ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, երբ լսեց հարցադրում այն մասին, որ շատերի կարծիքով՝ գուցե Ռոբերտ Քոչարյանն ապագայում փոխարինի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, նախ քմծիծաղ տվեց։ «Շատ են խոսում այն մարդիկ, որոնց թվում է, թե շատ խոսելով` կկարողանան գումար աշխատել կամ աշխատում են։ Ինձ չի հետաքրքրում երկրորդ, երրորդ, առաջին նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց վարկանիշը, այլ հետաքրքրում է այն 42%-ը, որը հիասթափված է քաղաքականությունից եւ չի ուզում որեւէ մեկին սատարի»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
«Իսկ մնացածը․․․գնացեք մոտակա գյուղը, մարզը եւ ձեր ասած անձի անունը տվեք։ Բայց խորհուրդ կտամ մեքենայի շարժիչը չանջատել այդ անունը տալիս։ Երբ նրանք ունեցել են իշխանական լծակներ, անգամ այդ ժամանակ չեն կարողացել ընտրություններ հաղթել, այնպես որ՝ թող իրենք իրենց հույս տան»,-դիմեց Ալեն Սիմոնյանը լրագրողներից մեկին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ