին զգացմունքային հայ մարդու արտահայտություն է։ Գուցե միջազգային քաղաքական դաշտից ինչ-որ մեկն ինձ մոտենա ու ասի, թե ինչու եմ նման բան ասում, չէ՞ որ Կարսը Թուրքիայի տարածքն է։ Բայց ես ասում եմ այն, ինչ զգում եմ որպես մարդ՝ հայ մարդ։ Իշխանության պաշտոնական դիրքորոշումը գիտեք, թե ով եւ ինչպես է հայտնում։ Ուստի պատգամավորներից մեկի բառակապակցությունը բռնել ու․․․ոչ, դա մեր պաշտոնական դիրքորոշումը չէ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ