Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է. «Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում էր Հայրենիքի զարգացման ու զորացման, աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների միավորման ու միասնականության ամրապնդման, երիտասարդության հայեցի դաստիարակության և հայրենադարձության վեհ գործին:
Մեծ ճանաչում ունենալով Հայրենիքում և Սփյուռքում՝ նա իրականացնում էր ազգանպաստ գործունեություն, անում էր հնարավորն Արցախի միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ՝ իր անուրանալի ավանդը բերելով այստեղ բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը:
Կարո Քաբաբջյանն արժանիորեն վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Նրա հայրենանվեր ջանքերը բարձր են գնահատվել: Արցախին մատուցած ծառայությունների համար Կարո Քաբաբջյանն արժանացել է պետական բարձր պարգևների:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին ու հազարավոր սաներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:
Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:
«Հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով»,- վստահ էր Կարո Քաբաբջյանը»։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ